Բաժիններ՝

Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը

Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ ականավոր հետախույզ, Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ անդամ, անվանի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Միքայել Հարությունյանի և պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, համաձայն որի Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 63,667,925.2 հազ. դրամ՝ ծրագրված (ճշտված) 64,925,341.5 հազ. դրամի նկատմամբ։

Բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները, զեկուցողի խոսքով, 2012 թվականի փաստացի ցուցանիշից ավել են 6,420,228.9 հազ. դրամով կամ 11.2%-ով։ 2013 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 17,755,950.9 հազ. դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 17,003,946.6 հազ. դրամ, ինչն էլ 2012 թվականի համապատասխան ցուցանիշից ավել է 919,487.1 հազ. դրամով կամ 5.7%-ով։ Նշվել է, որ Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 62,161,662.3 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 95.0%-ը։

Ընդ որում, 2013 թվականի ծախսերի ծավալը ավել է 2012 թվականի փաստացի կատարողականից 3,075,959.8 հազ. դրամով, իսկ թերկատարումը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, ինչպես նաև պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություների իրականացման հետ կապված որոշ ծրագրերի հետաձգմամբ։ Քննարկումից և հարցուպատասխանից հետո ավագանին ձայների 36 կողմ, 4 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին, ինչպես նաև Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ,
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի և Երևան քաղաքների պատվավոր քաղաքացի Մուրադ Հովհաննեսի Մուրադյանին և նրա կնոջը՝ Նինել Արամի Ասատրյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշումներին: Ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ են տրամադրվել նաև մի շարք այլ քաղաքացիների:

Նիստում ընդգրկված մյուս հարցերը նույնպես, հիմնականում միաձայն կողմ քվեարկությամբ, արժանացել են ավագանու հավանությանը: Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս