Ազգային անհամաձայնության վարչապետը

Հայաստանի նոր վարչապետի հավանական թեկնածուների ցուցակը երեկ կրճատվեց՝ ընդհուպ հասնելով մեկի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան: Ամենակարևորը՝ այդ մասին առաջիններից մեկը հաղորդել է ռուսական «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով իր մերձիշխանական աղբյուրներին:

Համարյա՝ «от советского информбюро»… Պետք չէ պատահականություն համարել, որ «Ռեգնումը» չի մասնավորեցրել՝ ո՞ր երկրի մերձիշխանական աղբյուրներին: Հասկանալի է, որ դա ոչ թե տեխնիկական վրիպակ է, այլ քաղաքական ակնարկ այն մասին, որ Աբրահամյանի թեկնածությունն արժանացել է Կրեմլի հավանությանը կամ հակառակը՝ այնտեղից է հրահանգավորվել: Իհարկե, սա պետք չէ համարել վերջնական որոշում, քանի որ մինչև վարչապետի նշանակման վերջին պահը կարող է ամեն ինչ փոխվել: Սա Հայաստանն է:

Այդուհանդերձ, եթե այդ նշանակումը տեղի ունենա, ապա դա կլինի այն դեպքը, որի համար դժվար է գտնել ավելի լավ մեջբերում, քան Վիկտոր Չեռնոմիրդինի թևավոր խոսքը. «Ուզում էինք՝ ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ»: Այսինքն՝ Հայաստանում հերթական անգամ տեղի կունենա առանցքային պաշտոնյայի փոփոխություն, որը միանշանակորեն կլինի ավելի վատը, քան նախկինը: Անգամ Տիգրան Սարգսյանի ամենախիստ քննադատների համար նրան Աբրահամյանով փոխարինելը չի կարող դրական փոփոխություն համարվել:

Քանի որ, եթե Սարգսյանի վարչապետության շրջանում թվում էր, որ ավելի վատ չի կարող լինել, ապա Աբրահամյանի թեկնածության շրջանառությունը ցույց է տալիս, որ կարող է, այն էլ՝ որքան: Եթե Տ.Սարգսյանն ինտելեկտուալ շղարշով փորձում էր գոնե քողարկել իշխանական համակարգի քրեաօլիգարխիկ արատները, ապա Հ. Աբրահամյանը դա կարող է միայն ավելի ընդգծել, քանի որ այդ համակարգի հիմնասյուներից մեկն է:

Եթե Տ.Սարգսյանը գոնե փորձում էր ցույց տալ, որ ներքին պայքար է մղում մականունավորների, կիսագրագետների դեմ, ապա Աբրահամյանը կրծքով կպաշտպանի այդ  կոնտինգենտին հասարակության դեմ մղվող պայքարում…

Նախագահ Սերժ Սարգսյանը Տ. Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ նոր վարչապետը պետք է լինի «բոլորի համար ընդունելի»: Դատելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ «Ազատությանը» տված մեկնաբանություններից, «բոլորի համար ընդունելին» հենց Հ. Աբրահամյանն է:

Մնում է պարզել, թե ովքե՞ր են «բոլորը»:

Աբրահամյանն իսկապես ընդունելի է օլիգարխների մեծ մասի, կիսաքրեական աշխարհի ներկայացուցիչների ու, ամենակարևորը, ոչ իշխանական ուժերի համար:

Այսինքն՝ նա կարող է դառնալ «բոլորի վարչապետը», առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, ոչ պակաս՝ ՀՅԴ-ի, ընդհանուր առմամբ՝ ՀԱԿ-ի, մասնակիորեն՝ «Ժառանգության» համար: Անգամ պարտադիր չէ, որ նշված ուժերը ֆորմալ առումով մաս կազմեն Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, որը կարող է դառնալ «ռուսական գծի» մեջ գտնվող բոլոր քաղաքական ուժերի «ներքին համաձայնության կառավարություն»՝ իրականում դառնալով «ազգային անհամաձայնության կառավարությունը»:

Քանի որ, եթե նման կառավարությունը կոչվի «ազգային համաձայնության», ապա քաղաքացիների մեծամասնությունը պետք է մտածի՝ ոչ միայն բնակության վայրը, այլև ծագումնաբանությունը փոխելու մասին: Այս պատմության մեջ, սակայն, ամենամեծ հարցն այն է, թե ի՞նչը կամ ո՞վ կարող է ստիպել Սերժ Սարգսյանին՝ Աբրահամյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Եթե այդ հարցի պատասխանն է՝ «Ռուսաստան», ապա դա նշանակում է՝ իշխանության առնվազն դանդաղ հանձնում: Եթե այդ հարցի պատասխանն է՝ «Ռոբերտ Քոչարյան», ապա կրկին նշանակում է նույնը:

Բացառված չէ, իհարկե, որ այս քայլով Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչ թե թուլանա, այլ ավելի ամրապնդվի՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասել՝ «երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների» ընդհանուր իշխանության տրամաբանության շրջանակներում: Այդ դեպքում Հովիկ Աբրահամյանը կարող է հավակնել ոչ միայն վարչապետի, այլև անգամ նախագահի պաշտոնին՝ շարունակելով կատարել կշեռքի իր դերը Քոչարյան-Սարգսյան տանդեմի միջև:  Չնայած կենդանակերպով նա Ջրհոս է:

 

Տեսանյութեր

Լրահոս