«Մենք հիմա հայտնվել ենք բլոկադայի մեջ, ոչ մի կողմից տուն հասնել չենք կարող»
asparez.am-ը գրում է. Փողոցն անցնելու գլուխկոտրուկից, մի մայթից մյուսն անցնելու համար տարբեր մեթոդների կիրառումից զերծ չեն մնացել նաեւ Գյումրու Ղուկասյան փողոցի՝ Շիրակի մարզի փրկարարական վարչության շենքի հարակից հատվածի բնակիչները: Նոր ջրագծերի անցկացման ու դրա հետ առաջ եկած խնդիրների մասին իրենց դժգոհությունն են բարձրացնում այդ փողոցի մի խումբ բնակիչներ: Դեռ անցած տարվա օգոստոս ամսին, ջրագծերի անցկացումից հետո, փողոցը ոչ թե բերվել է նախկին տեսքին, այլ՝ ավերվել: Եթե նախկինում գոնե հնարավոր էր մայթերով անց ու դարձ անել, ապա ներկայում դա էլ հնարավոր չէ, քանի որ մեքենաների երթեւեկությունից փողոցների ցեխը տարածվել է նաեւ մայթերի վրա, իրենց դժգոհությունն են ներկայացնում բնակիչները:
-Տախտակներ էինք դրել, բայց ստիպված էինք ամեն իրիկուն տուն տանել, առավոտ նորից դնել, որ մարդիկ չտանեին վառեն: Մարդկանց չես մեղադրի, համատարած աղքատություն է մեր քաղաքում,-նկարագրել է Ղուկասյան-19 հասցեի բնակիչ Անժիկ Վալեսյանը:
Բնակիչների ներկայացմամբ՝ անց ու դարձի համար ամենավտանգավոր հատվածը փրկարարական վարչության դիմացի մայթին կից գտնվող վթարային շենքն է.
«Որոշ ժամանակ առաջ կարմիր ժապավենով տարածքը սահմանազատված էր, բայց հիմա դա էլ չկա: Շենքից քարեր են թափվում, ու ամեն անցնելուց մարդ մտածում է, որ, ուր որ է, քարեր կընկնեն վերեւից»:
Բնակիչները պատմում են, որ օրեր առաջ տարածքով անցնող Եվրոպական ակադեմիայի ուսանող աղջիկներից մեկը խրվել է ցեխի մեջ, որից մի կերպ դուրս է եկել, բայց արդեն առանց կոշիկի: Թերեւս, փողոցը կարգի բերելու հույսեր օրեր առաջ բնակիչներն ունեցել են, նկատելով խճով լի մի մեքենա, բայց ուրախությունը երկար չի տեւել, երբ տեսել են, որ այն օգտագործվում է միայն փրկարարական վարչության տարածքի բարեկարգման համար, իսկ թե բնակիչների մասին ով է մտածելու՝ չգիտեն:
Շարունակությունն` այստեղ