Բաժիններ՝

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարները հայտնվել են «սալի և մուրճի» արանքում. Կարեն Վարդանյան

Սահմանադրական դատարանի վճռից հետո դրա հակասական մեկնաբանությունների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարները հայտնվել են «սալի և մուրճի» արանքում: Նրանց աշխատակիցները համատարած դիմումներ են ներկայացնում աշխատավարձից կենսաթոշակային 5 % վճարները չգանձելու վերաբերյալ, իսկ քանի որ օրենքով գործատուն է պատասխանատու գումարները գանձելու և փոխանցելու համար, ապա օրենքի պահանջը չկատարելը հանգեցնելու է պատասխանատվության: Խնդիրն այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած հավաք-քննարկման օրակարգում էր, որին մասնակցում էին ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ՍԴ որոշումն ու մեկնաբանությունները խառնաշփոթ են ստեղծել, բայց դրանք միայն գործիքներ են, և այս իրադրությունում կարևոր է միասնական ուժ ցուցաբերելը. «Ցավոք, մեր երկրում շատ ավելի ազդեցիկ են կազմակերպված գործողությունները, քան օրենքի գործողությունը»: Ըստ նրա՝ քաղաքացիների անձնական գումարները ոչ մեկը չի կարող տնօրինել, և, եթե իրենց աշխատակիցների դիմումների հիման վրա ընկերությունները համախմբված չկատարեն կուտակային վճարումները, ապա պետությունն ամբողջ ոլորտի ընկերությունների հաշիվները չի փակի. «Որոշ փոքր ընկերությունների հաշիվները կարող է սառեցնել, բայց ամբողջ ոլորտի դեմ չի գնա: Մենք ավելի դիվային ենք պատկերացնում պետությանը, քան այն կա»:

«X Art» ընկերության ներկայացուցիչ Լուսինե Վաթյանը նշեց, որ դեպոզիտարիայում արդեն չեն ընդունում դիմումները և պահանջում են գումարը փոխանցել: Նա հարց բարձրացրեց՝ վճարելու դեպքում արդյոք պետության շահերի խախտում չի՞ լինի, երբ սեպտեմբերի 30-ից հետո բոլորն իրենց գումարները ետ պահանջեն, քանի որ ՍԴ որոշմամբ՝ վերահաշվարկ պետք է կատարվի:

«Սփյուռ տեղեկատվական համակարգ» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանի կարծիքով՝ միասնական լինելու գաղափարը ճիշտ է. «Մենք պետք է որոշենք՝ միասնական չե՞նք վճարում, թե՞ վճարում ենք: Եթե մենք չենք ուզում, որ մեր աշխատողները երես թեքեն մեզնից, իրենց սեփականության խնդիրն է դրված, պետք է միասնական գործենք»:

Plexonic ընկերության հիմնադիր Գևորգ Սարգսյանի խոսքով՝ կա ՍԴ որոշման՝ կառավարության մեկնաբանությունը, և կա քաղաքացիների մեկնաբանությունը, որը պետք է պաշտպանել: Նա շեշտեց, որ խնդիրը նա է, որ բոլորը հասկանան, որ հնարավորություն կա չվճարելու հակասահմանադրական ճանաչված 5%-ը: Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում բոոր ընկերությունները պետք է աջակցեն մեկը մյուսին՝ թե´ լոբբինգի, թե´ ֆինանսական, և թե´ այլ առումներով:

«Քյուբիք ՋիԹիԷս Ինթերնեյշնլ» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Զմբլյանն առաջարկեց, քանի որ Սահմանադրության երաշխավորը ՀՀ նախագահն է, ապա պետք է ամբողջ ընկերությունների կամ միության անունից դիմել նախագահին: Միաժամանակ որոշվեց դիմել նաև ԱԺ նախագահին՝ պահանջելով կասեցնել պարտադիր դրույթը: Մասնակիցները համակարծիք էին, որ ՍԴ վճռում կարմիր թելով գնում է, որ մարդու իրավունքները չպետք է խախտվեն, և դրա վրա հիմնվելով պետք է պայքարը տանել:

«Մեկնաբանություններից պետք է զերծ մնալ: ՍԴ որոշման վրա հենվելն ավելի խոհեմ է, քան մեկնաբանությունների: Կա խրթին իրավիճակ: Պետք է դիմել ԱԺ, որ պարտադիր դրույթը հանվի: Ահաբեկված վիճակում բիզնեսը չի կարող աշխատել: Եվ մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև այս բողոքի ալիքը գալիս է մեր աշխատողներից»,- ասաց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ պետք է ԱԺ-ում հրավիրել լսումներ՝ դնելով սեղմ ժամկետներ, որովհետև բիզնեսին վնասում է:

Քննարկման մասնակիցները որոշեցին 1-շաբաթյա ժամկետում ամփոփել առաջարկներն ու նախապատրաստել դիմումները, որոնք ստորագրող ընկերությունները նաև կպարտավորվեն կարիքի դեպքում աջակցություն ցուցաբերել հարվածի տակ հայտնված ընկերություններին, եթե իշխանությունը գնա ծայրահեղ քայլերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս