Բաժիններ՝

Սևազգեստ Կանայք շարժման հայտարարությունը՝ Քեսաբի հարձակումների վերաբերյալ

Մենք` Հայաստանի Սևազգեստ Կանայք շարժման ներկայացուցիչներս, կոչված լինելով պայքարելու ռազմականության և պատերազմի դեմ և ձգտելով միջազգային հարատև խաղաղության, մեր ձայնն ենք բարձրացնում Սիրիայում վերջերս կայացող իրադարձությունների առնչությամբ:

Համաձայն տարբեր աղբյուրների՝ 2014թ. մարտի 21-ի վաղ առավոտյան Ալ Քաիդայի կից իսլամական ջիհադիսները Թուրքիայի սահմանից մտել են Սիրիական տարածք և հարձակվել  քրիստոնեական Քեսաբ գյուղի վրա:

Հաշվի առնելով դաժան ահաբեկչական հարձակումները՝ մենք խստիվ դատապարտում ենք ապստամբ խմբերի նմանատիպ գործողությունները Քեսաբի խաղաղ բնակիչների նկատմամբ, որտեղ ապրում են բազմաթիվ հայեր, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնություններ: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Քեսաբի տեղահանված բնակիչների հանդեպ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Լաթաքիայի  շրջակայք:

Մեր գերակա մտահոգությունն առաջացնող մեկ այլ խնդիր կա: Տեղեկատվությունը, որը թուրքական զինվորները ներգրավված են եղել Քեսաբի հարձակումների մեջ, հայերի շրջանում  առաջացրել է  ատելության ու զայրույթի լայն ալիք: Կողմնակալ ու չհիմնավորված տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ների միջոցով առավել վատթարացրեց առանց այդ էլ լարված  իրավիՃակը երկու ժողովուրդների միջև:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի Սևազգեստ Կանանց խումբը կոչ է անում՝

  • Իրականացնել պատշաճ պրոֆեսիոնալ լրագրողական հետաքննություն և ներկայացնել Քեսաբի դեպքերի անկողմնակալ մեկնաբանություն:
  • Դադարեցնել անվստահելի և սխալ տեղեկատվության տարածումը մամուլի և մասնավորապես սոցիալական մեդիայի միջոցով:
  • Ձեռնարկել համապատասխան քայլեր ահռելի թափ ստացող ատելության քարոզը և անհանդուրժողականության մթնոլորտը  դադարեցնելու համար, որն առաջանում է ապատեղեկատվության տարածման արդյունքում:

Մեծ ջանքեր են ներդրվել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ: Հետևաբար, մենք իրավունք չունենք չհարգել այն, ինչի համար պայքարել ենք տարիներ շարունակ:

Մենք կոչ ենք անում կառավարություններին պահպանել խաղաղությունը Սիրիայում և դադարեցնել խաղաղ բկաչության վրա ահաբեկչական հարձակումները: Հարկ է հարգել մարդու իրավունքների միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և այլ իրավական պարտականությունները, որոնք բխում են դրանց նորմերից և դրույթներից: Այլևս ոչ մի զոհ չպետք է լինի, ուստի և մենք պահանջում ենք, որ միջազգային հանցագործություն իրականացնողները պատժվեն արդարադատության ողջ խստությամբ:

Բռնությունը, ահաբեկչական հարձակումները և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները պետք է անմիջապես դադարեցվեն, բոլոր պետությունները և գործող անձիք պետք է այս ուղությամբ ցուցաբերեն քաղաքական կամք:

Սևազգեստ կանայք, Հայաստան
Ապրիլ 2, 2014

Հայաստանի «Սևազգեստ կանայք» շարժումը ֆեմինիստական խումբ է, որը պայքարում է պատերազմի, ռազմականության, բռնության և խտրականության դեմ: Այս ինքնավար խումբը Հայաստանում հիմնվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս