Երևանում «Մայդան» չի լինի. ո՞վ լռեցրեց «Դեմ եմ»-ին

Երեկ «Դեմ եմ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ նախաձեռնությունը մարտի 28-ին, Սահմանադրական դատարանի դիմաց խորհրդանշական լուռ ակցիա կկազմակերպի, կոչեր ու ելույթներ չեն հնչի:

«Այդ օրը սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, և ելույթների, կոչերի փոխարեն՝ կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ: Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում»,- նշված է քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ: Բայց «Դեմ եմ»-ն այդքանով չի սահմանափակվում: Հայտարարությամբ շարժման նախաձեռնողները տեղեկացնում են, որ այդ օրը որևէ այլ միջոցառման չեն մասնակցելու: Սա ուշագրավ է նրանով, որ մարտի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, որոնք նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքն այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում»,- ասված է «Դեմ եմ» նախաձեռնության հայտարարության մեջ:

Այն, որ պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող երիտասարդները չեն ցանկանում ազդել ՍԴ-ի վրա՝ շատ առաքինի և սահմանադրականության ակունքներից բխող որոշում է: Սակայն, եթե հաշվի առնենք նույն երիտասարդների հայտարարությունները, ովքեր իշխանության ցանկացած ներկայացուցչի կողմից այս համակարգի վերաբերյալ արտահայտած կարծիքը միանգամայն իրավացիորեն գնահատում էին՝ որպես ՍԴ-ի վրա ազդելու փորձ, ապա, մեղմ ասած, տարակուսելի է նրանց այս դիրքորոշումը: Այսինքն,  եթե նրանք քննադատում էին պաշտոնյաների՝ ՍԴ-ի վրա ազդելու անթաքույց փորձերը, ի՞նչն է նրանց խանգարում՝ նույնպիսի, սակայն հանրային, հասարակական ազդեցություն գործել այդ մարմնի վրա: Հասարակական ճնշումը, վստահաբար, ՍԴ անդամներին կդրդի ավելի օբյեկտիվ որոշում կայացնել:

Բայց, ինչպես տեղեկացնում են նախաձեռնողները, նրանք այդ օրը որոշել են լռել: Սա ևս կարելի կլիներ նորմալ համարել. գուցե երիտասարդներին չի բավականացրել քաղաքական փորձառությունը՝ նման իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու համար: Բայց առավել ուշագրավ ու մտորելու տեղիք է տալիս նրանց հայտարարության վերջին մասը՝ գրեթե սպառնալից տոնով հնչած կոչը՝ հանկարծ որևէ մեկը չհամարձակվի խախտել սահմանադրական լռությունը: Շատ հետաքրքիր է՝ հատկապես ո՞վ է այս գաղափարի հեղինակը: Արդյո՞ք երիտասարդները:
Սահմանադրական դատարանը գտնվում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:

Եթե այդ օրը նաև քաղաքական ուժերը միանային երիտասարդների ակցիային, ապա կարող էր, ինչպես ասում են, մի քանի ժամում իրավիճակ փոխվել: Պատկերացրեք՝ մի քանի հազար մարդ, գոնե այնքան, որքան վերջին հանրահավաքին, հավաքվում էր Բաղրամյան պողոտայում՝ դրանից բխող ու ՍԴ-ից վեր բարձրացող հետևանքներով: Իսկ եթե մի քանի հազարից անգամ մի քանի հարյուրը գարնանային  գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացնելու համարձակություն ունենային, ապա Գալուստ Սահակյանը թումանյանական զեղումներից ստիպված կլիներ անցում կատարել Չարենցյան ընթերցումների: Հնարավոր է՝ ոչ խորհրդարանում: Սակայն «Դեմ եմ»-ի հայտարարությունից հետո նա հանգիստ կարող է վերլուծել, թե իրականում ո՞ւր էին գնում «ամբոխները խելագարված»:

Ամբոխներին, ըստ ամենայնի, հաջողվել է «բուժել»:

Ի դեպ, որքան զարմանալի, նույնքան էլ օրինաչափ ու հասկանալի է ոչ իշխանական քառյակի լռությունը ՍԴ-ի դիմաց լուռ ակցիա անցկացնելու վերաբերյալ: Դա միանգամայն տեղավորվում է նրանց ներկայիս գործունեության ծիրում:

Պատկերացնո՞ւմ եք՝ «Դեմ եմ»-ը հակառակ բովանդակությամբ հայտարարություն աներ և բոլոր քաղաքական ուժերին կոչ աներ մարտի 28-ին հավաքվել ՍԴ-ի դիմաց: Ի՞նչ էր անելու «հրաշալի քառյակը», որի համար Հայաստանի նախագահը Տիգրան Սարգսյանն է:

Համենայնդեպս ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը նրանք ներկայացնում են՝ որպես «ամբողջական իշխանափոխության» հասնելու անփոխարինելի ճանապարհ: Այսքանից հետո մնում է հուսալ, որ ՍԴ-ն կլսի «Դեմ եմ»-ի լռությունը և գոնե մասնակիորեն կկասեցնի պարտադիր կուտակային համակարգը: Հակառակ դեպքում ստիպված կլինենք արձանագրել՝ «Ափսոս էր շարժումը»: Ցավով:

Տեսանյութեր

Լրահոս