Դոկտորի կոչում՝ մասնագիտական անմեղսունակության դիմաց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» իր այսօրվա խմբագրական սյունակում գրում է. ՀՀ ԱԳ նախարար էդուարդ Նալբանդյանը երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, Նալբանդյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։
«Ազատության» փոխանցմամբ՝ նա, մասնավորապես, ասել է, թե «Հայաստանն ի վերջո միացել է ՄՄ-ին, քանի որ միշտ էլ հայտարարել է, որ ուզում է անդամակցել Մաքսային միությանը, պարզապես նախկինում Հայաստանին Մաքսային միություն չէին հրավիրում՝ պատճառաբանելով, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության մյուս անդամների հետ։
Սակայն երբ փորձագետները ուսումնասիրել են խնդիրը և հանգել եզրակացության, որ, այդուամենայնիվ, Հայաստանը կարոդ է անդամակցել Մաքսային միությանը, Երևանը դադարեցրել է բանակցությունները Բրյուսելի հետ և որոշում կայացրել միանալ Մաքսային միությանը…
Իր մայր բուհում պատվավոր դոկտորի կոչում ստացած ՀՀ դիվանագիտական կորպուսի ղեկավարի այս հայտարարությունն այլ կերպ, քան մասնագիտական անմեղսունակություն, անվանելը դժվար Է։ Կամ էլ՝ գուցե հայտնվելով Մոսկվայում և ընկնելով ուսանողական հուշերի գիրկը, Նալբանդյանը մի պահ կտրվել է իրականությունից և շփոթել, թե որ երկրի դիվանագիտական շահերն է ինքը ներկայացնում։
Այլապես դժվար է բացատրել, թե ինչպես կարող է ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել, թե Հայաստանը շատ էր ցանկանում, բայց չէր անդամակցում Մաքսային միությանը, քանի որ մեզ չէին հրավիրում՝ ՄՄ հետ ընդհանուր սահման չունենալու պատճառով։ Կարիք չկա հիշեցնել, որ այդ ՀՀ վարչապետն էր ռուսական «Իզվեստիա» պարբերականում իր հայտնի հոդվածով հիմնավորում, թե ինչու Հայաստանը չի ցանկանում անդամակցել Մաքսային միությանը՝ որպես դրա՝ թիվ մեկ պատճառ մատնանշելով ընդհանուր սահմանի բացակայությունը։
Բացի այդ, ինչ է նշանակում՝ Հայաստանը շատ էր ուզում անդամակցել, սակայն մեզ չէին հրավիրում ՄՄ։ Ինչ է, երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Մարզպանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, որևէ ակնարկ եղա՞վ առ այն, որ մեր երկրին ՄՄ անդամները հրավիրել են։ Ոչ։ Չեղավ։ Եվ դա քաջ հայտնի է նաև Է. Նալբանդյանին։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։