Տիգրան Սարգսյանի կոչը՝ «Դ!ԵՄ ԵՄ»-ին
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը կոչ արեց երկխոսել: Տ.Սարգսյանը դրական գնահատեց, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որ թելադրում է իր կանոնները, ինչը կառավարությանը թույլ է տալիս իր գործունեությունը շտկել և քաղաքացիական հասարակության զարգացմանը խթանելու համար երիտասրադներին ընդառաջ գնալ:
«Երիտասարդները դիմել են կառավարություն բազմաթիվ նամակներով, որտեղ մտահոգություն են հայտնել կուտակային կենսաթոշակային ռեֆորմի վերաբերյալ:
Նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր դիտարկմամբ՝ երիտասարդները սիրում են երկիրը և պատասխանատվություն են զգում երկրի հանդեպ:Տ.Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ են երկխոսության, որովհետև երիտասարդների ներկայիս դիրքորոշումը՝ ամեն ինչ կամ ոչինչ, անընդունելի է: Միաժամանակ Տ.Սարգսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումն առայժմ զերծ է մնացել խնդիրների քաղաքականացումից: