Ինչո՞ւ է ՌԴ-ը լռություն պահպանում Հայաստանում Իրանի գազային նախաձեռնությունների կապակցությամբ. Eurasianet
Eurasianet-ի կայքում երեկ հրապարակվել է «Ինչո՞ւ է Ռուսաստանը լռություն պահպանում Հայաստանում Իրանի գազային նախաձեռնությունների կապակցությամբ» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Իրանական բնական գազի մատակարարման ընդլայնման մասին համաձայնագիրը Հայաստանում պարուրված է գաղտնիության շղարշով. ինչո՞ւ Կրեմլը, դատելով ամեն ինչից, չի առարկում տվյալ նախաձեռնության դեմ:
Մարտի 19-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Հայաստանը պլանավորել է հարևան Իրանից բնական գազի գնումը հասցնել տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետրի, ինչը գրեթե 75 տոկոսով ավելին է՝ համեմատած մատակարարման ներկայիս ծավալի հետ: Դրա դիմաց Հայաստանն էլեկտրաէներգիա է արտահանելու Իրան:
Այդ հայտարարությունը Հայաստանի համար դարձավ 180 աստիճանով հանկարծակի շրջադարձ. դեռևս նախորդ տարեվերջին Երևանը մերժել էր հավելյալ գազ գնելու վերաբերյալ իրանական նախաձեռնությունը: Հանրապետության ղեկավարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել, թե ինչն է դրդել նրան փոխելու իր կուրսը:
Ակնկալվում է, որ հավելյալ մանրամասները հայտնի կդառնան երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո, որը պետք է տեղի ունենա այս տարվա մայիսին, ինչպես նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցի դեպքում, ով, ինչպես հայտարարվել է, պետք է «շուտով» ժամանի Հայաստան:
Հայ-իրանական այդ նոր փոխհարաբերությունների ուշագրավ ասպեկտը դարձավ Ռուսաստանի արձագանքը, առավել ճշգրիտ՝ դրա բացակայությունը. պետական «Գազպրոմ» էներգետիկ հսկան, որը ներկայումս վերահսկում է Հայաստանի ողջ գազատրանսպորտային համակարգը և իրականացնում է հանրապետության գազամատակարարումների մեծ մասը, ոչ մի կերպ չարձագանքեց տվյալ պայմանավորվածությանը:
Ներկայիս լռությունը հանդիսացավ 2007 թվականին ռուսական իշխանությունների պահվածքի կտրուկ հակապատկերը, երբ նրանք համառորեն հանդես եկան 140 կիլոմետր երկարությամբ հայ-իրանական գազատարի տրամագիծը սահմանափակելու օգտին, որպեսզի դրանով իսկ կանխեն Հայաստանի սահմաններից դուրս գազի խոշորամասշտաբ արտահանման հնարավորությունը:
Տեղի մեկնաբանները տարբեր կերպ են բացատրում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը: Նրանցից ոմանք կարծում են, որ Ռուսաստանի լռությունը կապված է նրա ցանկության հետ՝ մինչև 2015 թվականն ապահովել Մոսկվայի գլխավորած Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը:
Համաձայնվելով իրանական ավելի էժան գազի գնման ընդլայնմանը՝ Կրեմլը ցանկանում է դրանով իսկ օգնել Հայաստանի իշխանություններին՝ Մաքսային միության գաղափարը «վաճառելու» բնակչությանը, որը հատուկ խանդավառություն չի ցուցաբերում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում:
Մոսկվայի աչքում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու նշանակությունն աճեց Ուկրաինայի դեպքերի ֆոնին: Առաջարկվող գազի գինը դեռ հստակեցված չէ, սակայն Իրանի դեսպան Մուհամմադ Ռաիսին այն անվանել է որպես «անհամեմատ ավելի ցածր»:
Երևանում այլ մեկնաբաների կարծիքով՝ Մոսկվայի լռությունը հանդիսանում է վերջին շրջանում աշխարհաքաղաքական իրողություններում կատարված լուրջ փոփոխությունների արդյունք. հաշվի առնելով Ղրիմի ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ընդլայնվող անդունդը՝ Կրեմլը վերադասավորում է իր էներգետիկ խաղաքարտերը՝ սեփական դիվանագիտական նպատակներին հասնելու համար:
Իրանական արտահանման հետ կապված է մեկ հարց, որի պատասխանը դեռ մնում է բաց և առնչվում է ներկրած իրանական գազի մի մասը Հայաստանի կողմից վերաարտահանելու հնարավորությանը: Թվում է, թե նման հնարավորությունը հակասում է Մոսկվայի շահերին՝ հաշվի առնելով ներկա փուլում ռուսական գազից ԵՄ-ի ուժեղ կախվածությունը, ինչը Կրեմլին ապահովում է ազդեցության դիվանագիտական լուրջ լծակ:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, ընդհակառակը, հազիվ թե առարկեն այն բանի դեմ, որ Հայաստանը իրանական գազը Եվրոպա արտահանելու գործընթացում հանդես գա (տարանցիկ) միջանցքի դերում, ինչը կնպաստեր սեփական գազային գնումների աղբյուրները դիվերսֆիկացնելու ԵՄ-ի պլանների իրագործմանը:
ԱՄՆ-ը, որը 2013 թվականի նոյեմբերին հայտարարել է կես տարով իրանական նավթի արտահանման հանդեպ սեփական պատժամիջոցների գործողության կասեցման մասին, ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանին իրանական գազի մատակարարման պլաններին:
Վաշինգտոնը հակված է Երևանի կողմից իր հարավային հարևան Իրանի հետ առևտրային շփումների վրա «աչք փակելուն», ինչը վկայում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի արևմտյան ու արևելյան սահմանները շրջափակելուց բխող տնտեսական ներգործության նրա ըմբռնման մասին:
Իրանական «էժան» գազ գնել ցանկացող Հայաստանի դրդապատճառներն ակնհայտ են. ռուսական գազի վաճառքի գինը սուր հարց է դարձել հանրապետության բնակիչների համար: Ներկայումս սպառողները հազար խորանարդ մետրի համար վճարում են 158.000 դրամ (391 դոլար): Դա վիթխարի գումար է 2.97 միլիոն բնակչությամբ մի երկրի համար, ուր բնակչության 1/3-ն աղքատության մեջ է:
Դժգոհությունը մեծացնում է նաև այն, որ այդ գինն առնվազն 7.5 անգամ ավելին է՝ համեմատած այն սակագների հետ, որոնք վճարում են գազ չարդյունահանող, Մաքսային միության անդամ Բելառուսի սպառողները: Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից ռուսական գազի մեծածախ գինն աճելու է 4.2 տոկոսով, ինչը կարող է էլ ավելի բարձրանցել գազի գինը:
Նախորդ տարվա ցույցերից ահաբեկված Հայաստանի կառավարությունը կատարելապես շահագրգռված չէ, որ էներգետիկ հարցերը վերստին հիմք ծառայեն բողոքի ակցիաների համար: Եվ այնուամենայնիվ, նախկինի նման բաց է մնում այն հարցը, թե ինչպես Հայաստանը կարող է գնել մեծ ծավալի իրանական գազ, որպեսզի գոհ մնա Ռուսաստանը՝ նրա տնտեսական ու ռազմական գլխավոր գործընկերը»: