Նախկին արտգործնախարարի գնահատականը Էդվարդ Նալբանդյանի հայտնած դիրքորոշմանը

«Այս պահի դրությամբ` յուրաքանչյուր դիրքորոշման արտահայտում պետք է  լինի ևս մի ֆիքսում դիրքորոշման բացակայության վերաբերյալ, այսինքն` սա խուսանավելու նորմալ, դիվանագիտական մոտեցում է, որն այս պահին, թերևս, ամենաընդունելին է»,- այսօրվա ասուլիսում ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` գնահատելով Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայիս ղեկավար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները Ղրիմի հարցի մասին:

Արզումանյանը հիշեցրեց, որ Հայաստանը նույն մոտեցումը ցուցաբերել է նաև 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո: Նրա խոսքով` այն ժամանակ Ռուսաստանն անթաքույց ճնշումներ էր գործադրում Հայաստանի վրա` ճանաչելու Աբխազիայի և Հրվ. Օսիայի անկախությունը,սակայն Հայաստանի իշխանությունն, այդուհանդերձ, կարողացավ դիմակայել:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքան կարող է Հայաստանը պահպանել չեզոք դիրքորոշումն այս հարցում, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Այնքան ժամանակ, քանի դեռ կարող ենք դիմակայել Ռուսաստանի ճնշումներին: Տեսնենք` ինչ զարգացումներ կինեն»:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան ռազմավարական գործընկեր Ռուսաստանին բացատրել, որ մեր ազգի շահերից է բխում բարիդրացիական հարաբերություններ ունենալ և´ Ուկրաինայի, և´ Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ Ղրիմում կայացած հանրաքվեի հաջորդ օրը` մարտի 17-ին, Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, ասել էր. «Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա»:

Տեսանյութեր

Լրահոս