«Global Insight»-ի վերլուծաբան. Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարող էր չեզոք դիրք գրավել և չարեց, թե՞ չէր կարող
«Global Insight» պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի կարծիքով` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից Ղրիմի բանաձևին դեմ քվեարկելու գլխավոր պատճառները Լեռնային Ղարաբաղի հարցը և Հայաստանի վրա Ռուսաստանի մեծ ազդեցությունն են:
168.am-ի հետ զրույցում Լիլիթ Գևորգյան նշեց, որ դրանք այս հարցում երկու վճռորոշ հանգամանքներ են. առաջինը` Հայաստանն ունի ղարաբաղյան հիմնախնդիր, որի կարգավորման գործընթացում պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որի պատճառով Հայաստանը սատարում է Ռուսաստանին Ղրիմի հարցում, երկրորդը հանգամանքը, որն ավելի հիմնավոր է, Հայաստանի վրա Ռուսաստանի մեծ ազդեցությունն է:
«Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանի արբանյակ-պետությունը, և, բնականաբար, եվրոպացի ու ամերիկյան քաղաքական գործիչների համար բացահայտում չէ այն փաստը, որ Հայաստանն այնքան էլ անկախ արտաքին քաղաքականություն չունի և այս հարցում պարզապես հետևում է ռուսական արտաքին քաղաքականությանը»,- նշեց Լիլիթ Գևորգյանը:
Նրա խոսքերով` այս դեպքում Հայաստանի նախագահի համար ավելի հեշտ է բացատրել այսպիսի դիրքորոշումը, քանի որ Հայաստանն նման դիրքորոշում ունի ԼՂ-ի հարցում: Թեև ըստ վերլուծաբանի` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նպաստելը Հայաստանի դիրքորոշման շարժառիթներից մեկն է, միաժամանակ նա վստահ չէ, որ Ռուսաստանը հատկապես ներկայիս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում նույնպիսի պահվածք կդրսևորի ղարաբաղյան հարցում և հրաժարվելով Մինսկի խմբի ձևաչափից` կտրուկ այլ դիրքորոշում որդեգրի` հօգուտ Հայաստանի: Լիլիթ Գևորգյանի կարծիքով` ԼՂ-ի հարցն ավելի շատ նման է Կոսովոյին, քան Ղրիմին, և Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև զուգահեռները կարող են վնասել ղարաբաղյան կարգավորմանը:
«Իսկապես Ղրիմի հանրաքվեի անցկացման գործընթացում կային թերություններ. այն անցկացվել է կարճ ժամանակահատվածում, ազատ քարոզարշավի հնարավորություն չի տրվել, զորքերն էին ներկա: Ղարաբաղի դեպքում որոշումը կայացվել է, երբ այլընտրանք չի եղել, որովհետև բռնի ուժ է գործադրվել էթնիկ հայերի նկատմամբ: Նույն փաստարկն ունի Կոսովոն: Սա պատճառներից մեկն էր, որ Արևմուտքը պաշտպանեց Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բացի այդ` Ղարաբաղը անմիջապես չի միացել Հայաստանին, Ղարաբաղը ցանկանում է դառնալ միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն»,-բացատրեց վերլուծաբանը:
Լիլիթ Գևորգյանն ավելացրեց, թե համաձայն է, որ ավելի չեզոք դիրքորոշումը, ձեռնպահ քվեարկելն ավելի ճիշտ և ավելի օգտակար կլիներ Հայաստանի համար:
«Այնպիսի փոքր պետություններ, ինչպիսին օրինակ, Հայաստանն է, երբ հայտնվում են աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ, իհարկե, միշտ էլ ավելի լավ է, որ չեզոք դիրք գրավեն, եթե կարող են: Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք նախագահը կարող էր և չարեց, թե՞ չէր կարող: Իմ կողմից այդ հարցին պատասխանելը սպեկուլիացիա (շահարկում) կլինի: Եթե ասեմ` կարող էր և չարեց, անհիմն կարծիք կլինի, գուցեև չէր կարող: Ես վստահ չեմ, թե ինչն էր շարժառիթը, որովհետև Հայաստանում որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ չէ: Չեմ կարծում, որ եղել է թափանցիկ որոշում կամ հասարակության հետ երկար քննարկում»,- ավելացրեց բրիտական կենտրոնի վերլուծաբանը: