Լրջանալու պահը. ձևավորել կուսակցական համաձայնության կառավարություն և ազատվել բոլորից

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է, որ իրենք բարձրացնում են ոչ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի, այլև ամբողջ կառավարության փոփոխության հարցը, և, որ իրենց չի բավարարի, եթե ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանին փոխարինի մեկ այլ ՀՀԿ-ական: Նա նաև ասել է, որ եթե մեծամասնությունը չգնա փոփոխությունների, իրենք «կկազմակերպեն տասնյակ, հարյուր-հազարավոր մարդկանց ներկայությունը Երևանի փողոցներում, հրապարակներում, որոշող շենքերի դիմաց»:

Նա տեղեկացրել է նաև, որ դա ոչ թե իր անձնական տեսակետն է, այլ ԲՀԿ-ի, այսինքն՝ նաև Գագիկ Ծառուկյանի: Բաբայանն, իհարկե, չի բացատրել, թե ինչու է  Ծառուկյանը խուսափել այդ հայտարարությունն անել անձամբ, ասենք՝ սեփական հեռուստաընկերության եթերից, որը հեղեղված է ցանկացած հարցի վերաբերյալ նրա տեսակետներով: Բայց դա Բաբայանի կամ Ծառուկյանի խնդիրն է:

Ավելի կարևոր է այս հայտարարության բովանդակությունը: Եթե մի կողմ թողնենք հռետորաբանությունը, ապա դրա իմաստը հետևյալն է. եթե իշխանությունը չհամաձայնի ՀՀԿ-ական վարչապետին փոխարինել ոչ ՀՀԿ-ական, իմա՝ ԲՀԿ-ական վարչապետով, և եթե նույնպիսի փոփոխություն չկրի կառավարության կազմը, ապա ԲՀԿ-ն հարյուր-հազարավոր մարդկանց կհանի փողոց:

Կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են: Խոսքը, բնականաբար, հոտնկայս խմվող կենացների մասին չէ: ԲՀԿ-ն իշխանությանը սպառնում է փողոցով:

Դա միանգամայն նորմալ կարելի էր համարել այն դեպքում, եթե այդ սպառնալիքի հիմքում ընկած լիներ մոտեցումը, որ այս իշխանության յուրաքանչյուր օրը վնասում է Հայաստանին, որ ԲՀԿ-ն այս իշխանության հետ այլևս կոմպրոմիսի տեղ չունի և հարյուր-հազարավոր մարդկանց առաջնորդելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանում օրինական իշխանություն հաստատվի:

Բայց ԲՀԿ-ն իրականում ոչ թե սպառնում է այդ իմաստով, այլ սպառնալիքի անվան տակ իշխանությանը գործարք է առաջարկում՝ «տուր մեզ վարչապետի ու նախարարների պաշտոններ, և մենք փողոց չենք հանի մարդկանց»:

Այսինքն՝ այնպես չէ, որ իշխանությունն անշրջելի վատն է, և միայն հրապարակը կփրկի Հայաստանին: Իշխանությունը ԲՀԿ-ի համար կդառնա ավելի լավը, եթե կատարի իր պահանջը՝ վարչապետի ու նախարարների պաշտոնի տեսքով:

Այն, որ ԲՀԿ-ն այս իշխանության հետ կարող է գործարքներ կնքել, միանգամայն նորմալ է. այդ կուսակցությունն իր գոյության ընթացքում եռակի շատ ժամանակ է անցկացրել իշխանության մեջ, քան իշխանությունից դուրս: Նորությունն այն է, որ ԲՀԿ-ն ժողովրդին մտցնում է իր ու իշխանության հարաբերությունների մեջ, ու դա անում է ամենավատ ձևով՝ ժողովրդին կամ նրան փողոցում «կազմակերպելու» սպառնալիքն օգտագործելով` գործարքում  «գինը բարձրացնելու» համար:

Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Իշխանությունն առայժմ անուղղակիորեն, տարբեր խողովակներով ԲՀԿ-ին հասկացնում է, որ չափն անցնելու դեպքում նրան մաս կազմող գործարարները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կզրկվեն 100-1000-ավոր դոլարներից, կամ բոլորը միասին կստանան 100-ավոր տարիների գումարային ազատազրկման պատիժներ, ԲՀԿ-ն էլ իշխանությանը սպառնում է հարյուր-հազարավոր մարդկանց փողոց հանելով:

Թե ո՞րն է ավելի բարոյական, թող հասարակությունն ինքն ընտրի. տարիներ շարունակ անօրինականությունների վրա «աչք փակելու» և նախկին դաշնակցին դրա արդյունքում հավաքված կոմպրոմատներով սպառնալու՝ իշխանության մարտավարությո՞ւնը, թե՞ տարիներ շարունակ ժողովրդի հետ միայն ընտրակաշառքի՝ սերմացուի ու տրակտորի լեզվով հարաբերված ԲՀԿ-ի սպառնալիքը՝ փողոց հանել այն ժողովրդին, որի վրա իրենց և ՀՀԿ-ի կոալիցիոն իշխանությունը կրակում էր 6 տարի առաջ:

ԲՀԿ-ն, իհարկե, այս հարցում այլուրեքություն ունի. այսօր իրենց հետ է նաև 2008 թվականին ժողովրդին դիպուկահարների դեմ միայնակ թողած ՀԱԿ առաջնորդը:

Բայց դա էլ ԲՀԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական  բարոյականության  խնդիրն է:

Իսկ հասարակությունն այսօր մի անելիք ունի, որի ընդհանրական գնահատականը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իշխանությունից հեռանալուց ամիսներ առաջ. «Լրջանալու պահը»:

Ստեղծված իրավիճակում հարյուր-հազարավոր մարդիկ միայն մի նպատակով կարող են դուրս գալ փողոց՝ իշխանությունից պահանջել ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաև ՀԱԿ-ին ու Դաշնակցությանն ընդգրկել կառավարությունում, որպեսզի հասարակությունը կարողանա պայքարել նրանց բոլորի դեմ միասին: Ու այդ պայքարի արդյո՛ւնքում միայն Հայաստանում տեղի  կունենա ամբողջական իշխանափոխություն՝ ՀՀԿ-ով, ԲՀԿ-ով, ՀԱԿ-ով ու ՀԴՅ-ով, ու քառյակն իսկապես կռառնա հրաշալի: Ցանկության դեպքում՝ նրանց կարող է միանալ նաև «Ժառանգությունը»՝ հրաշալիքների թիվն ավելացնելով մեկով:

Թե ովքեր իշխանության կգան դրանից հետո, այլ խնդիր է: Միանշանակ է, որ նման՝ բովանդակային ու, բառի լայն իմաստով՝ ամբողջական իշխանափոխության արդյունքում Հայաստանը կունենա ավելի բարոյական իշխանություն և ավելի սկզբունքային ընդդիմություն:

Հայաստանում հարյուր-հազարավոր մարդկանց պետք էր «կազմակերպել փողոցում» սեպտեմբերի 4-ին կամ դեկտեմբերի 3-ին, երբ Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կնքեց  Հայաստանի ինքնիշխանության հանձնման պայմանագիրը, իսկ Գյումրիում փաստացի տեղի ունեցավ հանձնման-ընդունման ակտ: Բայց ԲՀԿ-ն՝ իր գործընկերների դուետի հետ, ոչ միայն այն ժամանակ, այլև այսօր առաջնորդվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դոկտրինով՝ «Պուտինի ցավը տանեմ»:

Ամենևին պետք չէ բացառել, որ ԲՀԿ-ն իրականում կարող է եթե ոչ՝ հարյուր-հազարավոր, ապա՝ մի քանի տասնյակ հազար մարդու մասնակցությամբ հանրահավաքներ կազմակերպել: Տեղի կունենա՞ դա, թե՞ ոչ՝ կախված է նրանից, թե որքանով հասարակությունը վերջապես կհետևի ՀՀ հիմնադիր նախագահի պատգամին ու բաց չի թողնի վերջապես գոնե մի անգամ լրջանալու պահը:

Տեսանյութեր

Լրահոս