Որ լավ համոզեն` կմտնեն
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից երեքը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», առայժմ չեն հրավիրվել նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման` քննարկելու կառավարության նոր կազմը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպել է միայն ԲՀԿ առաջնորդ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով հենց դրանից րոպեներ առաջ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Թե ի՞նչ զրույց է ընթացել նրանց միջև, կարելի է միայն ենթադրել: Հայտնի է նաև, որ Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպի միայն ՀԱԿ խմբակցությունը:
Ինչպես երեկ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «իրենք ոչ լեգիտիմ նախագահի հետ չեն հանդիպելու»: Մինչ այդ հանդիպումները երեկ ոչ իշխանական չորս խմբակցությունները հերթական նիստն են գումարել (ի դեպ, նիստի ընթացքում Ծառուկյանը եղել է ԱԺ-ում, սակայն նիստին չի մասնակցել) ու որոշել, որ չնայած Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, իրենք պատրաստակամ են շարունակել համատեղ գործունեություն ծավալել: Նրանք իրենց վստահությունն են հայտնել, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել հենց քառյակի ծավալած գործողությունների արդյունքում, ապրիլի 28-ից մեկնարկելիք միասնական շուրջօրյա հանրահավաքների պատճառով:
Ինչպես դռնփակ նիստից հետո հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, չի բացառվում, որ չորս ուժերը համատեղ հանրահավաք անցկացնեն` շուրջօրյա հանրահավաքների փոխարեն: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասել է, թե հանրահավաքները գուցե շուրջօրյա չլինեն, բայց տեղի կունենան: Ռ. Հակոբյանի փոխանցմամբ` քառյակը երեկ չի քննարկել նաև վարչապետի նոր թեկնածուի հարցը, կառավարության կազմի, ամբողջական իշխանափոխության հնարավորության հարցերը: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հնարավորությանը, ապա ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենք մաս կկազմե՞ն այդ կառավարությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք ներկայացրել են յոթ կետանոց ծրագիր, ունեն հստակ պատկերացում, թե երկիրն այս ճգնաժամային իրավիճակից հանելու ինչ տարբերակներ կան, և, եթե դրանք ընդունվեն նոր կառավարության կողմից, ապա իրենք կմտնեն «պրոցեսի մեջ` անկախ ամեն ինչից»: «Իհարկե, եթե լիարժեք, ամբողջությամբ մեր ծրագրերն ընդունվեն, մենք տեսնենք, որ ազգային, պետական ուղեգիծը, ընթացքը, տեմպը համապատասխանում են մեր մոտեցումներին, գաղափարներին, ապա ինչո՞ւ ոչ»,- նշեց նա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասաց, թե չի կարծում, որ «Բարգավաճ Հայաստանը» մաս կազմի ազգային համաձայնության կառավարությանը: «Ես չեմ կարծումգ մենք չունենք պատրաստի քննարկում, բայց չեմ կարծում»,- նշեց նա: Մարգարյանը նշեց, որ չի կարծում նաև, որ ԲՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին կառաջադրի` նշելով, թե քառյակի կողմից կան միասնական մշակած տեսակետներ, թե ինչպիսին է լինելու ապագա կառավարության գործունեությունը, և իրենք այս շրջանակներում են գործելու: Փոխարենը` նա վստահեցրեց, որ ճիշտ կլինի, եթե քառյակը ներկայացնի վարչապետի միասնական թեկնածու: Միաժամանակ` Ստեփան Մարգարյանն ասաց, որ իրենք խնդիր չեն դնում այն մասին, թե վարչապետը պետք է լինի ԲՀԿ-ական: «Մենք նման խնդիր չենք դնում: Մենք հետևելու ենք մեր ասած պայմաններին, որ Կառավարությունը պիտի չլինի նույն գործելաոճով, նույն ծրագրով, որովհետև դ՞ագ Ի՞նչ տարբերություն` Տիգրան Սարգսյա՞նն էր, թե՞ մեկ ուրիշը: Եթե նույն ծրագրով նույն հանրապետականը նշանակվի, մենք շարունակելու ենք այն, ինչ անում ենք»,- շեշտեց նա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն էլ պատրաստ է քննարկել ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու հնարավորությունը, եթե ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված այլընտրանքային ծրագիրն ընդունվի կառավարության կողմից: «Մենք ասել ենք, որ եթե մեր ծրագիրն ընդունվի, բնականաբար, ինչ-որ ձևով պետք է մասնակից լինենք այդ ծրագրի իրականացմանը: Կարևոր չէ` Կառավարության անդամ կլինե՞նք, թե՞գ և այլն, և այլն, կարևորը, որ մենք ասել ենք, որ Կառավարության անդամ դառնալու ցանկություն չի արտահայտվում»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Նախօրեին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ կառավարության հրաժարականը քառյակի համար դիտարկվում էր` որպես իշխանափոխության առաջին փուլ, որը կարելի է լուծված համարել, հետևաբար` այս պահից սկսած, քառյակը գտնվում է իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում: Սակայն, Ռ. Հակոբյանի փոխանցմամբ` նման հարց քառյակը երեկվա նիստում չի քննարկել:
Միաժամանակ, նա նշեց, որ «Ժառանգության» համար ամբողջական իշխանափոխությունն ընդունելի է: ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականից հետո հնարավո՞ր է` ԲՀԿ-ն ամբողջական իշխանափոխություն պահանջի, նշեց. «Մենք այդպիսի հարց չենք քննարկել»: ՀՅԴ խմբակցության ղեկավարն էլ ասաց, թե իրենց համար ամբողջական իշխանափոխությունը մեկ ամբողջական փաթեթ է, որը ենթադրում է այն վարչախմբի հեռացումը, որը չի կարողանում երկիրն այս վիճակից դուրս բերել, և համակարգային փոփոխությունները, որոնք կապահովեն, որ նախորդներին փոխարինողները չեն կրկնի նույն սխալները: «Փուլերի առումով` կարող են քայլեր ենթադրել, բայց եթե վերջնական նպատակը չի լինելու ամբողջական իշխանափոխություն հասկացության լիարժեք կյանքի կոչումը, ապա դա ոչ մի արժեք չի ունենա»,- ասաց նա: