
Սովետական կայսրությունն ինձ չի դատել, ինձ չեն կալանավորել ադրբեջանցիները, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունը, որոնց ես միշտ քննադատել եմ. սա այս իշխանությունների խարանն է. Միքայել սրբազան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։
Դատարան տանող ճանապարհին՝ Գյուլիքեխվյան փողոցում, 168.am-ի տեղեկություններով, ոստիկանությանը սպասարկող ավտոբուսներ են և ոստիկանական աշխատակիցներ` ճանապարհի տարբեր հատվածներում։ Դատարանի բակում ու դահլիճում մեծաթիվ քաղաքացիներ են, որոնք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում սրբազան հորը։
Ներսում են նաև Արտակ, Նաթան և Նարեկ սրբազանները և հոգևոր դասի այլ սպասավորներ։ Դատարանը թույլատրեց ԶԼՄ միջոցներին տեսանկարահանել նիստը։
Դատական նիստի սկզբում՝ տվյալները նույնականացնելիս, Միքայել սրբազանը դատավորին խնդրեց իրեն չանվանել ավազանի անունով:
«Ես Գևորգ Աջապահյան չեմ արդեն 37 տարի. խնդրում եմ ինձ դիմել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան»,- ասաց Միքայել սրբազանը:
Հաջորդիվ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բերելով կալանքի հիմքերի բացակայության հստակ փաստարկներ:
«Մի հատ վկա չունենք, այլ մեղադրյալ չունենք, ինչի՞ն է խոչընդոտելու Միքայել սրբազանը»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Մյուս պաշտպանը՝ Արա Զոհրաբյանն էլ նշեց, որ բարձրաստիճան հոգևորականի՝ այս կերպ մեկուսացումն ազատ խոսքի դեմ պատիժ է ու նաև խոշտանգում:
«Պետությունը զրկել է հոգևոր ծեսեր իրականացնելու, իր հոգևոր զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Առողջական շատ լուրջ խնդիրներ ունի 62-ամյա արքեպիսկոպոսը, բայց այս 52 օրերի ընթացքում երբևէ չի բողոքել առողջությունից»,- ասաց պաշտպանը:
Խոսք ասաց նաև Միքայել սրբազանը: «Ես երբեք այսքան ազատ չեմ եղել, որքան այս 50 օրը: Ես 12 տարեկանում եմ կամավոր սահմանափակել իմ ազատությունը՝ մտնելով հոգևոր ասպարեզ: Այդ ժամանակ ձեզնից շատերը ծնված չէին: Այսինքն՝ վախեցնել կամավոր սահմանափակություն ընտրած անձին այս սահմանափակությամբ՝ ծիծաղելի է: Չկա մի վայր, որտեղ Աստված մեկը չէ: Էդ ո՞ւր պիտի մեկուսացնեք ինձ, որտեղ ես պիտի զրկվեմ Աստծո ներկայությունից: Չկա այդպիսի վայր: Այնպես որ, այո՛, մեզ մեկուսացնելու նպատակը պետական իշխանության կողմից մեզ խոշտանգելն է: Շարունակե՛ք խոշտանգել, մենք չենք խոշտանգվում: Լավ կլինի՝ թողնեք, գնամ, Խաղողօրհնեքս անեմ: Իմ, Բագրատ սրբազանի ու Սամվել Կարապետյանի վրա գործեր են կարված, բայց դա մեզ համար պատժամիջոց չէ:
Ես այն կեցվածքը չունեմ, որ մեղադրող կողմին կամ պատվարժան դատարանին խնդրեմ մեզ բաց թողնել: Ես ոչ մի հանցանք այս աշխարհի վրա չեմ արել: Սովետական կայսրությունը այս սխալը չի գործել՝ ինձ չի դատել, ինձ չեն կալանավորել ադրբեջանցիները, չի կալանավորել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունը, որոնց ես միշտ քննադատել եմ: Ու պետք է հասնեի այս «լուսավոր» երկիրը, որ այս իշխանությունն ինձ կալանավորեր: Սա այս իշխանությունների խարանն է մնալու: Բայց այս իշխանությունն ավելի մեծ խարան ունի՝ Արցախի կորուստն ու 5000 զոհերը: Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել ու գցել խեղճ Նիկոլի գրպանը: Մեզ կալանավորել են այս խեղկատակ իշխանությունները: Ես ամաչում եմ իմ երկրի, իմ Հայաստանի Հանրապետության համար, որի ծառան եմ եղել 50 տարի»,- ասաց Միքայել սրբազանը:
Հանրային մեղադրողները նշեցին, որ կալանքի հիմքերը շարունակում են մնալ, ու միջնորդեցին երկարացնել Միքայել սրբազանի կալանքի ժամկետը:
Դատարանը, լսելով կողմերին, Միքայել սրբազանի կալանքը երկարաձգեց 10 օրով: Երեմ Սարգսյանն արձագանքեց՝ Դուք անարդար դատական ակտ եք կայացրել ու ի վիճակի չեք այս գործով արդար որոշումներ կայացնել:
Հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որից հետո դատական նիստը շարունակվեց: Միքայել սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդեց գործը փոխանցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին, որովհետև խնդրահարույց հարցազրույցները տրվել են Գյումրիում: Դատավորը միջնորդությունը մերժեց:
Այնուհետև Երեմ Սարգսյանը միջնորդեց դադարեցնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:
Սրբազանի պաշտպանական թիմի անդամ Մարինե Ֆարմանյանը դատավոր Արմինե Մելքսեթյանին համարեց ոչ պատշաճ դատարան:
«Տարիներ առաջ նույն տեղից, նույն սեղանի առջև էլի քաղաքական գործով խնդրեցի դատավորին՝ իրականացնել արդարդատություն, որովհետև իշխանւթյունները գալիս ու գնում են, իսկ արդարադատությունը մնում է: Իսկ ո՞ւր է այդ դատավորը… (Դավիթ Հարությունյան.- Գ.Ս.) այսօր չի աշխատում: Ես ամաչում եմ, որ իմ երկրի դատարանի սեղանին դրված է այս իրավական դատարկությունը»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:
Բոլոր միջնորդությունների լուծումները դատավոր Մելիքսեթյանը հետաձգեց ու հարցրեց՝ այլ միջնորդություն կա՞:
Պաշտպան Երեմ Սարգսյանը հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին: Դատական նիստը հետաձգվեց՝ պայմանավորված աշխատանքային ժամի ավարտով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: