ՍԴ-ն գործեց, համարյա՝ ինչպես միշտ
Կուտակայինի վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկ հրապարակած որոշումը մեծ խառնաշփոթի առիթ հանդիսացավ:
Թեև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները (5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածներ) ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, ու հայտարարել, որ մինչ այժմ կատարված փոխանցումները ենթակա են վերահաշվարկի և վերադարձի, այնուամենայնիվ, որոշման 7-րդ կետը` «գ սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014-ի սեպտեմբերի 30-ը` հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին», հիմք հանդիսացավ, որ իշխանության ներկայացուցիչները հայտարարեն, թե օրենքի պարտադիր բաղադրիչը շարունակում է գործել։
Իշխանության իրավական հարցերով «ծանր հրետանի» համարվող ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չհապաղեց հայտարարել, որ թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ նրա` օրենքը նախատեսում է պահումներ կատարել, և չկատարողները պատասխանատվության կենթարկվեն:
Միաժամանակ` Հարությունյանը խորհուրդ է տվել` իր ասածը որպես բացարձակ ճշմարտություն չընդունել: Ինչ վերաբերում է ՍԴ որոշման մեջ օգտագործված «վերահաշվարկ» եզրույթին, ՀՀԿ-ական պատգամավորի բնորոշմամբ, դատարանն ասաց, որ կա կարևոր մի հանգամանք, որ եթե այն փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան մինչև սեպտեմբերի 30-ը, նախատեսեն անձանց իրավական դրությունն ավելի բարելավող նորմեր: Ըստ նրա՝ անկախ նրանից, որ դրույթներն ուշ են ուժի մեջ մտնելու, դրանք ունենալու են հետադարձ ուժ, տարածվելու են այն անձանց վրա, ումից կատարվել են պահումներ մինչև այդ ամսաթիվը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` ՍԴ-ն սահմանադրական արդարություն իրականացնող բարձրագույն մարմին է, և բոլորը պարտավոր են կատարել ՍԴ որոշումները: Լրագրողների հետ զրույցում նա խուսափել է գնահատականներ տալուց: «Մենք կուսումնասիրենք որոշման բովանդակությունը և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել է նախարարը:
Շտապողականությունից զերծ մնալու կոչ է հնչեցրել նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Բոլորին, հատկապես` իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ ՍԴ որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց»: Նրա գնահատականով` ՍԴ որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել: Թովմասյանն ընդգծել է, որ ՍԴ որոշումը «ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ»:
ՍԴ-ում պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի կարողացել կողմնորոշվել` պարտադիրը կմնա՞, թե՞ ոչ: Նա հայտարարել է, որ հստակ կարող է ասել միայն, որ պետք է լինեն բացարձակ օրենսդրական փոփոխություններ` կապված կուտակային բաղադրիչի հետ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության հրաժարականի հարցին. «Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ.Սարգսյանը, նախարարներ Ա.Ասատրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ.Սարգսյանը, Հ.Թովմասյանը, ԿԲ-ից` Ա.Ջավադյանը և Ն.Երիցյանը»: Շնորհակալություն հայտնելով քառյակին, «Դեմ եմ»-ին, Բագրատյանը նկատել է, որ ՍԴ որոշումից լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և ՀԲ-ն` ՀՀ տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար։
ՍԴ որոշումն առանձնապես չի ոգևորել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: «Ես կարծում եմ, որ որևէ գործընթաց այս Սահմանադրական դատարանում թույլ չի տվել մտածելու կամ եզրահանգման գալու, որ այստեղ ընդունվում են ինքնուրույն որոշումներ, անկախ դատարանի որոշումներ` ելնելով Սահմանադրության և իրավունքի սահմաններից»,- լրագրողներին ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանում միշտ այն որոշումն է ընդունվել, որ թելադրվել է ՀՀ նախագահի կողմից, Բաղրամյան 26-ում:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի սպասումները ՍԴ-ից արդարացել են. «ՍԴ-ն այլ որոշում չէր կարող կայացնել: Հաղթել է քաղաքական և քաղաքացիական ուժերի միասնությունը: Սա քաղաքական լուծում է և կառավարության հրաժարականը կնքելու հիմք»:
Կտա՞ կառավարությունը հրաժարական, թե՞ ոչ: Այս հարցին պատասխան մեզ չհաջողվեց ստանալ հենց կառավարությունից. վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակին մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան: Սակայն կառավարությունը հուսախաբ արեց ընդդիմադիրներին` հրապարակելով կարճ հաղորդագրություն. «Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը` դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:
Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո»:
Կառավարության և իշխանական գործիչների հայտարարությունները ՍԴ դիմող կողմի ներկայացուցիչներին դրդեցին ասուլիս հրավիրել և հայտարարել, որ պարտադիր բաղադրիչը չի կարող գործել ՍԴ որոշման հրապարակման պահից, և իրենք հետամուտ են լինելու ՍԴ որոշման կատարմանը:
«168 Ժամի» հարցին` ինչպե՞ս կգնահատեք կառավարության հայտարարությունը, որ շարունակելու են առաջ տանել բարեփոխումը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կտրուկ է պատասխանել. «Մենք չենք ուզում այս պայքարը, այս հաջողությունը, դիտարկել թշնամական հարթության մեջ, սա մեր պետության և պետականության հաջողությունն է: Եթե կառավարությունը շարունակելու է պնդաճակատ իր տեսակետն առաջ մղել պարտադիր բաղադրիչի մասով, ավելի համարժեք ու հզոր պատասխան կարող ենք տալ: Դրա համար կոչ ենք անում կառավարությանը` հետ կանգնել այդ մոտեցումից: Արդեն մեկ անգամ ՍԴ-ում վերահաստատվել է բարձրագույն արժեք հանդիսացող մարդու իրավունքի գերակայությունը, և չպետք է երկրորդ անգամ փորձ արվի ոտնձգություն անել այդ ուղղությամբ»:
Ա.Մինասյանի կարծիքով` բոլորը պարտավոր են կատարել ՍԴ որոշումը, իսկ որոշումը միայն եզրափակիչ մասը չէ, որոշումն իրավական դիրքորոշումն է, որը կատարման ենթակա գործողություն է, վարքագծի կանոն, որին պետք է ենթարկվեն կառավարության բոլոր մարմինները: Ա.Մինասյանն իշխանությանը կոչ է արել` չփորձել ՍԴ որոշումն այլ հարթություն տանել և չփորձել միակողմանի, նեղ շահերից մեկնաբանել այն:
«Ուզում ենք նաև` չգա այն պահը, որ ակամայից կառավարության հետ հայտնվենք բարիկադների հակառակ կողմերում,- հավելել է Ա.Մինասյանը` նշելով, որ պատրաստ են պայքարը շարունակել այլ հարթությունում,-«Առաջին արձագանքն ակնկալում ենք կառավարությունից, որ պետական ու մասնավոր աշխատողների վճարները վերադարձնեն»:
Դիմող կողմի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանի կարծիքով` կառավարությունը պետք է շտապի և արդեն այսօրվա նիստում ընդունի գանձված գումարների վերադարձելիության մասին նորմ. «Կառավարությունը մինչև մեկնաբանություններ անելը պետք է նորմ ընդունի` վճարների վերադարձի հարցը լուծելու համար: 50-ից ավելի օրենքներում և իրավական ակտերում բացակայում է այդ նորմը: ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Թե ինչպե՞ս կարձագանքի գումարները վերադարձնելու հայտարարությանը ՀՀ կառավարությունը, դեռևս հստակ չէ: Սակայն այսօր կայանալիք նիստի օրակարգում, որ հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում, մինչև երեկ ուշ երեկո կուտակայինի վերաբերյալ որևէ հարց ներառված չէր: