Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ կառավարությանը և հասարակությանը

Ես` դատապարտյալ Արամ Համլետի Գասոյանս, սույն նամակով բարձրաձայնում եմ մի խնդրի մասին, որը վերաբերում է բոլոր դատապարտյալներին, վաղաժամկետ ազատման հարցն է, այսինքն` ըստ գործող օրենքների` ցանկացած դատապարտյալի հասնում է վաղաժամկետ ազատում իր պատժի որոշակի մասը կրելուց հետո (ինչը սահմանվում է ՀՀ ՔՐ. օր. 76 հոդվածով), մի քանի տարի է արդեն, այն լիարժեք չի գործում, ինչի հետևանքով ոտնահարվում են մեր իրավունքները, քանդվում և բաժանվում են մեր ընտանիքները։

Ես ուղղակի չեմ հասկանում, թե ո՞ւր են նայում երկրի նախագահը, դատախազը, Արդարադատության խորհուրդը, Ազգային ժողովը, կաթողիկոսըգ Մենք շատ ենք աղաղակել այս մասին, սակայն ՀՀ կառավարությունից, ներառյալ` վերը նշված անձինք, ոչ ոք չի արձագանքել մեզ։ ԶԼՄ-ներով վերջին ժամանակներս շրջանառվում են լուրեր պրոբացիոն ծառայության ստեղծման մասին, իբր թե վաղաժամկետ ազատման գործընթացը հեշտացնելու համար։ Կատարյալ աչքակապություն, այդ ծառայությունը կգործի միայն Աստված գիտի, թե երբ, իսկ ՀՀ ՔՐ. օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178գ հոդվածներով դատվածներիս նկատմամբ կշարունակվի իրականությունը, և մենք խնդրում ենք ընդամենը վերացնել այդ տաբուն, այդ անօրինականությունները, այլ ոչ թե զբաղվել աչքակապությամբ, ստեղծելով նոր վարչություններ և ծառայություններ։ Անհասկանալի է, թե այս սուղ պահին որտեղից են գումարները` վաղաժամկետ ազատում չկիրառելով` մեզ այստեղ պահելու համար, մեզանից յուրաքանչյուրիս համար ծախսելով մոտ 4000 ՀՀ դրամ։

Ես դատապարտված եմ ՀՀ ՔՐ օր. 104/2 հոդվածով, 14 տարի ժամկետով ազատազրկման, որից արդեն կրել եմ 10 տարի 6 ամսից ավելին, իմ վաղաժամկետ ազատման ժամկետը ըստ ՀՀ Քր. օր.-ի 76 հոդվածի` լրացել է 30.07.2012թ., և ինձ անիմաստ, աբսուրդ պատճառներով մերժել են 7 անգամ։ Նշեմ նաև, որ չունեմ նախկին դատվածություն, տույժ, քաղ. հայց, պատժախցում չեմ եղել, պատժիս կրման ընթացքում ամուսնացել եմ, խնամքիս են գտնվում հիվանդ մայրս, անչափահաս որդիս (2 տարեկան 7 ամսական) և կինս, ով սպասում է մեր երկրորդ երեխային։

Հիվանդ եմ եղել թոքախտով, բուժվել եմ դատապարտյալների հիվանդանոցում` «Կարմիր խաչի» օգնությամբ։ Ս/թ մարտի 2-ին «Սուր անկյուն» հաղորդաշարով դատապարտյալ Ռուբեն Ամատունին բարձրաձայնեց վաղաժամկետ ազատման գործընթացում առկա խախտումների մասին, ինչը համապատասխանում է իրականությանը։ Նույն հաղորդմանը տված հարցազրույցում, անկախ հանձնաժողովի անդամ Ռուբեն Աղուզումցյանը նշեց, որ իրենք մարդկանց մի քանի անգամ մերժում են, որպեսզի վերջիններս կոփվեն, ձգվեն, և տպավորություն չստեղծվի, որ հեշտությամբ են ազատվել, սակայն, եթե մարդ իրոք ենթակա է վաղաժամկետ ազատման, ապա նրան պետք է անմիջապես ազատել, կոփվել-ձգվելու խնդիր չկա, օրենք է, ուրեմն պետք է գործի` ինչպես գրված է, այլ ոչ թե` ըստ հանձնաժողովի անդամների քմահաճույքի։ Նա նաև ասաց, որ առաջնահերթ ուշադրություն է դարձնում նախկինում չդատված, երեխա՛, ընտանիք, տուն ունեցողներին և ազատում, սակայն ինձ նույնիսկ ադմինիստրացիան չի անցկացնում։ Սակայն ես ադմինիստրացիային չեմ մեղադրում, քանի որ տեսնում եմ, որ իրենք ինձ իրենց սեփական կարծիքին և կամքին հակառակ են մերժում։

Ես այս բաց նամակով դիմում եմ ՀՀ կառավարությանը` խնդրելով ուշադրություն դարձնել մեր այս խնդրին և օժանդակել, որպեսզի շուտափույթ կերպով վերացվի այս անօրինական իրավիճակը, որը երկար տարիներ թագավորում է վաղաժամկետ ազատման գործընթացում։

Դիմող դատապարտյալ` ԱՐԱՄ ԳԱՍՈՅԱՆ
08.03.2014թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս