Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
Դիմում-հայտարարություն
Մենք բազմիցս բարձրացրել ենք մեր իրավունքների ոտնահարման հարցը, ահազանգել ենք օրենքների անտեսման, խախտման մասին դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացի ընթացքում, ինչի հետևանքով մենք և մեր ընտանիքները գտնվում ենք ծանր հոգեկան ապրումների մեջ և ենթարկվում ենք բարոյահոգեբանական խոշտանգման։
ՀՀ Քր օր. 48, 76, 77, Քրեակատարողական օր.-ի 114, 115-րդ հոդվածների պահանջները չեն գործում նույնիսկ ամենադրական դատապարտյալներիս նկատմամբ։ Մենք կրե՛լ ենք ՀՀ Քր օրի-ի 76-րդ հոդվածով սահմանված յուրաքանչյուրիս հոդվածին համապատասխան պատժի նվազագույն ժամկետը, որից հետո մեզ հասնում է վաղաժամկետ պայմանական ազատում կամ պատժի մնացած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում։ Մենք չունենք տույժ, մասնակցում ենք հանրօգուտ միջոցառումներին, մեզանից շատերն արժանացել են խրախուսանքների, վճարովի կամ անվճար հիմունքներով աշխատում են Քրեակատարողական հիմնարկում, կարգապահական տույժեր թույլ չենք տվել կամ վաղուց մարված են։
Սակայն, միևնույն է, ոչ մեկս չենք կարողանում օգտվել մեզ հասանելիք վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքից, սակայն մենք նկատել ենք, որ բոլորս դատապարտված ենք նույն հոդվածներով` 104, 112, 113, 175, 176, 177 3 մաս, 178, 215, 268, և մեզանից ոչ մեկին չեն ազատում` պահելով մինչև օրացուցային ազատում։ Ամեն ամիս վաղաժամկետ պայմանական ազատման ներկայացվող 100-130 դատապարտյալից վաղաժամկետ ազատվում են 3-4 մարդ, որոնց օրացուցային ազատմանը մնում է 1-13 ամիս, և, ընդորում, դատապարտված են ոչ վերը նշված հոդվածներով։
Մենք` ներքոստորագրող դատապարտյալներս, լինելով լիովին արդարացի, դիմում ենք Ձեզ, տալով հայտարարություն մեր իրավունքների ոտնահարման և մի շարք օրենքների անտեսման մասին, խնդրելով Ձեզ ընդունել մեր հայտարարությունը` հանձնարարելով, որպեսզի վերականգնվի արդարությունը, և վաղաժամկետ պայմանական ազատումը գործի ըստ օրենքի տառի, այլ ոչ թե հակապետական և հակահասարակական դիրք բռնած անձանց` չգրված դաժան և սահմռկեցուցիչ օրենքներով, որոնց հետևանքները սարսափելի են։
Ներքոստորագրողներ` «Կոշ» ՔՀԿ թվով 21 դատապարտյալներ
24.02.2014թ.