ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նպաստի Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի կնքմանը. Չինաստանի ԱԳՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողություններն Իրանի միջուկային խնդրի կարգավորման առումով պետք է նպաստեն նոր համաձայնագրի կնքմանը, պատժամիջոցները չեն նպաստում բանակցությունների վերսկսմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Նա մեկնաբանել է այն հաղորդագրությունները, որ Իրանի իշխանությունները փոխգործակցում են Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ Եվրամիության կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները կանխելու համար:

«Չինաստանը միշտ պնդել է, որ իրանական միջուկային խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով, և դեմ է հանդես գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «պատժամիջոցների արագ վերականգնման» (snapback) մեխանիզմի կիրառմանը: Մենք կարծում ենք, որ նման քայլը չի օգնի բոլոր կողմերին ամրապնդել վստահությունը և հաղթահարել տարաձայնությունները, ինչպես նաև չի նպաստի բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ուղղված դիվանագիտական ջանքերի առաջխաղացմանը: Ներկայում ՄԱԿ-ի ԱԽ-ի ցանկացած գործողություն պետք է նպաստի նոր համաձայնագրի կնքմանը և ոչ թե հակառակը», – դիվանագետի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, հղում անելով աղբյուրների, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են Իրանի հետ որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ սահմանել 2025 թ. օգոստոսի վերջը։ Հակառակ դեպքում «եվրաեռյակը» պլանավորում է գործարկել snapback մեխանիզմը, որով կվերսկսվի Թեհրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների գործողությունը, որոնք հանվել էին 2015 թ. պայմանավորվածությունների հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս