Բաժիններ՝

Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցումը կարող է մեկնարկել մայիսին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի բնապահպանության ու քաղաքային պլանավորման նախարարությանը հաշվետվություն է ներկայացվել շրջակա միջավայրի վրա Աքքույուի ատոմակայանի ներգործության մասին:

Դրա հաստատման դեպքում թուրքական առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքները կարող են մեկնարկել արդեն մայիսին: Ապագա ատոմակայանի գլխավոր փոխտնօրեն Ռաուֆ Կասումովը հայտարարել է, որ ատոմակայանի կառուցումը պլանավորված է իրականացնել 9 տարում:

Միջերկրածովյան շրջանի Աքքույու վայրի ատոմակայանի կառուցումն արժենալու է 20 միլիարդ դոլար: Դրա կառուցումն իրականացվելու է 2010 թվականին Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագրի հիման վրա:

Աքքույուի ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ, ընդհանուր` 4800 մեգավատտ: Պլանավորված է այդ էներգաբլոկները շահագործման հանձնել մեկ տարի ընդմիջմամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիան ընդհանուր առմամբ պլանավորել է կառուցել երեք ատոմակայան: Երկրորդ ատոմակայանը կառուցվելու է սևծովյան Սինոպում` ֆրանս-ճապոնական կոնսորցիումի կողմից:

Երրորդ ատոմակայանի կառուցման վայրը վերջնականապես ընտրված չէ: Որոշակի տվյալներով` այն կառուցվելու է Բուլղարիայի սահմանից ոչ հեռու գտնվող Իղնեադա վայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս