Թուրքիային տհաճ է ԱՄՆ-ի քայլը. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Թուրքիան, ինչպես և սպասվում էր, բավական բուռն ընդունեց նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Հիշեցնենք, նախօրեին վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովր 12 «կողմ», 5«դեմ» ձայների հարաբերակցությամբ ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև է ընդունել։ Թուրքական լրատվամիջոցներում երեկ մեկը մյուսի հետևից տարատեսակ մեկնաբանություններ էին հայտնվում բանաձևի ընդունման գործընթացի մասին, իսկ օրվա երկրորդ կեսին Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց՝ դատապարտելով բանաձևի ընդունումը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, թե անընդունելի է «պատմական ու իրավական բնույթի հարցերը քաղաքական հարթություն տեղափոխելը» և հիշեցրել, որ Հայաստանին առաջարկել են տվյալ հարցի շուրջ ձևավորել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ ընդգծելով, որ դրա ստեղծման առաջարկը դեռևս ուժի մեջ է։ Մինչ այդ, Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, անդրադառնալով թեմային, թուրք լրագրողներին հայտնել է, որ իրենց հաճելի չէ նման բանաձևի ընդունումը։ «99 տարի առաջ Ամերիկայից շատ հեռու մի վայրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց շուրջ գիտական աշխատանքներ չեն իրականացվել, և մենք պնդում ենք, որ նման բան տեղի չի ունեցել։ Եվ սա այսօր ԱՄՆ-ի ներքաղաքական քննարկման նյութ դարձնելը հաճելի չէ»,– ասել է նա։ Թուրքական մամուլը ներկայացրել նաև բանաձևի գործրնթացի կուլիսային որոշ մանրամասներ։ Մասնավորապես, todayszaman.com պարբերականը հայտնում է, որ բանաձևի ընդունումից առաջ Անկարան ջանացել է միջամտել դրա ընդունման ընթացքին։ Պարզվում է, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մինչ բանաձևը կդրվեր քվեարկության, հեռախոսազրույց է ունեցել Միացյալ նահանգների և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ և մտահոգություն հայտնել։ «Թուրքիայի կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Թուրքիային անհանգստացնող նախաձեռնությունների դեմ։ Մենք հույս ունենք, որ նրանք դա չեն ընդունի», – երեկ ասել Է Դավաթօղլուն մի խումբ թուրք լրագրողների հետ զրույցում՝ նկատի ունենալով Սենատի լիագումար նիստում բանաձևն ընդունելու հեռանկարը։ Ինչևէ, չնայած Թուրքիայի գործադրած բոլոր ջան քերին, բանաձևը ընդունվել է, որից հետո հրապարակվել են թուրքական քննադատող հայտարարություններ։ «Մենք դատապարտում ենք այս բանաձևը, որը թուրք ազգին մեղադրում է չգործած հանցանքի մեջ։ Վաշինգտոնամ մեր դեսպան Նամըք Թանը այս զարգացումների շրջանակում երեկոյան կանչվել Է Անկարա խորհրդակցության համար»,– ասել է թուրք քաղաքական գործիչներից մեկը։ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ մեր զրույցում ասաց, որ Թուրքիայի նման արձագանքը լրիվ սպասելի էր, իսկ հայկական կողմը հիմա պետք է շարունակի նույն կերպ աշխատել և փորձի «հնարավորինս մեծ թվով սենատորներ ապահովել, ովքեր կողմ կքվեարկեն, երբ բանաձևը քննարկման դրվի արդեն Սենատի լիագումար նիստի օրակարգում»։ «Այս անգամ հանձնաժողովի ձայների այս հարաբերակցությամբ բանաձևի ընդունումը լավատես լինելու հիմք է տալիս»,– ասաց Մանոյանը հավելելով, որ հիմա առավել քան երբևէ պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ։ Հարցին, թե նման բանաձևի հաջող ընթացքը ինչպե՞ս կազդի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա և հնարավո՞ր է այս տարի Օբաման արտաբերի «ցեղասպանություն« բառը, Մանոյանը պատասխանեց. «Բանաձևի հաջող ընթացքը բնականաբար կազդի Սպիտակ տան վրա, բայց սա չի նշանակում, որ Սպիտակ տունը ավտոմատ ձևով կենթարկվի Սենատի բանաձևին»։ Իսկ ինչ վերաբերում է Օբամայի՝ «Ցեղասպանություն» բառը ասելուն, ապա դժվար է եզրակացություն անել։ Կան հարցեր որոնք ուղղակիորեն այդ խնդրի հետ կապված չեն»,-ասաց Մանոյանը։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում