ՌԴ-ի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո Թուրքիան ու Ադրբեջանն ավելի կարևոր դեր են խաղալու ԱՄՆ-ի ու Եվրոպայի ապագա պլաններում. The National Interest

Ամերիկյան The National Interest պարբերականում ապրիլի 4-ին հրապարակվել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի գիտաշխատող Ալեքս Վատանկայի և Թուրքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գոնուլ Տոլի «Ինչպե՞ս վերականգնել էներգետիկ անվտանգությունը Ղրիմից հետո» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Ուկրաինայի ճգնաժամը ոչ անհիմն կերպ Եվրոպային հարկադրեց վախենալ ռուսական գազի մատակարարման հնարավոր խափանումներից: Ներկայումս ԵՄ-ը Ռուսաստանից ստանում է իր սպառած գազի մոտ 30 տոկոսը, և այդ մատակարարումների մեծ մասն իրականացվում է Ուկրաինայի տարածքով:

Նման կախվածության հետ անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել, և որքան շուտ, այնքան ավելի լավ: Ներկայումս եվրոպացի առաջնորդները մշակում են էներգետիկ ռազմավարություններ, որոնք հնարավորություն կտան փոխհատուցել երկարաժամկետ հեռանկարում ռուսական գազի հնարավոր կորուստը:

Տվյալ ֆոնին էներգետիկ անվտանգության ոլորտում Եվրոպայի կարևոր գործընկերներ են թվում երկու երկրներ` Թուրքիան ու Ադրբեջանը: Թուրքիան վաղուց է ձգտում վերածվել Կասպիցի ու Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա նավթի ու գազի փոխադրման կետի:

Ադրբեջանն աշխարհիկ, ամերիկամետ երկիր է, որը գտնվում է Կասպից ծովի ափերին, ունի ածխաջարածինների սեփական խոշոր պաշարներ: Նրա գտնվելու վայրը նրան վերածում է նաև դեպի բաց ծով ելք չունեցող, սակայն էներգետիկ պաշարներով հարուստ Ղազախստանի ու Թուրքմենստանի նավթի ու գազի դեպի Եվրոպա փոխադրվելու բնական երթուղու:

Ադրբեջանի ու Թուրքիայի` արտահանող ու տարանցիկ երկրի միջև շահերի համընկնումն արդեն իսկ առաջացրել է ռազմավարական կարևորության էներգետիկ երկու նախագիծ. «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղ և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ) գազամուղ: Այդ նախագծերն ունեն երկու առանցքային ուսուցողական նշանակություն:

Առաջին դասը կայանում է նրանում, որ Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը կարելի է թուլացնել, իսկ երկրորդն այն է, որ Ռուսաստանի համար առաջնահերթ տարածաշրջաններում ռազմավարական նախագծերը, որոնք ուղղված են Եվրոպային էներգիա մատակարարելուն, կարող են իրականացվել միայն Ամերիկայի ու Եվրոպայի կողմից ամուր աջակցության դեպքում:

Եվրոպացի առաջնորդներն ամբողջովին գիտակցում են դա: Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն անմիջապես ընդգծեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր դեր են խաղում Եվրոպայի ապագա պլաններում:

Հեյգն առանձին հիշատակել է «Հարավային գազային միջանցքը». եվրոպական այդ նախաձեռնությունը միտված է Եվրոպա կասպյան գազի հասնելու դյուրացմանը: Սակայն եվրոպացիները միակը չեն, ում դիրքորոշումը կարևոր է տվյալ հարցում:

ԱՄՆ-ը 1990-ական թվականների կեսերից ձգտում է դիվերսիֆիկացնել Եվրոպայի գազամատակարարումը` գազային միջանցք ստեղծելով Կասպյան տարածաշրջանից դեպի Արևմուտք: ԲԹՋ-ն ու ԲԹԷ-ն հանդիսացել են այդ ռազմավարության մասնիկը, դրանց կառուցման մեջ կարևոր դեր է խաղացել ամերիկյան քաղաքական աջակցությունը:

Սակայն չնայած ԱՄՆ-ի աջակցությանը` Կասպյան տարածաշրջանից, Միջին Ասիայից ու Ղազախստանից Եվրոպա հասնող գազի ծավալը չի կարող փոխարինել Ռուսաստանից ներկրմանը: Հաշվի առնելով Ղրիմի ճգնաժամը` ԱՄՆ-ը պետք է ձգտի Եվրոպայի համար մեծացնել էներգիայի հուսալի աղբյուրների քանակը:

Այդ նպատակով Վաշինգտոնը պետք է աջակցի «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծին, ինչը միաժամանակ կօգնի ամրապնդել թուրք-ադրբեջանական համագործակցությունը: Խոսքը գնում է «Հարավային գազային միջանցքի» կարևոր մասի մասին, որը նախատեսված է Ադրբեջանից Հունաստանի ու Թուրքիայի միջոցով գազը Եվրոպա փոխադրելու համար:

TANAP գազատարի թողունակությունը երկրորդ փուլում` 2023 թվականին, պետք է կազմի տարեկան 23 միլիարդ խորանարդ մետր, իսկ երրորդ փուլում` մինչև 2026 թվականը` 31 միլիարդ խորանարդ մետր: «Հարավային գազային միջանցքը» կարևոր է ոչ միայն եվրոպացի սպառողների համար, այլև այն անհրաժեշտ է Թուրքիային` սեփական էներգետիկ անվտանգության ու էներգետիկ զարգացման համար:

Թուրքիան ձգտում է երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել Ռուսաստանից ու Իրանից գազի ներկրումը և մեծացնել Ադրբեջանից գազի մատակարարման ծավալը, քանի որ ադրբեջանական գազն ավելի էժան է ռուսական ու իրանական գազից:

TANAP գազատարը Թուրքիային տարեկան կապահովի հավելյալ 6 միլիարդ խորանարդ մետր գազով, ինչը պետք է երկրին օգնի միաժամանակ նվազեցնել Ռուսաստանից ու Իրանից առկա գազային կախվածությունը և նվազեցնել գազի գնման ծախսերը:

Արդյունքում, Թուրքիան կարող է մեծացնել իր էներգետիկ անվտանգությունը` դիվերսիֆիկացնելով էներգետիկ աղբյուրներն ու մատակարարման երթուղիները և արագացնել տնտեսական զարգացումը: Ադրբեջանի համար հետևանքները նույնպես կլինեն նշանակալից:

Հարավային գազային միջանցքը կօգնի թուլացնել թուրքական գազային շուկայի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը և դրանում մեծացնել Ադրբեջանի դերը: Միաժամանակ այդ նախագիծն Ադրբեջանին հնարովորություն կտա սեփական գազը վաճառել եվրոպական շուկաներում:

Արդյունքում, կաճեն Ադրբեջանի էներգետիկ եկամուտները, ինչը կնպաստի տնտեսական աճին ու ներդրումներին: Բացի այդ, կխորացվեն Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի ու ԵՄ-ի երկրների միջև քաղաքական ու տնտեսական կապերը:

Վաշինգտոնը չպետք է պարզապես ողջունի իրադարձությունների նման զարգացումը, Ամերիկայի մասնակցությունը կարող է արագացնել տվյալ առաջադրանքները կատարելու գործընթացը:

Ղրիմում Ռուսաստանի գործողությունների ֆոնին կան լուրջ պատճառներ` շտապելու համար Եվրոպայի էներգոմատակարարման դիվերսիֆիկացման հարցում և ընդառաջ գնալու այնպիսի դաշնակիցների, ինչպիսիք են Թուրքիան ու Ադրբեջանը»:

Տեսանյութեր

Լրահոս