Երազանքի և մղձավանջի արանքում. «ՀԺ»

«ՀԺ»-ն գում է. Քաղաքական կուլիսներում տագնապալի լուրեր են պտտվում հարևան Վրաստանի մասին։ Ասում են, ընդ որում հավաստի և վստահելի աղբյուրներն են ասում, այդ երկրի գործող ղեկավար եռյակը ծայրահեղ լարված հարաբերություններ ունի։ Վերջին տեղեկությունների համաձայն, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդհանրապես չեն շփվում իրար հետ և նույնիսկ բարև-բարլուս չունեն։ Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին էլ, իր հերթին, լարված հարաբերություններ ունի թե վարչապետի և թե նախագահի հետ։ Երկրի պետական համակարգը, իհարկե, զգում է այս ամենը. լարումը փոխանցվում է ներքևներին. ինտրիգների և բամբասանքների հսկայական դաշտ է գոյանում։ Այս իրավիճակը, որքան էլ տրիվիալ հնչի, բավականաչափ կանխատեսելի էր։ Իշխանական վերնախավի հակասությունների պատճառներն էլ ոչ թե անձնական են, այլ քաղաքական։ Հիմա, օրինակ, Հայաստանում քանի՞ հոգի գիտի Վրաստանի նախագահի անունը։ Համոզված ենք՝ շատ քչերը։ Էլ չենք խոսում վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի մասին։ Փոխարենը յուրաքանչյուր Հայաստանցի գիտի Բիձինա Իվանիշվիլի անունը, ով վերջին տարիներին Վրաստանի քաղաքական գործընթացների հիմնական դերակատարն է։ Ու ստացվել է մի իրավիճակ, որ Վրաստանի ժողովրդի վստահության քվեն ստացած Իվանիշվիլին հիմա ընդհանրապես պետական ոչ մի պաշտոն չի վարում։ Խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը «Վրացական երազանքին» ձայն է տվել, որովհետև այն առաջնորդել է Բիձինա Իվանիշվիլին, Մարգվելաշվիլիին նախագահ է ընտրել որովհետև նրա թեկնածությանը պաշտպանել է Իվանիշվիլին, Ղարիբաշվիլին վարչապետ է, որովհետև նրան այդ պաշտոնում նշանակել է Իվանիշվիլին։ Ժողովուրդը, փաստորեն, պետական կառավարման լիազորություններով օժտել է Իվանիշվիլիին, բայց վերջինս հիմա պետական համակարգում ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, նա հեռացել է պետական կառավարման համակարգից, և ստացվում է՝ գործող պետական կառավարման համակարգը չունի բավարար լեգիտիմություն, չունի վստահության քվե, որովհետև ժողովուրդը վստահության քվեն տվել է Իվանիշվիլիին, իսկ նա վերցրել է այդ վստահության քվեն և հեռացել պետական կաոավարման համակարգից՝ իր հետ, փաստորեն, տանելով նրա լեգիտիմությունը։

Հիմա, փաստացի, ոչ ոք լուրջ չի կարող վերաբերվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, որովհետև նա մի մարդ է, որ Իվանիշվիլիի մոտ նախագահ է աշխատում և քաղաքական կարգավիճակով զիջում է նրան։ Նույնը վերաբերում է նաև վարչապետ Ղարիբաշվիլիին և խորհրդարանի խոսնակ Ուսուպաշվիլիին։ Այստեղ պրոբլեմը վերը նշված անձերը չեն, այլ պետությունն ու պետական համակարգը։ Պատկերացրեք պետության մեջ կա մի անձ կամ ինստիտուտ, որ ավելի ծանրակշիռ է, քան նախագահն ու կառավարությունը, խորհրդարանն ու տեղական ինքնակառավարման համակարգը։ Այս պայմաններում պետությանը բնականոն զարգանալ չի կարոդ, որովհետև ինստիտուցիոնալ խզում Է առաջացել ժողովրդի, իշխանության ձևավորելու նրա իրավունքի և գործող իշխանության միջև։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս