Հայի վերջին խելքը. Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ

Հայաստանի նոր վարչապետը կլինի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդ մասին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղորդել է ռուսական REGNUM գործակալությունը՝ վկայակոչելով մերձիշխանական աղբյուրները:

Ինչպես ասում են՝ «очень символично»: Էլ ո՞վ պետք է հաղորդեր Հայաստանի նոր վարչապետի անունը, եթե ոչ՝ ռուսական կիսապաշտոնական գործակալությունը, որը, բացի տեղեկատվություն հաղորդելուց, երբեմն նաև Հայաստանի իշխանություններին ու իրավապահներին ցուցումներ է տալիս «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարելու հարցում:

Բնականաբար, այս տեղեկատվության հավաստիությանը պետք է վերաբերվել որոշակի վերապահումով: Դա կա՛մ տեղեկատվություն է, կա՛մ ռուսական իշխանության վերաբերմունքի արտահայտությունը, որը հավասար է ցուցումի:

Այսինքն՝ կա՛մ իսկապես արդեն Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելու քաղաքական որոշում է կայացվել, ոչ միայն կայացվել, այլ նաև՝ արդեն համաձայնեցվել է Կրեմլի հետ, ու ռուսական գործակալությունն ընդամենը հայտնում է այդ մասին, կա՛մ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս տատանվում է թեկնածուների միջև և REGNUM-ի միջոցով Ռուսաստանը հասկացնում է՝ կողմնորոշվել:

Բացի այդ, ռուսներն այսպիսով նաև աշխարհին ցույց են տալիս, որ այսուհետ ու այլևս Հայաստանում որևէ պաշտոնյայի նշանակողը կամ, ինչպես մեր իշխանական շրջանակներն են սիրում կրկնել՝ «ասողը» Վլադիմիր Պուտինն է: Չնայած, հազիվ թե աշխարհն այլ կարծիք ունի Հայաստանի մասին:

Եթե իսկապես Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետի պաշտոնում, ապա դա կարելի կլինի համարել Հայաստանում իշխանափոխության գործընթացի մեկնարկը: Այդպիսով, Սերժ Սարգսյանը կսկսի իշխանության հանձնումը, բնականաբար, ոչ թե Հովիկ Աբրահամյանին, այլ «հրաշալի քառյակին»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Դա տեղի կունենա մինչև 2018 թվակա՞նը, թե՞ ավելի վաղ, այս պահին դժվար է միանշանակ ասել: Սակայն, եթե անգամ Ս. Սարգսյանի նախագահությունը տևի մինչև «օրացուցային վերջին օրը», ապա Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ նրա նախագահությունը մոտավորապես նման կլինի Ռոբերտ Քոչարյանի նախագահությանը՝ 1999 թվականի մայիս-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հովիկ Աբրահամյանի նշանակումը կնշանավորի «հրաշալի քառյակի», Քոչարյանի ու  ռուսական գծի վերջնական հաղթանակը Հայաստանում: Արտաքին, էսթետիկական տեսանկյունից՝ այդ նշանակումը Սերժ Սարգսյանը կփորձի ներկայացնել որպես սեփական հաղթանակ՝ այն իմաստով, որ վարչապետ է նշանակում իր կուսակցության անդամին ու փոխնախագահին:

Բայց դա նույնն է թե՝ մխիթարվենք Հայաստանի զինանշանով ու համարենք, որ Հայաստանն անկախ պետություն է: Անկախ ամեն ինչից, Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը շատ խորհրդանշական ու նույնքան համարժեք քայլ կլինի:

Հովիկ Աբրահամյանը հայտնի է ինտելեկտի նկատմամբ ոչ այնքան ջերմ վերաբերմունքով: Ու լինելով ազնվագույն մարդ՝ նա իր այդ վերաբերմունքի մասին անկեղծորեն ասել է՝ մի առիթով հայտարարելով, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Շատերն այդ հայտարարությունն ընդունել էին՝ որպես կատակ, բայց արդեն այսօր կարելի է հաստատապես արձանագրել. դա Հովիկ Աբրահամյանի ամենալուրջ հայտարարությունն էր:

Դրա ճշմարտացիությունն ապացուցեց ոչ թե ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, այլ Հայաստանի քաղաքական դաշտի շարունակական ու հետևողական դեգրադացիան: Այսօր Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է ամեն ինչ, բացի խելքից: Ավելին՝ խելքը խիստ խանգարող հանգամանք կարող է դառնալ: Խելք ունենալ՝ նշանակում է՝ ունենալ որոշակի արժեքներ, դավանել որոշակի գաղափարների ու հետևել որոշակի սկզբունքների: Իսկ վերջիններս հայկական քաղաքականության համար հակացուցված են:

Հենց այդ իմաստով Հովիկ Աբրահամյանի նշանակումն ադեկվատ քայլ կդառնա: Եթե Հայաստանում քաղաքականության մեջ հաջողության հասնելու բանաձևը խելքի ոչ մեծ չափաբաժինն է, ապա հանուն արդարության՝ պետք է բարձրագույն պաշտոններում նշանակվեն այդ չափանիշներին բավարարող գործիչները:

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, ինտելեկտուալ գործիչ էր, որի ոչ մեծաթիվ պաշտպանները նրա սխալները հաճախ փորձում էին արդարացնել այն հանգամանքով, որ վարչապետի պաշտոնում Սարգսյանին կարող է փոխարինել ավելի պակաս ինտելեկտուալ մեկը, ուստի ավելի լավ է, թեկուզ թույլ, բայց մտածող վարչապետ ունենալը:

Այս մոտեցման մեջ, իհարկե, ճշմարտության որոշակի չափաբաժին կար: Սակայն դա ավելի շատ իրականությունը խեղաթյուրող մոտեցում էր: Քանի որ Հովիկ Աբրահամյանի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում նաև Տիգրան Սարգսյանի շնորհքն է:

Որովհետև Տիգրան Սարգսյանը մեծագույն ներդրում ունեցավ քաղաքական դաշտի աղճատման գործում՝ իր մտագործունեությունը ներդաշնակեցնելով ստամոքսային մտածողությամբ առաջնորդվող մեծամասնության հետ:

Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ընթացքում տգիտության դեմ պայքարելու փոխարեն՝ տգիտության հետ կոմպրոմիսի գնաց այնքան, որ դրա տրամաբանական ավարտը պետք է լիներ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Այնպես որ, «Ջան ախպերս, ջան, ջան, ջան…»: Իսկ Տիգրան Սարգսյանին թվում էր՝ «Это всё»:

Տեսանյութեր

Լրահոս