Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնում երեք ռեկորդ է սահմանել

Haberler.Com կայքի փոխանցմամբ` Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն իր նախագահության 7-ամյա ժամկետի ժամանակ սահմանել է 3 ռեկորդ: Խոսքը գնում է Թուրքիայի նախագահի համար ամենաշատ երկրներ այցելելու, օտարազգի գործընկերների հետ ամենաշատ հանդիպումներ ունենալու և երկրի ներսում ամենաշատ այցեր կատարելու մասին:

2007 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահ դառնալուց հետո Աբդուլլահ Գյուլին հաջողվել է անել ավելին, քան` Թուրքիայի նախկին մի քանի նախագահի միասին վերցրած: Գյուլն այդ 7 տարում ձեռնարկել է արտասահմանյան 110 այց` գտնվելով 84 երկրում:

Գյուլն ամենաշատն այցելել է Ղազախստան` 5 անգամ, ապա գալիս են Եգիպտոսը, Թուրքմենստանն ու ԱՄՆ-ը (4-ական անգամ): Գյուլը հանդիսացել է աֆրիկյան բազմաթիվ երկրներ այցելած Թուրքիայի առաջին նախագահը: Գյուլը բազմաթիվ այցեր իրականացրել է գործարարների ուղեկցությամբ:

Մասնավորապես, Գյուլը գործարարների հետ այցելել է Ադրբեջան, Պակիստան, Վրաստան, Ռումինիա, Կատար, Սիրիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Գերմանիա, Թուրքմենստան, Ռուսաստան, Քենիա, Իրաք, Իրան, Բահրեյն, Չինաստան, Հորդանան, Ալբանիա, Մոնտենեգրո, Դանիա, Քուվեյթ, Հնդկաստան, Օման, Շվեյցարիա, Իտալիա, Շվեդիա, Եգիպտոս, Թունիս, Նիդերլանդներ:

Այդ 7 տարվա ընթացքում Գյուլն ընդունել է մոտ 500 օտարազգի հյուրի, որոնցից 116-ը պետության ղեկավարներ են: Գյուլն ամենաշատը հյուրընկալել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային և Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին:

Գյուլի ուշադրությունից դուրս չի մնացել նաև երկրի տարածքը: Ցայժմ նա այցելել է երկրի 76 քաղաք: Ընդգծվում է, որ Գյուլը «Չանքայա» նախագահական նստավայրի դռները բացել է ժողովրդի առջև` քաղաքացիների խնդիրները լսելու համար և դրանով իսկ շարունակել է Աթաթուրքի ավանդույթները:

Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերն իր նախագահության 7-ամյա ժամկետում (2000-2007թթ.) իրականացրել է արտասահմանյան 48 այց, իսկ Թուրքիայի 9-րդ (1993-2000թթ.) նախագահ Սուլեյման Դեմիրելը` արտասահմանյան 125 այց (57 երկիր): Թուրգութ Օզալի (1989-1993թթ.) ցուցանիշը կազմել է 40 այց և 29 երկիր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ թուրքական մամուլը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վարչապետի պաշտոնում իր 11-ամյա պաշտոնավարման ժամանակ կատարել է 305 արտասահմանյան այց՝ գտնվելով 5 մայրցամաքի 93 երկրում և հաղթահարելով 2.150.000 կիլոմետր ճանապարհ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս