
Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել ու գցել խեղճ վարչապետի գրպանը. մեզ կալանավորել են այս խեղկատակ իշխանությունները. Միքայել սրբազան
«Ես երբեք այսքան ազատ չեմ եղել, որքան այս 50 օրը: Ես 12 տարեկանում եմ կամավոր սահմանափակել իմ ազատությունը՝ մտնելով հոգևոր ասպարեզ: Այդ ժամանակ ձեզնից շատերը ծնված չէին»,- դատարանի դահլիճում ասաց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ շեշտելով՝ վախեցնել կամավոր սահմանափակություն ընտրած անձին այս սահմանափակությամբ՝ ծիծաղելի է:
«Չկա մի վայր, որտեղ Աստված ներկա չէ: Էդ ո՞ւր պիտի մեկուսացնեք ինձ, որպեսզի ես զրկվեմ Աստծո ներկայությունից: Չկա այդպիսի վայր այս աշխարհում: Եվ վա՜յ այն հոգևորականին, որ կվախենա, կընկրկի ինչ-որ ազատազրկմամբ, սպառնալիքներից: Ինչ ասում եմ, նույնը կարող է վաղն ասել Բագրատ Սրբազանը, որի հետ 50 օր նույն խցում ենք»,- ասաց Միքայել Սրբազանը:
Շիրակի թեմի առաջնորդը շեշտեց. «Այո՛, մեզ մեկուսացնելու նպատակը պետական իշխանության կողմից մեզ խոշտանգելն է: Շարունակե՛ք խոշտանգել, բայց չեք հաջողի, մենք չենք խոշտանգվում: Լավ կլինի՝ թողնեք, գնամ, Խաղողօրհնեքս անեմ: Իմ, Բագրատ սրբազանի ու Սամվել Կարապետյանի վրա գործեր են կարված, բայց դա մեզ համար պատժամիջոց չէ: Ես այն կեցվածքը չունեմ, որ մեղադրող կողմին կամ պատվարժան դատարանին խնդրեմ մեզ բաց թողնել:
Ես ոչ մի հանցանք այս աշխարհում և այս պետության առջև չեմ արել: 50 տարի առաջ ես մտել եմ եկեղեցական ասպարեզ և դրանով հակադրվել եմ սովետական հսկայական կայսրությանը: Սովետական կայսրությունն այս սխալը չի գործել՝ ինձ չի դատել: Երբ Արցախում էի ծառայում՝ 1989-90թթ. անձնագրային ռեժիմ կար այնտեղ, բայց անձնագրային ռեժիմի խախտումով այնտեղ երկու տարի ապրել եմ, և այն ժամանակ էլ սովետական իշխանություններն ինձ չբանտարկեցին: 1990թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանցիներն ինձ գերեվարեցին, սա շատ քչերը գիտեն, այն ժամանակ կոչվում էր՝ պատանդ վերցնել… Եվ ադրբեջանցիներն իմանալով, որ ես վերադառնում եմ Գետաշեն, որտեղ գնացել էի ուղղաթիռի վթարից զոհվածների թաղում անելու, անմիջապես ինձ բաց թողեցին: Ինձ չեն կալանավորել ադրբեջանցիները, ինձ չեն կալանավորել սովետական իշխանությունները, որոնց միշտ քննադատել եմ: Ինձ չեն կալանավորել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունը, որոնց ես միշտ քննադատել եմ:
Ու պետք է հասնեի այս «լուսավոր», հեղափոխական երկիրը, որպեսզի ես կալանավորվեի՝ իբրև հանցագործ: Սա կմնա այս իշխանությունների և իրենց կամակատարների խայտառակությունը և խարանը՝ անկախ նրանից, թե ես կազատվեմ, թե կնստեմ 5 տարի: Բայց այս իշխանությունն ավելի մեծ խարան ունի՝ Արցախի կորուստ, 5000 զոհ և այլն, և այլն: Բայց եթե այդ խայտառակությունների համար մեղադրեցին նախկիններին, մեր ձերբակալության և մեր կալանավորման համար նախկիններին մեղադրել չեն կարող: Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել ու գցել խեղճ վարչապետի գրպանը: Մեզ կալանավորել են և մեզ ազատազրկել են այս դեմոկրատ կոչված խեղկատակ իշխանությունները»:
Այդ պահին դատարանը հորդորեց ավարտել ելույթը:
Միքայել սրբազանը նշեց, որ ավարտում է, և հավելեց. «Ես բացարձակապես վատ չեմ զգում իմ կալանավորումից՝ իբրև անձ: Ես ամաչում եմ իմ երկրի, իմ Հայաստանի Հանրապետության համար, որի ծառան եմ եղել 50 տարի: Իմ ծառայության ընթացքում ես ոչ մի օտար պետության և օտար կազմակերպության չեմ ծառայել: Այնպես որ, ես ամաչում եմ այս երկրի համար, ոչ թե իմ: Եթե հանցագործություն կատարած լինեի, կամաչեի, այստեղ գլխիկոր կգայի՝ կնստեի, կամաչեի, իմ սրբազան եղբայրների աչքերին չէի համարձակվի նայել, բայց ես ոչ մի հանցանք չեմ գործել»: