
G7-ի գագաթաժողովը Սոչիի փոխարեն կանցկացվի Բրյուսելում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական խորհուրդը որոշել է, որ «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները հանդիպելու են հունիսի 4-5-ին, Բրյուսելում: Նախապես պլանավորված էր այդ գագաթաժողովն անցկացնել Ռուսաստանի Սոչի քաղաքում, սակայն ավելի ուշ հանդիպման վայրն ու ձևաչափը ենթարկվեցին փոփոխման:
Դա տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո, ինչից հետո արևմտյան երկրների առաջնորդները Ռուսաստանը բացառեցին «Մեծ ութնյակի» կազմից: Բրյուսելյան գագաթաժողովին մասնակցելու են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Ճապոնիայի առաջնորդները:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն նույնպես պլանավորել են մասնակցել այդ հանդիպմանը: