Հարավկորեական կղզում անօդաչու թռչող սարք է կործանվել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեական Պենենդո կղզու տարածքում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) բեկորներ: Ընդգծվում է, որ տվյալ կղզին գտնվում է ԿԺԴՀ-ի հետ վիճարկվող սահմանի մոտակայքում:
Տեղի իշխանություններն ուսումնասիրում են ԱԹՍ-ի բեկորները՝ պարզելու համար, թե որ երկրին է պատկանել այդ սարքը: Վարկածներից մեկի համաձայն, այն պատկանում է ԿԺԴՀ-ին: Աղբյուրները հայտնել են, որ ԱԹՍ-ն ունի ճապոնական շարժիչ և գերազանցապես հավաքված է չինական դետալներով:
Միջադեպը գրանցվել է այն բանից մեկ օր անց, ինչ ԿԺԴՀ-ը և Հարավային Կորեան Դեղին ծովում՝ Պենենդո կղզու մերձակայքում, փոխանակվել են հրետանային համազարկերով: Հյուսիսկորեական կողմն իրականացրել էր մոտ 500 համազարկ, իսկ հարավկորեական կողմը՝ մոտ 300 կրակոց:
Փհենյանը հայտարարել էր, որ զորավարժություններ է անցկացնում, իսկ Սեուլը Հյուսիսի այդ գործողությունները որակել էր որպես «միտումնավոր սադրանք»: