Կլիմայական փոփոխությունների հետևանքով գարունն ու աշունը կարող են անցնել պատմության գիրկը. ՄԱԿ-ի զեկույց
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում ներկայացվել է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության գծով փորձագետների միջկառավարական խմբի զեկույցը, որում նշված է, որ աշխարհը պատրաստ չէ գլոբալ տաքացման հետևանքներին, որ Երկրի էկոհամակարգի փոփոխումն ունենալու է աղետալի ու անդառնալի հետևանքներ:
Զեկույցում նշված է, որ այդ հետևանքներն ակնհայտ կդառնան արդեն հաջորդ տասնամյակում՝ դրսևորվելով չափազանց սառը կարճ ձմեռներով, դրան հաջորդող չափազանց շոգ ամառներով, և դրանց միջև ընկած ժամկետներով, երբ շոգն ու ցուրտը օրվա ընթացքում կարող են փոխարինել միմյանց:
Գարունն ու աշունը կարող են անցնել պատմության գիրկը: Վատթարանալու է օդի որակը, փոխվելու է նրա քիմիական բաղադրությունը, տեղի է ունենալու համաշխարհային օվկիանոսի ջրի թթվայնության անխուսափելի բարձրացում:
2016-2035 թվականներին Երկրի մակերևույթի ջերմաստիճանն աճելու է մոտ 0.7 աստիճանով, իսկ մինչև 2081 թվականը՝ երկու աստիճանով՝ համեմատած 1986-2005 թվականների հետ, ինչը և շարունակվելու է 22-րդ դարում:
Ջերմաստիճանի փոփոխությունը ցամաքում տեղի է ունենալու ավելի արագ, քան՝ օվկիանոսում, սակայն տվյալ գործընթացն ամենակտրուկ կերպ արտահայտվելու է Արկտիկայում: Սառույցների հալվելը հանգեցնելու է 2081-2100 թվականներին համաշխարհային օվկիանոսի մակարդակը 0.58-0.98 մետրով բարձրացնելուն՝ համեմատած 1986-2010 թվականների հետ:
Մայրցամաքների ծովափերին բնակվող միլիոնավոր մարդիկ զոհվելու են հաճախակի ջրհեղեղների հետևանքով կամ էլ դառնալու են հարկադիր վերաբնակներ: Կտրուկ անկում է ապրելու գյուղատնտեսության արտադրողականությունը, ինչը Երկրի բնակչության աճի ֆոնին հանգեցնելու է սննդի ու խմելու ջրի պակասին: Միգրացիան ստանալու է աղետալի մեծ մասշտաբներ:
Աֆրիկայում ու Ավստրալիայում ջրհեղեղները կդառնան սովորական, չափազանց ուժգին շոգեր են սպասվում Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում ու Ասիայում: Կլիմայական այդ վատ պայմանների հետևանքով ամենաշատը տուժելու են բնակչության ամենաաղքատ շերտերը, երբ ջուրը, սնունդը և տնտեսական բարեկեցությունը կհայտնվեն սպառնալիքի տակ: