Ժողովրդին կփոխարինեն Նորքի Բլոն, Սարի թաղի Մկոն, Արտաշատի Սքոն. «Առավոտ»
«ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ Սահմանադրական բարեփոխումների համար պետք է քաղաքական ուժերից հայտեր լինեին, քննարկեին: Բայց մի երկու հոգի որոշեցին ու հայեցակարգ ներկայացրին»,- գրում է «Առավոտ» թերթը: Ըստ Հայրիկյանի, գործող Սահմանադրության հիմքում մարդն ու քաղաքացին են, իսկ նոր փոփոխությունները պետական համակարգի փոփոխություններ են, որտեղ մարդն ու քաղաքացին տեղ չունեն. «Ֆրանսիայի պես երկիրը չորս տարով ընտրվող նախագահից հրաժարվում է, իսկ Հայաստանում առաջարկում են յոթ տարով ու մեկ անգամ ընտրվող նախագահի պաշտոն: Ու ամենակարևորը չի երևում մի փոփոխություն, որ արված լինի քաղաքացու իրավունքներն ընդլայնելու կամ ամրագրելու համար: Հայաստանը ժողովրդավարական հանրապետություն է իրեն հռչակել և ամեն մի բարեփոխում պետք է ուղղված լինի ժողովրդավարության ամրապնդմանը: Հիմա Ժողովուրդը մասնակցում է նախագահի և Խորհրդարանի ընտրություններին, բայց սրանց առաջարկած փոփոխություններով 50 % -ով կիսվում է ժողովրդավարությունը: Ժողովրդի մասնակցությունը հանվում է, դրան փոխարինելու են գալիս թաղի տղերքը՝ Նորքի Բլոն, Սարի թաղի Մկոն, Արտաշատի Սքոն, հավաքվում են, խցկվում խորհրդարան, հետո թքում, բքում ու որոշում՝ ում ընտրեն յոթ տարով նախագահ, ում դնեն վարչապետ, բա դա խուժանություն չէ՞, բա ժողովո՞ւրդը: Այս փոփոխություններով ժողովրդին ասում են՝ տեղդ վեր ընկիր ու շնորհակալ եղիր, որ հինգ տարին մեկ թողնում ենք թպրտաս»,- ըստ «Առավոտի», ասել է Պ. Հայրիկյանը:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։