Արարատ Զուրաբյան. «Հայաստանը հանձնողների հետ մենք կոմպրոմիս չունենք»
Երեկ «Ազատության» հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած հանրահավաքում ելույթ ունեցավ նաև ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ չնայած առկա բազմաթիվ խնդիրներին` կուտակային կենսաթոշակային համակարգ, կոռուպցիա, անարդարություն և այլն, Հայաստանի թիվ մեկ խնդիրն ինքնիշխանությունն է, ավելի ճիշտ` ինքնիշխանության կորուստը: Նա հայտարարեց նաև, որ այդ խնդրի լուծման համար պետք է օր առաջ ազատվել իշխանություններից` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս հարցերի շուրջ է մեր զրույցն Արարատ Զուրաբյանի հետ:
– Վերջին շրջանում մի շարք հանրահավաքներ են տեղի ունենում, մասնավորապես` ոչ իշխանական ուժերի կողմից, սակայն Դուք դրանցում ոչ միայն ելույթ չեք ունենում, այլ անգամ չեք մասնակցում: Ինչպե՞ս եք բացատրում Ձեր մասնակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:
– Հարգելով Րաֆֆի Հովհաննիսյանին, նշեմ, որ ես մասնակցում էի ու ելույթ ունեցա ոչ թե այն պատճառով, որ դա նրա ու «Ժառանգության» հրավիրած հանրահավաքն էր, այլ որովհետև հանրահավաքի` նախապես հայտարարված օրակարգը համարում եմ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցը:
Առաջին հերթին` ինքնիշխանության կորուստը: Այսօր մեզանից խլում են ամեն ինչ` աշխատավարձ, կենսաթոշակ, աշխատատեղգ սակայն մեզանից խլում են ամենակարևորն ու ամենասրբազանը` Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, որի համար նույն հրապարակում պայքարել ենք 26 տարի առաջ: Որի համար մեր եղբայրները զոհվել են Արցախյան պատերազմում: Մեր անկախությունը խլում են նրանք, ովքեր ուզում են վերականգնել ԽՍՀՄ-ը, վերականգնել այն երկիրը, որից անկախանալու համար պայքարել ենք մենք: Խլում են նրանք` հանձնում են մեր իշխանությունները: Պարտադրված թե կամավոր, մեզ այլևս չի հետաքրքրում, որովհետև Հայրենիքի դեմ հանցանք գործողներին հանգամանքները չեն արդարացնում:
– Պարոն Զուրաբյան, ո՞րն է նման կտրուկ դիրքորոշման պատճառը:
– Մարտի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը ցույց տվեց, որ Հայաստանը որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ` այլևս, ցավոք սրտի, գոյություն չունի: Դեմ քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Ղրիմի հանրաքվեն անօրինական որակող բանաձևին` Հայաստանը հայտնվեց քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված, «իզգոյ» երկրների ընտանիքում: Եթե, իհարկե, ընտանիք կարելի է համարել պետությունների մի միավորում, որոնց ղեկավարներն իշխում են` մարդկանց խոշտանգելով, ընտանիքներ քայքայելով: Ռուսաստան, Բելառուս, Բոլիվիա, Հյուսիսային Կորեա, Նիկարագուա, Կուբա, Սուդան, Սիրիա, Վենեսուելա, Զիմբաբվե:
Ահա այն երկրները, որոնց հավասարվեց Հայաստանը: Ընդամենը մի քանի ամիս առաջ դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը, եվրոպական քաղաքակրթության մեջ պատմական ներդրում ունեցող Հայաստանն իշխանությունը բռնազավթած մի քանիսի պատճառով այլևս ընկերակցում է աֆրիկյան պետություններին, հակաժողովրդավարական պետություններին: Այսինքն` դեմ քվեարկելով Ուկրաինային` Հայաստանը դեմ քվեարկեց աշխարհին` հանուն Ռուսաստանի և ընդդեմ Հայաստանի շահի:
Հայաստանը մի երկրի հետ բարեկամությունը վաճառեց մեկ այլ երկրի պարտադրված եղբայրությանը: Բայց, ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, մեկի հետ բարեկամության հաշվին կառուցված եղբայրությունը մեկ ուրիշի հետ պատժվում է, չի ներվում: Մեր պահանջը ոչ միայն ամբողջական իշխանափոխության, այլ Հայաստանի ամբողջականությունը պահպանելու պահանջ է: Գործող իշխանությունը սպառնում է Հայաստանի ամբողջականությանը, որն առանց ինքնիշխանության` պետությունից վերածվում է տարածքի:
– Ռուսաստանի դիրքորոշման պաշտպաններն ասում են, որ Հայաստանը դեմ քվեարկելով այդ բանաձևին` պաշտպանում է ինքնորոշման իրավունքը, այդպիսով նպաստելով Ղարաբաղի անկախության ճանաչմանը:
– Մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, թե որքան վտանգավոր է Ղրիմի համեմատությունը Ղարաբաղի հետ: Քանի որ դա նշանակում է` ի սկզբանե լեգիտիմացնել երբևէ Ղարաբաղը Ռուսաստանին բռնակցելու իրավունքը, որը, ցավոք, Հայաստանի ու Ղարաբաղի որոշակի շրջանակների երազանքն է: Եթե համեմատությունների ու նախադեպերի մասին ենք խոսում, ապա ինչո՞ւ որևէ ծպտուն չեն հանում Կատալոնիայում, Շոտլանդիայում ընթացող անկախացման գործընթացների վերաբերյալ: Ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում Վենետոյի ինքնիշխանության իրավունքի իրացման մասին, որը տեղի է ունենում հենց այս օրերին Իտալիայում` Եվրոպայի սրտում:
– Ձեր ելույթում հայտարարեցիք, որ այս իրավիճակի միակ ելքը գործող իշխանության ամբողջական հեռացումն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դուք, փաստորեն, փոքրամասնություն եք դառնում այսօրվա ընդդիմության մեջ, որի ներկայացուցիչները փուլային կամ հանգրվանային իշխանափոխության կողմնակիցներ են:
– Նախ` թույլ տվեք չհամաձայնել ձեր որակման այն հատվածին, որը վերաբերում է ընդդիմությանը: Ընդդիմությունը կոնկրետ կատեգորիա է` կոնկրետ անվանմամբ: Նրանք, ում դուք հղում եք անում, իրենց անվանում են քաղաքականությանն ու մարդկությանն անհայտ անունով` ոչ իշխանական ուժեր, որոնք, առանձին վերցրած, սակայն սկզբունքային` Հայաստանի համար ճակատագրական հարցերում իշխանությունից ավելի ռուսամետ դիրքորոշումներ են հայտնում: Բայց ամեն մեկն ինքն է ընտրում իր պայքարի նպատակներն ու մեթոդները:
Հայոց Համազգային Շարժումը մերժում է այս իշխանությանն ու այս իշխանության ստրկամիտ քաղաքականությանը լռությամբ աջակցողներին: Նույն Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանը հայտարարում էր` ավելի լավ է մեռնել, քան դառնալ ստրուկ: Ինչպես Շանթը, մենք ևս չենք պատրաստվում մեռնել, մենք արմատախիլ ենք անելու ստրուկի հոգեբանությունը` իշխանությունից հեռացնելով նրանց, ովքեր այդ հոգեբանությամբ հանձնում են երկիրը:
– Այսինքն` Դուք բացառում եք իշխանության հետ որևէ փոխզիջում: Հիմա նույն ոչ իշխանական ուժերը բազմաթիվ հարցերում փոխզիջման են գնում իշխանության հետ` հանձնաժողովներ են ստեղծում, և այլն:
– Քաղաքականությունը, այո, նաև փոխզիջումների արվեստ է: Բայց, ինչպես ամեն ինչ, այնպես էլ փոխզիջումն ունի սահման: Եվ այդ սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ կոմպրոմիսը հատվում է բանականության, արժանապատվության ու պետության անկախության հետ: Հայաստանը հանձնողների հետ մենք կոմպրոմիս չունենք: Մենք կոմպրոմիս ունենք ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր չեն ուզում դառնալ գաղթական ազգի արատավոր պիտակը կրող ժողովրդի հերթական ներկայացուցիչը: Մենք կոմպրոմիս ունենք այն քաղաքացիների հետ, ովքեր կոմպրոմիսի չեն գնում` կուշտ, բայց ստրուկ լինելու երկընտրանքում:
Այսօր զոհասեղանին է դրված Հայաստանի` պետություն ունենալու իրավունքը: Այդ իրավունքի համար մենք պայքարել ենք քառորդ դար առաջ: Մենք պատրաստ ենք դրա համար պայքարել նաև այսօր: Իշխանությունն իր քայլերով Հայաստանը հավասարեցրեց Հյուսիսային Կորեային ու աֆրիկյան մի քանի պետությունների: Մենք թույլ չենք տալու Հայաստանը դարձնել տափաստան: Այո, աֆրիկաներում կան հարուստ հանքեր ու սավաննաներ, հարուստ է նաև աֆրիկյան ազգերի մշակույթը: Թող գործող, նախկին ու ավելի նախկին իշխանությունները գնան Աֆրիկա` ոսկի ու ադամանդ կորզելու, առյուծներ սպանելու ու սեպագրեր ուսումնասիրելու: Իսկ մենք թույլ չենք տալու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դարձնել սեպագիր արձանագրություն: