Բաժիններ՝

Չեչնիայում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել են նրա համար, որպեսզի Պուտինը դառնա ՌԴ նախագահ. Սաակաշվիլի

Ամերիկյան Foreign Policy պարբերականում ապրիլի 4-ին հրապարակած իր հոդվածում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ պատերազմը մոտենում է, և որ Ռուսաստանի խելագար թագավոր Վլադիմիր Պուտինն Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին ու Մոլդովային պատժում է ժողովրդավարական հասարակությունում ապրելու նրա ցանկության համար:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Արևմուտքը սխալ է մեկնաբանում Պուտինի ագրեսիան կամ էլ փնտրում է դրա արդարացումը, ինչը կարող է հետագայում հանգեցնել Ռուսաստանի ագրեսիվ գորոծղությունների, և Եվրոպան շուտով հարկադրված կլինի հայտարարել Մոլդովայի կամ Լատվիայի կորստյան, կամ էլ Լեհաստանի որևէ նահանգի կորստյան մասին:

Սաակաշվիլին կարծում է, որ Ղրիմի միացմամբ Ռուսաստանը դրեց ապօրինի աշխարհի ռուսական հարացույցի նոր հիմքը՝ գտնելով, որ Ուկրաինայի վերջին իրադարձություններն ընդհանրապես անսպասելի չէին և ոչ էլ դրամայի վերջին ակտն են:

Սաակաշվիլին զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի իրադարձությունների և Պուտինի նախկին քաղաքականության միջև՝ գրելով, որ Չեչնիայում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել են պարզապես նրա համար, որպեսզի Պուտինը դառնա նախագահ և ամրապնդի իր իշխանությունը.

«Հետագայում, երբ «գունավոր հեղափոխությունները» և մեր իրականացրած հաջող բարեփոխումները սպառնալիք դարձան նրա ղեկավարման համար, նա ներխուժեց Վրաստան: Պուտինն Ուկրաինայի վրա հարձակվեց և Ղրիմը գրավեց Ռուսաստանում իր համբավի անկման, «թերթաքարային հեղափոխության» և մերձավորարևելյան դաշնակիցներին մատակարարելու համար նավահանգիստներից օգտվելու անհրաժեշտության ֆոնին»:

Իր հոդվածի վերջում Սաակաշվիլին մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որոնք նա ասել է Սուդետյան ճգնաժամի ժամանակ՝ 1938 թվականի Մյունխենյան համաձայնագրից հետո: Այդ համաձայնագիրը ստորագրած Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենին հասցեագրած իր հայտարարությունում Չերշիլը նշել է.

«Ձեզ առաջարկեցին ընտրություն կատարել պատերազմի ու անպատվության միջև: Դուք ընտրեցիք անպատվությունը, և դուք կստանաք պատերազմ»: Սաակաշվիլին կարծում է, որ Արևմուտքը դեռ հնարավորություն ունի Ռուսաստանից պաշտպանելու Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, որպեսզի արևմտյան քաղաքական գործիչները չվերածվեն «21-րդ դարի չեմբեռլենների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս