Ինչպես է իշխանությունն ընտրում մեռյալներին, մեռյալները՝ իշխանությանը

Ովքե՞ր են Հայաստանում պետության անունից որոշումներ կայացնում: Ինչպե՞ս են նրանք ներկայացնում Հայաստանն աշխարհում: Ի՞նչ չափանիշներով են այդ ներկայացնողները որոշում՝ ո՞րն է ավելի կարևոր Հայաստանի համար, ո՞րը՝ ոչ այնքան: Այս հարցերի պատասխանները նույնքան անհայտ են, որքան տարբեր ընտրություններում Հայաստանի իշխանության «օգտին քվեարկող» մարդկանց անուններն ու ազգանունները: Ինչպես հետագայում է պարզվում՝ նրանք հիմնականում մահացած մարդիկ են:

Մահացածների նկատմամբ հարգանքն ու պատկառանքը, ողջերից մեռելներին գերադասելու մոլուցքը հայերիս բնորոշ բազմաթիվ առանձնահատկություններից մեկն է: Ոչ միայն անհատական, այլև պետական մակարդակում: Պետությունը, օրինակ, ի դեմս իր ոստիկանի, դատախազի կամ պետականության հիմքերը խարխլումից պաշտպանող օլիգարխի թիկնապահի, կարող է սպանել քաղաքացուն, սեփական մայրաքաղաքում գնդակահարել մարդկանց, բայց միևնույն ժամանակ՝ հոգեցունց ու լալահառաչ տեքստեր արտասանել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման մասին:

Բայց չշեղվենք թեմայից: Մեր պետությունը հարգում է ոչ միայն սեփական ու ընտրությունների ժամանակ անհրաժեշտ, այլ նաև այլազգի մահացածներին: Բայց, ինչպես բոլոր հարցերում, այդ հարցում ևս խտրական մոտեցում է ցուցաբերում:
Օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանն Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը: Սա մեջբերում էր պաշտոնական հաղորդագրությունից:

Փառք ու պատիվ Տիգրան Սարգսյանին, նրա շնորհքին ու քաղաքավարությանը: Հայ-իսպանական դարավոր բարեկամությանը մեծագույն հարված կլիներ, եթե Հայաստանի իշխանությունը վարչապետի մակարդակով չմասնակցեր այդ երկրում ընտրությունների ճանապարհով իշխանության եկած առաջին վարչապետի հիշատակի արարողությանը, ով նաև մեծ հեղինակություն ուներ եվրոպական քաղաքական շրջանակներում: Բայց ինչո՞ւ ենք այս մասին գրում որոշակի սարկազմով:

Որովհետև մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությունն Իսպանիայի նախկին վարչապետի հուղարկավորությանը պայմանավորված է եղել ոչ թե Հայաստանի կողմից եվրոպական քաղաքական գործչին բարձր մակարդակով  հարգանքի տուրք մատուցելու անհրաժեշտությամբ, այլ ինչ-ինչ այլ, կրկին թույլ տանք մեզ ենթադրել, անձնական դրդապատճառներով:

Տիգրան Սարգսյանի ու նրա ընտանիքի սերն իսպանական դարավոր մշակույթի և լազուրային ափերի նկատմամբ՝ հայտնի է բոլորին: Հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի մտավոր և լեզվական ճկունությունը, դժվար չէ ենթադրել նաև, թե տարիների ընթացքում նա ինչպես ինտեգրված կլինի իսպանական՝ ոչ միայն մշակութային ու զբոսաշրջային, այլև՝ քաղաքական ու տնտեսական էլիտաներին: Կրկին համարձակվենք ենթադրել՝ նաև դրանից բխող ֆինանսատնտեսական ու դրամավարկային հետևանքներով: Հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանի նման պաշտոնյան չէր կարող առիթը բաց թողնել ու հարաբերություններ չհաստատել նաև այդ երկրի հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի հետ:

Դա միայն դրվատանքի արժանի կլիներ, եթե Տ. Սարգսյանի կապերը ծառայեցվեին նաև ի շահ Հայաստանի՝ եվրոպական քաղաքական ու բիզնես հանրությունում Հայաստանի ինտեգրմանը, և այլն: Բայց առանձնապես չենք հիշում, որ Իսպանիան առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերած լինի Հայաստանի համար կարևոր հարցերում:

Տիգրան Սարգսյանի առանձնահատուկ վերաբերմունքը հատկապես Իսպանիայի կենդանի ու հանգուցյալ գործիչների հանդեպ, մեղմ ասած, տարակուսելի է: Այն պարզ պատճառով, որ անցած մի քանի տարիներին աշխարհում ու Եվրոպայում վախճանվել են համաշխարհային քաղաքականության մեջ մեծագույն ներդրում ունեցած և անառարկելի հեղինակություն համարվող գործիչներ, որոնց հուղարկավորություններին Հայաստանը մասնակցել է ծիծաղելիորեն ցածր ու այդ առաջնորդների համար վիրավորական մակարդակով: Եթե ոչ՝ պաշտոնյաների կարգավիճակների, ապա՝ այդ պաշտոնները զբաղեցնող անձանց առումով:

Այսպես, անցած տարվա ապրիլին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, եվրոպական քաղաքականության հզորագույն գործիչներից մեկը համարվող Մարգարետ Թետչերի հուղարկավորության արարողությանը Հայաստանը ներկայացել է… ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մակարդակով, ում համար եվրոպական ընտանիք հասկացությունն առաջին հերթին ասոցիացվում է եվրոպական շրջագայությունների հետ, իսկ կնոջ դերը քաղաքականությունում սահմանափակվում է բիզնեսը քաղաքականության հետ համատեղելու «շնորհքով»:

2011 թվականի դեկտեմբերին հետսոցիալիստական Չեխոսլովակիայի, ապա` Չեխիայի առաջին նախագահ, այլախոհ և իրավապաշտպան, ժողովրդավարության համաշխարհային ջահակիրներից մեկի համարումն ունեցող Վացլավ Հավելի հուղարկավորությանը Հայաստանը ներկայացել է… ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մակարդակով, ում համար ժողովրդավարությունը սկսվում և ավարտվում է ՀՀԿ-ով:

Իսկ անցած տարվա սեպտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը Հայաստանը որևէ մակարդակով չի ներկայացել:

Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրություններում այդպես էլ չկարողացանք գտնել տեղեկատվություն այն մասին, որ գոնե ԱԺ փոխնախագահի մակարդակով Հայաստանը հարգանքի տուրք է մատուցել մարդու իրավունքների և ազատությունների համար պայքարի համաշխարհային խորհրդանիշ Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը, որին մասնակցում էին ընդամենը 60 երկրների ղեկավարներ: Գուցե Աֆրիկյան կամ հարավեվրոպական որևէ երկրում ՀՀ դեսպաններից մեկը մասնակցել է այդ արարողությանը: Սակայն հասկանալի է, որ խոսքն այդ մակարդակով ներկայանալու մասին չէ:

Համաշխարհային առաջնորդների մահն, իհարկե, ամենապատեհ առիթը չէ Հայաստանի իշխանություններին քննադատելու համար: Սակայն գուցե ավելի անպատեհ է այս հարցում ՀՀ իշխանության, մեղմ ասած, ոչ պատեհ վերաբերմունքը գոնե չարձանագրելը:

Հայաստանի իշխանության ցանկացած գործունեության հիմքում ընկած է շահը՝ անձնական կամ խմբային: Այդ շահը սպասարկելու համար իշխանության ներկայուցուցիչները միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ հաշվարկելով անգամ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու անհրաժեշտությունը: ՀՀ իշխանությունները համաշխարհային մասշտաբի գործիչներին վերաբերվում են այնպես, ինչպես հայ ընտրողներին: Հանգուցյալ ընտրողներին: Իսկ Իսպանիայի վարչապետը, ինչպես վերը հիշատակված մյուս առաջնորդները, իրենց ժողովուրդներին մեծագույն ծառայություններ մատուցած պատմական գործիչներ են: Խաղաղություն նրանց հոգիներին:

Տեսանյութեր

Լրահոս