Խաչին մենք ենք հզորացնում

Հարցազրույց Սահմանադրական դատարանում խորհրդարանական ոչ իշխանական ուժերի շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանի հետ:

– Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումից հետո տարբեր մեկնաբանություններ են հնչում. դիմող կողմը պնդում է, որ դրանով հակասահմանադրական են ճանաչվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները, իսկ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ՍԴ-ն ընդամենը ժամանակ է տվել որոշ դրույթներ փոխելու կամ շտկելու համար: Արդյո՞ք ՍԴ-ն հերթական երկիմաստ որոշումն է կայացրել, որը կողմերից յուրաքանչյուրը կարող է իր ուզած ձևով մեկնաբանել:

-Եթե ՍԴ մյուս որոշումերին ինչ-որ տեղ կարելի է նման չակերտավոր մեղադրանք ներկայացնել, ապա այս որոշմանը չի կարելի նման բնորոշում տալ: Այս որոշումը շատ պարզ շարադրանք ուներ, մատչելի տրամաբանական զարգացում` պարզից դեպի բարդ: Եզրափակիչ մասի հետ կապված. եթե առաջնորդվենք չարամտության կանխավարկածով, ապա ինչպես էլ գրված լիներ, կարելի էր չարամտություն անել և ինչ-որ բան ասել: Բայց ես ասում եմ, որ ՍԴ որոշումը միարժեք է. այնտեղ ամեն ինչ շատ պարզ է ասված, այն նույնիսկ պետականաշինության դրույթ է պարունակում. որպեսզի իրավական վակուում չառաջանա, կառավարությանն ու խորհրդարանին հանձնարարական է տրված իրականացնել բարեփոխումներ: Իսկ այն մասով, որ մասով օրենքը հաշվի չի առնում քաղաքացու կամքը, այդ մասով ուղղակիորեն է գործում, անմիջականորեն է գործում:

– Այսպիսի դրույթ կա, որ ՍԴ որոշումները ենթակա չեն մեկնաբանման, դրանք պետք է կատարվեն: Արդյո՞ք ՍԴ-ն կարող է վերահսկողություն իրականացել իր կայացրած որոշման իրագործման նկատմամբ, եթե նկատի ունենանք, որ որոշումը տարբեր կերպ է մեկնաբանվում, և դրանից բխող գործողություններն էլ կարող են վիճահարույց լինել:

Կարդացեք նաև

– ՍԴ որոշումների իրականացմանը պետք է հետևի հանրապետության նախագահը և ապահովի, որ դրանք կատարվեն: Որովհետև անկախ նրանից, թե նա ինչպես է մտածում, ինչ վերաբերմունք ունի այդ վճռի նկատմամբ, պետական ինստիտուտների, այս դեպքում` ՍԴ հեղինակությունից է կախված նաև նախագահի, նախագահական ինստիտուտի հեղինակությունը: Երբ ՍԴ որոշումը չի կատարվում կամ պատշաճ չի կատարվում, դա ազդում է բոլոր սահմանադրական ինստիտուտների հեղինակության վրա:

– Ի՞նչ իրավական հետևանքներ կարող են առաջանալ, եթե կառավարությունը շարունակի պնդել, որ գործատուները պետք է հաշվարկեն և կուտակային հիմնադրամներին փոխանցեն այն գումարները, որը նախատեսվում է «Կուտակային կենսաթոշակնեի մասին» օրենքով: Այսինքն` կառավարությունը պնդի, որ օրենքը շարունակում է գործել, և ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել օրենքը:

– Ժողովրդաիշխանությունից ուղղակի բխում է, անկախ նրանից` ձևակերպվա՞ծ է, թե՞ ոչ, չնայած ձևակերպված է Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածներով, որ ժողովուրդը ունի դիմադրության, ըմբոստության իրավունք, և դա կարող է դրսևորվել քաղաքացիական անհնազանդության միջոցով: Սահմանադրությունը ժողովրդին այդպիսի իրավունք է տալիս, և այդ իրավունքը կարող է դրսևորվել գործադուլների, թռուցիկների տարածմամբ, հանրահավաքներով ու ցույցերով, կարող է դրսևորվել ավտոճանապարհների բլոկադայով, և քաղաքացիական անհնազանդության այլ դրսևորումներով: Կարող է դրսևորվել իշխանությունների հետ չհամագործակցելու, իշխանության գործողությունները խափանելու միջոցառումների ձևով, որի իրավունքը ժողովուրդն ունի: Մեր ժողովուրդը շատ խոհեմ ժողովուրդ է և դիմել է իր իրավունքի պաշտպանության ամենաքաղաքակիրթ ձևին. դիմել է դատական պաշտպանության իրավունքին:

– Սահմանադրական դատարանն իշխանության մի մասն է և իր որոշումներով միշտ պաշտպանել է իշխանությանը: Ինչո՞ւ այս անգամ դատարանը դեմ գնաց իշխանությանը, մանավանդ որ, թե՛ նախագահը, և թե՛ վարչապետը բազմիցս և հրապարակայնորեն արտահայտվել էին այս օրենքի կարևորության մասին:

– Այդ տեսակետի հետ համաձայն չեմ և կարող եմ փաստարկված բացատրել, թե ինչու: Սահմանադրական դատարանը 2006թ. ի վեր, երբ ներդրվեց անհատական դիմումների համակարգը, 60-ից ավելի իրավական նորմ, տարբեր դատական գործերով` ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Սահմանադրությանը հակասող են ճանաչվել այնպիսի իրավական նորմեր, որոնք ընդունվել են պատգամավորների մեծամասնության կողմից և վավերացվել նախագահի կողմից: Սահմանադրական դատարանը, թերևս, Հայաստանի դատական իշխանության այն օղակներից է, որն իրեն դրսևորում է` որպես իրական դատական իշխանություն: Եվ նորմալ պետք է դիտարկել այն, որ դատարանի կայացրած որոշումները կարող են լինել անկանխատեսելի: Կարևոր է, որ դրանք լինեն համոզիչ և հիմնավորված և բոլորի կողմից պարտադիր կատարման ենթակա:

– Ըստ Ձեզ` ՍԴ որոշումը քաղաքակա՞ն էր, որի ետևում ինչ-ինչ քաղաքական հաշվարկներ կային, թե՞ այն զուտ իրավական էր:

– Այո, կարող են լինել այդպիսի կասկածներ, բայց ես կուզեմ, որ այս խաչը լինի նույնքան հզոր, որքան մենք ենք նրան հզորացնում: Ես ուզում եմ իմ դրվատանքի խոսքն ասել այն սահմանադրական ինստիտուտներին, ովքեր եթե կարող էլ էին ազդել ՍԴ-ի վրա, բայց չեն ազդել, կամ դրանց ազդեցությանը Սահմանադրական դատարանը չի ենթարկվել և կայացրել է այսպիսի որոշում: Սպասվածը հակառակն էր, բայց տվյալ պարագայում, որ ՍԴ-ն կայացրել է թույլի օգտին որոշում, սա խոսում է այն մասին, որ սա արդար որոշում է, սա համոզիչ որոշում է:

Տեսանյութեր

Լրահոս