Տարօրինակ առաջարկ

Խորհրդարանական չորս ուժերը՝ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, իրենց աջակցությունն են հայտնել «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը: Ոչ իշխանական այս կուսակցություններն անգամ դիմեցին ՍԴ՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային ռեֆորմի: «Դեմ եմ» շարժումը, որի շարքերն օրեցօր ստվարանում են, ուղղակիորեն վտանգ է գործող իշխանությունների համար:

Այս շարժման անդամներն աշխատանք ունեցող, լավ կրթված և իրենց իրավունքները պատկերացնող քաղաքացիներ են՝ պատրաստ գնալ մինչև վերջ: Այսինքն՝ իշխանությունների հետ առևտրի մեջ մտնել չպատրաստվող և չցանկացող մարդիկ են: Քաղաքական այն ուժերը, որոնք այսօր կանգնած են շարժման կողքին, այդուհանդերձ, ունեն իշխանությունների հետ քաղաքական առևտրի հարուստ փորձ: Ինչպես նաև` ժողովրդական բողոքի ալիքը մարելու, այն անհասկանալի փուլ ուղղորդելու հմտություն: Որքանո՞վ այս չորս կուսակցությունները չեն գայթակղվի՝ օգտագործել շարժումը՝ իշխանությունների հետ հերթական սակարկությունների համար: Իրականությունն այն է, որ ահագնացող այս շարժումը կառավարելու փորձեր տարբեր քաղաքական ուժեր արդեն անում են:

Ամեն դեպքում, քաղաքական այս չորս ուժերի կողմից «Դեմ եմ» շարժման ակտիվիստների առաջ դրած պայմանը, թե մարտի 22-ի հանրահավաքին չպետք է ելույթ ունենան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը՝ «Նախախորհրդարանից», տարակուսանք է առաջացնում: Սա իրոք տարօրինակ ցանկություն է, այս դեպքում, կարելի է ասել, կապրիզ:

Ի վերջո, «Դեմ եմ» շարժումն ինքն է նախաձեռնում հանրահավաքները, և շարժմանն էլ վերապահված է իրավունքը՝ որոշել հանրահավաքի օրակարգը: Դնել պայմաններ, թե ովքե՞ր պետք է ելույթ ունենան, կամ, որ՝ քաղաքական չորս ուժերը չեն մասնակցի հանրահավաքին, եթե Նիկոլ Փաշինյանը կամ Ժիրայր Սէֆիլյանը ելույթ ունենան, միայն հնարավոր է մի դեպքում՝ եթե անձնական հակակրանք ունեն այս երկու գործիչների հանդեպ կամ գտնում են, որ նրանք կառավարելի չեն:

Arcvik Minasyan0ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես է հիմնավորում չորս ուժերի ցանկությունը: Ներկայացնեմ նրա հետ հարցուպատասխանը.

– Խորհրդարանական չորս ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», դիմել են «Դեմ եմ» նախաձեռնությանը՝ պայման դնելով, որ մարտի 22-ին տեղի ունենալիք հանրահավաքին ելույթ չունենան Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը: Ի՞նչ հիմնավորում ունի այս պայմանը:

– Նախ՝ անհասկանալի է նման տեղեկատվության տարածման աղբյուրն ու նպատակը: Նման շեշտադրությամբ պայման «Դեմ եմ» նախաձեռնության առաջ չի դրվել: Ով նման բան է ասում՝ կա՛մ չի ցանկանում, որ այս շարժումը հաջողություն ունենա, կա՛մ ցանկանում է սեպ խրել քաղաքացիական շարժման և քաղաքական չորս ուժերի միջև:

Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավոր է, հարգված մեր կողմից, նրա ստորագրությունը ևս դրված է ՍԴ ուղղված դիմումի տակ: Մենք կարծում ենք, որ ճիշտ է, որ պահպանվի հունվարյան հանրահավաքի ձևաչափը՝ հանրահավաքին ելույթ ունենան քաղաքական չորս ուժերը և քաղաքացիական ակտիվիստները: Եթե հանրահավաքին պետք է ներկայացվի այլ պրոյեկտ, ապա դա մեզ համար ընկալելի չէ, քանի որ շարժման հաջողությունը կոնկրետ ձևակերպված պահանջի՝ «դեմ եմ պարտադիր բաղադրիչին» ամրագրված նպատակի և այն իրականացնելու մեջ է:

Չէ՞ որ հասարակության ներսում բազմաթիվ շարժումներ են ձևավորված, կան քաղաքական ոչ խորհրդարանական տարբեր կուսակցություններ, որոնք նույնպես դեմ են պարտադիր բաղադրիչին ու, պատկերացնո՞ւմ եք, եթե նրանք բոլորը մտադրություն հայտնեն ելույթ ունենալ հանրահավաքում: Դա կվերացնի կոնկրետ նպատակով հրավիրված հավաքի իմաստը:

– Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը կամ Ժիրայր Սէֆիլյանն ա՞յլ նախագիծ են պատրաստել:

– Նորից շեշտեմ, որ նման պնդում որևէ մեկը չի արել: Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի անդամ է, և հանրահավաքին ՀԱԿ-ը ձայնի իրավունք ունի: Թե ո՞վ ելույթ կունենա՝ իրենց ներքին խնդիրն է: Հանրահավաքում ենթադրվում են խորհրդարանական չորս ուժերի և քաղաքացիական ակտիվիստների ելույթները: Եթե Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի «Քաղաքացիական պայմանագիրը», Ժիրայր Սէֆիլյանը պետք է ելույթ ունենա՝ որպես «Նախախորհրդարանի» ներկայացուցիչ, ապա դա կարող է մի կողմից` անհասկանալի տպավորություն ձևավորել հասարակական-քաղաքական, ինչպես նաև արտախորհրդարանական այլ ուժերի կողմից ելույթներ չունենալու հարցում, մյուս կողմից` խոցելի կդարձնի շարժումը:

Ամենևին ցանկալի չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրի և արտախորհրդարանական քաղաքական պրոյեկտների միջև քաղաքական պայքարի ձևի և բովանդակության շուրջ տարակարծությունը նպաստի «Դեմ եմ»-ի թուլացմանը: Այս մտահոգությունն է, որ, իմ կարծիքով, արտահայտվեց այդ քննարկումներում՝ հարգելով յուրաքանչյուրի կարծիք ունենալու իրավունքը` խոսք է եղել բացառապես սկզբունքը պահպանելու մասին: Հակառակը, անգամ առանձին մոտեցումներում բարձր է գնահատվել թե՛ Ժիրայր Սէֆիլյանի, և թե՛ նաև Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Հրանտ Բագրատյանի և շատ այլ մարդկանց անձն ու կեցվածքը «Դեմ եմ պարտադիր բաղադրիչի» մոտեցման հարցում:

Այդուհանդերձ, ոչ բոլոր քաղաքական ուժերը կամ գործիչներն են հենց այսպես ընկալում քաղաքական չորս ուժերի վերոնշյալ պայմանը՝ սրբագրել հանրահավաքին ելույթ ունեցողների ցանկը:

Stepan-Safaryan_26.03«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսպես արձագանքեց չորս կուսակցությունների վերոնշյալ պայմանին. «Իմ կարծիքով, մեղմ ասած, տարօրինակ պահանջ է: Կարծեք թե բոլորը կողմ են արտահայտվում քաղաքացիական-քաղաքական լայն համախմբմանը, մինչդեռ իրականում մոտեցումներն ամենևին ներառական չեն: Եթե պայման դնողները «գուշակում» են Նիկոլ Փաշինյանի կամ Ժիրայր Սէֆիլյանի ելույթը և դրանից են մտահոգվում, ապա, առնվազն, թեկուզև «Դեմ եմ» շարժման միջոցով, կարող էին փոխանցել, որ գնահատականներ չեն տրվում միմյանց վարքագծին, իսկ օրակարգն էլ բացարձակապես այն հարցն է, ինչի շուրջ համախմբվում են բոլորը: Ցավալի է տեսնել, որ անձերի փոխադարձ վերաբերմունքն ու նախապաշարումներն ավելի կարևոր են դառնում, քան ինքնին խնդիրը»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ զանգերիս պատասխանեց՝ ասելով, որ չափազանց զբաղված է: Տեղում չէր նաև ԲՀԿ մամուլի խոսնակը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ խնդիրը քննարկման փուլում է, և ինքը չի կարող այդ հարցով մեկնաբանություն տալ:

Sefilyan0«Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի համար 4 ուժերի` նման պայման դնելն անակնկալ չէր. ««Նախախորհրդարանը» ողջունում է «Դեմ եմ» շարժման երիտասարդներին, կարևորում է նրանց պայքարը և պատրաստ է հնարավորինս աջակցել և սատարել նրանց: Նրանց հաստատակամությունը կարող է ստիպել, որ վարչախումբը նահանջի: Գալով «Դեմ եմ» շարժման առաջ դրված այդ պայմանին, որ մարտի 22-ի հանրահավաքին «Նախախորհրդարանը» ելույթ չունենա, պիտի հիշեցնեմ, որ նախորդ հանրահավաքի ժամանակ ևս «Դեմ եմ» շարժումը ցանկություն էր հայտնել, որ մենք ելույթ ունենանք, սակայն քառյակը դեմ է եղել:

Չեմ կարծում, որ այս երևույթի բացատրությունը կանխավ որոշված ֆորմատը չխախտելու հանգամանքից է գալիս: Կարծում եմ, որ այն ուրիշ բացատրություն ունի:

Խորհրդարանական այդ ուժերի գործունեության ամբողջ իմաստը ժողովրդի մասին մտահոգություն ցուցադրելով, մոլորեցնելով՝ ջրի երեսին և կերակրատաշտին մոտ մնալն է: Այդպիսին է հրահանգը: Ես ենթադրում եմ, որ գուցե հանրահավաքում մեր ելույթին դեմ լինելու մտավախության պատճառն այն է, որ սրա մասին «Նախախորհրդարանը» կբարձրաձայներ»:

Կհաջողե՞ն քաղաքական չորս ուժերն՝ իրականացնել «Դեմ եմ պարտադիրին» շարժումը քաղաքական մյուս հոսանքներից, արտախորհրդարանական ուժերից մեկուսացնելու, ազդեցության սեփական գոտում պահելու ծրագիրը, կախված է շարժման մասնակիցների քաղաքական ինքնուրույնությունից: Իսկ դա կերևա արդեն մարտի 22-ի հանրահավաքին:

Տեսանյութեր

Լրահոս