
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որդեգրած բանաձևը

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին: Այս առիթով Միջեկեղեցական խորհուրդը նամակ ուղղեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանք փոխանցելով նրան և հանձնաժողովի անդամներին:
Նամակում մասնավորապես կարևորվում է Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցի սեմին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նման բանաձևի որդեգրումը և ընդգծվում, որ այն խթան կլինի աշխարհում խաղաղության հաստատման, մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման եւ դատապարտման գործում:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին