Հայաստանը կարո՞ղ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

Գնահատականները, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից, Ղրիմը՝ Ռուսաստանի կազմ ընդգրկելուց հետո աշխարհում փոխվել են խաղի կանոնները, որ քնել ենք՝ այլ, արթնացել՝ միանգամայն այլ աշխարհում, և այլն, առաջին հայացքից կարող են թվալ պերճախոս ձևակերպումներ կամ հռետորական այլաբանություններ, որոնք օգտագործում են քաղաքական գործիչները՝ ասելիքն ավելի համոզիչ դարձնելու նպատակով: Բայց այս դեպքում, ըստ ամենայնի, այդ ձևակերպումներն ավելի շատ իրականությունն արտահայտող գնահատականներ են, քան ուղղակի գեղեցիկ խոսքեր:
Աշխարհում փոխվում են խաղի կանոնները, փոխվում են շատ արագ, փոխվում են այն կառույցների երկրների կողմից, որոնք սահմանում են այդ կանոնները:

Ու եթե քաղաքական հաստատությունների, ասենք՝ Եվրամիության դեպքում երկրների անդամակցության ընթացակարգերի փոփոխության մասին հայտարարությունները (օրինակ՝ Ուկրաինային արագացված ռեժիմով ԵՄ անդամություն առաջարկելու վերաբերյալ) կարելի է համարել քաղաքական ընթացիկ զարգացումների ֆոնն ապահովելուն ուղղված քարոզչություն, ապա նույնը չի կարելի ասել աշխարհի  ուժային կենտրոններից մեկի՝ ՆԱՏՕ-ի մասին, որն, ի դեպ, համարվում է ամենապահպանողական կառույցներից մեկն աշխարհում՝ դրանում գործող կանոնակարգերի փոփոխության առումով: Վերջին մեկ-երկու օրվա ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ ստիպում են մտածել, որ ՆԱՏՕ-ն կարող է ոչ թե հեռավոր, այլ տեսանելի ապագայում փոխել խաղի կանոնները:

«Պատերազմում՝ ինչպես պատերազմո՞ւմ»

Այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաստատել է արևմտյան մամուլում ավելի վաղ շրջանառվող տեղեկությունները, որ Ուկրաինայի իրադարձությունները կարող են փոխել նոր անդամների ընդունման հարցում Հյուսիսատլանտյան դաշինքի մոտեցումը: Ֆոգ Ռասմուսենը հիշեցրել է, որ այժմ Մոնտենեգրոն և Վրաստանը, Բոսնիան ու Հերցեգովինան, Մակեդոնիան փորձում են միանալ ՆԱՏՕ-ին: Ուկրաինական իրադարձություններով պայմանավորված՝ ՆԱՏՕ-ի մոտեցման հնարավոր փոփոխությունը, բնականաբար, առաջին հերթին՝ կարող է կապված լինել մինչ այժմ գործող այն արգելքի հետ, որ ՆԱՏՕ-ին չի կարող անդամակցել այլ երկրի հետ տարածքային վեճ ունեցող որևէ պետություն: Ընդ որում, եթե մինչև վերջերս, Ղրիմի հանրաքվեի ժամկետի հայտարարումից հետո արևմտյան քաղաքական կենտրոններում մտածում էին, որ, այնուամենայնիվ, պետք է հաշտվել Ղրիմի կորստի հետ և քննարկում էին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը առանց Ղրիմի, ապա հատկապես վերջին օրերին Ուկրաինայի իշխանությունների կողմից Ղրիմի՝ ուկրաինական տարածք համարվելու և դրա համար պայքարելու պատրաստակամության մասին հայտարարություններից հետո, կարծես, մոտեցումը փոխվել է:

Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ դա բացառապես Ուկրաինայի ժամանակավոր իշխանությունների  քաղաքական կամքի դրսևորում է, որը ՆԱՏՕ-ին ստիպել է փոխել մոտեցումը դաշինքի հիմքում դրված կարևորագույն սկզբունքներից մեկի վերաբերյալ: Շատ ավելի հավանական է, որ նույն արևմտյան քաղաքական կենտրոններում են փոխվել հաշվարկները, և այժմ քննարկվում է նաև տարածքային վեճ ունեցող երկրների` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունը: Թե աշխարհաքաղաքական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ  դա, այլ քննարկման թեմա է. բավական է միայն նշել, որ տարածքային խնդիր ունեցող անդամ ունենալու դեպքում ՆԱՏՕ-ն դառնալու է այդ տարածքային վեճի կողմ:

Արդյո՞ք հենց Ղրիմի կամ միայն Ղրիմի աշխարհագրական-ռազմավարական նշանակությունն է ստիպել մտածել ՆԱՏՕ-ի դոկտրինի փոփոխության մասին, դժվար է ասել: Բայց եթե դա տեղի ունենա, ապա, թերևս, հնարավոր կլինի արձանագրել, որ Արևմուտքը Ղրիմի բռնակցմանը Ռուսաստանին պատասխանում է «պատերազմում՝ ինչպես պատերազմում» սկզբունքով:

Անհնարինը՝ իրակա՞ն

ՆԱՏՕ-ի կանոնների փոփոխության հավանականության մասին մեկ այլ վկայություն կարող է լինել նաև այն, որ ընդամենը 5 օր հետո՝ մարտի 26-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ հանդիպելու նպատակով: Ենթադրաբար, Օբամայի այցը կարող է կապված լինել հենց այդ՝ ՆԱՏՕ-ի մոտեցման փոփոխության հետ, քանի որ ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով ներկայիս լարված պայմաններում հազիվ թե ԱՄՆ նախագահն այցելեր Բրյուսել: Հատկապես, որ ընդամենը երկու օր առաջ Վաշինգտոնում էր Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Այս ֆոնին բավական հետաքրքիր է դառնում տեղեկությունը, որ հուլիսին Ուկրաինայում անցկացվելու են «Rapid Trident-2014» խորագրով զորավարժություններ. այդ մասին հայտնել է ԱՄՆ Ատլանտյան խորհուրդը:  Զորավարժությունների՝ պաշտոնապես հայտարարվող նպատակն է՝ տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովումը, ինչպես նաև ԱՄՆ բանակի, Ուկրաինայի ցամաքային զորքերի և ՆԱՏՕ-ի այլ անդամների միջև փոխհարաբերությունների սերտացումը: «Guardian»-ի տեղեկություններով՝ այդ զորավարժություններին կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայի զինված ուժերը: Ավելացնենք, որ զորավարժություններն անցկացվելու են Լվովում՝ Լեհաստանի հետ սահմանագծին: Նախնական տեղեկություններով՝ այդ զորավարժություններին կարող են մասնակցել նաև զինվորականներ Կանադայից, Մոլդովայից, Լեհաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից և Ռումինիայից:

Առաջին հայացքից՝ Հայաստանից հեռու ծավալվող այս իրադարձություններն իրականում կարող են անմիջականորեն առնչվել ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղին: Հայաստանում ՆԱՏՕ-ին անդամակցության մասին խոսակցություններ անգամ լրջորեն չեն վարվել ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այլ նաև ելնելով հենց ՆԱՏՕ-ի՝ տարածքային վեճ ունեցող երկրներին դաշինքի կազմ չընդունելու՝ հայտնի սկզբունքից: (Թեև Հայաստանը պաշտոնապես հանդես է գալիս՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, սակայն ՀՀ ներկայիս և նախկին իշխանությունների քաղաքականության արդյունքում ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մղելուց հետո միջազգային հանրությունը, դժբախտաբար, Հայաստանին վերաբերվում է որպես տարածքային վեճի կողմ):

Ու հիմա, երբ քննարկվում է ՆԱՏՕ-ի սկզբունքներից մեկի  փոփոխության հնարավորությունը, Հայաստանում կարող են թեկուզ տեսական, հիպոթետիկ հարթությունում մտածել այդ դաշինքին անդամակցության մասին: Քանի դեռ Ռուսաստանը չի պահանջել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով Հայաստանի համագործակցությունը, որն, ի դեպ, բավական բարձր է գնահատվում նույն ՆԱՏՕ-ի և արևմտյան գործընկերների կողմից:

Դեպի ապահով Հայաստա՞ն

Այս համատեքստում միանգամայն այլ նշանակություն է ստանում այսօր Երևանում կայացած «ՆԱՏՕ-Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը»  խորագրով միջազգային կոնֆերանսն ու դրանում հնչած հայտարարությունները: Մասնավորապես, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է որևէ «անցումային համակարգ» առաջարկի  Հարավային Կովկասի երկրներին: Իր ելույթի սկզբում խոսելով Ղրիմի հանրաքվեի մասին և այն որակելով որպես Ռուսաստանի կողմից իրականացված անեքսիա՝ դեսպանն ասել է, թե առաջիկա հնարավոր զարգացումները մեծապես պայմանավորված են ՄԱԿ-ի,  ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի, Ուկրաինայի գործողություններին Ռուսաստանի արձագանքով:

«Երկարաժամկետ հեռանկարում արդյունքը կլինի կոնսոլիդացիան, տարածաշրջանային համագործակցության զարգացումը: Սակայն այս գործընթացը խոչընդոտվում է ձգձգված հակամարտությունների պատճառով: Մենք ուզում ենք Կովկասը տեսնել անվտանգ և ծաղկող»,- ասել է Ք.Լինչը: «Ներկայիս իրադարձություններում ո՞ւմ շահերից է բխում, որ հայ-թուրքական սահմանը փակ է»,- հարցադրում է արել դեսպանը՝ չպատասխանելով հարցին: Հասկանալի է՝ խոսքը Ռուսաստանի մասին է:

Բնականաբար, ամենևին պատահական չէ միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին, նոր «անցումային համակարգ» առաջարկելու հրամայականի հնչեցումը հենց հայ-թուրքական հարաբերությունների հիշատակմամբ: Հասկանալի է, որ դեսպանի կողմից դիտարկվող նոր համակարգը կարող է կամ պետք է ներառի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ՝ Հայաստանի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքներով: Ավելացնենք նաև Ք. Լինչի վերջին հայտարարությունը. «Ես տպավորված եմ, թե ինչպես է ՀՀ-ն՝ լինելով ՀԱՊԿ անդամ, կառուցում իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ», որը պատկերն ավելի ամբողջական է դարձնում:

Ի՞նչ «անցումային համակարգի» մասին է խոսքը, ի՞նչ բաղադրիչներ ու հեռանկարներ է դա ենթադրում, արդյո՞ք դա կապ ունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ վերը նշված հայտարարության, Օբամայի՝ առաջիկա բրյուսելյան այցի հետ, կոնֆերանսում, բնականաբար, չի պարզաբանվել, քանի որ նման կարևորագույն հարցերի վերաբերյալ պարզաբանումները տրվում և ստացվում են միանգամայն այլ ձևաչափերում: Երեկ հնչել են ընդամենն ուղերձներ, որոնք համադրելով ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումների ու ավելի բարձր միջազգային ամբիոններից հնչած հայտարարությունների հետ՝ կարելի է հետևություններ անել:

«Հայաստանը կարո՞ղ է անդամակցել ՆԱՏՕ-ին»: Այս հարցն ընդամենը մեկ ամիս առաջ կարող էր անհեթեթ հնչել: Այսօր արդեն այն կարող է հնչել՝ որպես հռետորական, սակայն՝ ոչ իրականությունից կտրված հարց: Հաշվի առնելով համաշխարհային գործընթացների զարգացման արագությունը, բացառված չէ, որ կարճ ժամանակ անց արդեն այդ հարցը ներառվի քաղաքական օրակարգում:

Երկու օր առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Ռուսաստանին մոտ գտնվող մյուս երկրները նույնպես կարող են ենթարկվել ագրեսիայի, եթե Ուկրաինայի հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները մնան անպատիժ. «Կարծում եմ, որ դուք կտեսնեք բազմաթիվ այլ երկրների, որոնք կա՛մ ուղղակիորեն կբախվեն ռուսական ագրեսիային, կա՛մ էլ նրանց քաղաքական համակարգին այնպես կգնեն ու կահաբեկեն, որ նրանք կվերածվեն վասալների և ոչ թե՝ ինքնիշխան ժողովրդավարության»,- ասել էր Քլինթոնը, ով դեռևս երկու տարի առաջ՝ ԱՄՆ վարչակազմում աշխատելու ժամանակ, հայտարարել էր, որ Մաքսային/Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ը վերածնելու փորձ է, ինչն այն ժամանակ չափազանցություն էր թվում:

Անկախ Քլինթոնի հայտարարությունից, ռուսական էքսպանսիայի վտանգը ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող երկրներում առավել քան իրատեսական է: Ավելի իրատեսական, քան դրան դիմակայելու հարցում Պուտինին պատժելու արդյունավետությունը: Քլինթոնն այժմ պաշտոնյա չէ և կարող է ավելի ազատ լինել իր առաջարկություններում: Հասկանալի է նաև, որ ոչ միայն ԱՄՆ վարչակազմում, այլ նաև արևմտյան մյուս տերությունների ու միջազգային ռազմաքաղաքական կառույցների ղեկավարություններում հասկանում են, որ միայն Պուտինի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող արգելակել  ռուսական հնարավոր էքսպանսիան հետխորհրդային այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Հասկանում են ու, ըստ ամենայնի, փորձում են խնդիրը լուծել «հակառակ կողմից»: Այսինքն՝ այլընտրանք առաջարկելով: Տարբերությունը, ռուսական ու ոչ ռուսական այլընտրանքների, թերևս, բխում է նույն Քլինթոնի հայտարարության տրամաբանությունից:

Ռուսական առաջարկներն ուղղվում են երկրների քաղաքական էլիտաներին՝ գործող իշխանությանն ու քաղաքական համակարգի ներկայացուցիչներին՝ «գնելու» իմաստով, Արևմուտքից առաջարկն արվում է պետությանը՝ համապատասխան աշխարհաքաղաքական ու, բնականաբար, նաև տնտեսական հեռանկարներով, որոնք, ի դեպ, կարող են չբացառել նույն էլիտաների ներկայացուցիչների՝ նաև անձնական «խրախուսումը»:

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, լայն իմաստով՝ այսօր Հայաստանին աշխարհն «առաջարկ» է անում, որի դետալները կամ դեռ չեն կոնկրետացվել, կամ կոնկրետացվել են, սակայն դեռ չեն հրապարակվում: Հայաստանի իշխանությունն այդ առաջարկին ի պատասխան՝ կարող է և պետք է առաջարկի բոլոր այն պայմանները, որոնցից ելնելով, ինչպես հայտարարվում էր, ստիպված է եղել անդամակցել Մաքսային միությանը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգություն, հայ-թուրքական հարաբերություններում թուրքական վտանգի չեզոքացում:

Դատելով նրանից, թե ի՛նչ է դրված համաշխարհային քաղաքականության զոհասեղանին (կամ խաղասեղանին), Արևմուտքը, ավելի հավանական է, որ կբավարարի, քան կմերժի այդ առաջարկները: Խնդիրն այն է, թե հայկական կողմից ո՞վ և ինչպե՞ս կներկայացնի դրանք:

Իսկ գուցե հենց այս խնդիրների պատճառով էր երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, կամ՝ հակառակը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս