Բաժիններ՝

ԵՊԲՀ դասախոսների հետ քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը

Մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ բազմաթիվ լսարանների հետ է հանդիպել, և մարդկանց մոտ բարեփոխումների, դրանց տրամաբանության, նպատակների, օրենքի դրույթների վերաբերյալ հավաստի տեղեկատվության պակաս կա։ «Կենսաթոշակային բարեփոխումը ցանկացած երկրում ամենաբարդ ռեֆորմն է։ Եվ պետք է լավ մասնագետ լինել՝ բոլոր ասպեկտներին տիրապետելու համար։ Մենք ունենք խնդիր՝ հասարակության տարբեր շերտեր ներկայացնող քաղաքացիներին հնարավորինս մատչելի ներկայացնելու ճշգրիտ տեղեկատվությունը։ Շատ դեպքերում արվում է մանիպուլյացիա. ոչ մասնագետները խոսում են բարեփոխումներից՝ նույնիսկ իրենք տեղյակ չլինելով դրանց մասին և ապակողմնորոշելով քաղաքացիներին, ինչն անընդունելի է։ Մենք պետք է ճշգրիտ ինֆորմացիան հասցնենք քաղաքացիներին, որպեսզի ամեն ինչ հստակ լինի»,- նշեց նախարարը։
Բժշկական համալսարանի դասախոսներին մտահոգում էր, թե կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումը որքանով կանդրադառնա կյանքի որակի վրա, ինչքանով պետությունն իրավունք ունի վերահսկել ֆոնդերը, կարող է արդյոք կենսաթոշակային ֆոնդը սնանկանալ, արդյոք այսօր կատարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային փոխանցումները մոտ ապագայում կօգնեն տնտեսության զարգացմանը, ում կողմից է վերահսկվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեությունը և այլն։
Պետական բժշկական համալսարանի բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Լյուդվիգ Պետրոսյանը հանդիպման ավարտին նշեց, որ իր մտահոգությունները մասամբ փարատվեցին։ Նա կցանկանար, որպեսզի ավելի հստակ ինֆորմացիա ստանար, թե կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչները նախկինում որ երկրներում քանի տարի են աշխատել, ինչ ցուցանիշներ են գրանցել, բնակիչների համար միջինում ինչ եկամտաբերություն են ապահովել։ «Ողջունելի են նման հանդիպումները, քանի որ այլ տարբերակով մենք չենք լուսաբանվում։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող մուլտիկները չեն կարող համոզիչ լինել։ Մեզ ավելի մանրամասն, հանգամանալի բացատրություն էր պետք, ինչն այսօր փորձում են անել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այլ պաշտոնյաներ»,- ասաց Լյուդվիգ Պետրոսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ նկատեց, որ երիտասարդական հիմնադրամը պատրաստ է նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել ցանկացած կազմակերպության հետ, որտեղ քաղաքացիներին հուզող հարցերին պատասխաններ կտրվեն տարբեր գերատեսչությունների ղեկավարների և մասնագետների կողմից։ «Հիմնադրամը քննարկումներ կազմակերպելու առաջարկով դիմել է տարբեր շահագրգիռ խմբերի, այդ թվում «Դեմ եմ» շարժմանը։ Վերջիններից, սակայն, դեռ պատասխան չի ստացվել։ Հուսով ենք, որ նման քննարկում տեղի կունենա նաև նրանց հետ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս