Սևանը մահացու վտանգի տակ է. Հայաստանի էկոլոգիական հասարակությունն ահազանգով դիմում է Սերժ Սարգսյանին
Հայաստանի էկոլոգիական հասարակությունն ահազանգում է` Սևանը մահացու վտանգի տակ է: Պատճառը Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի` լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և 5 տարի ժամկետով Սևանը ձկնաբուծարանի վերածելու իշխանության ծրագրերն են: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շուրջ վաղը` մարտի 19-ին, Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ:
Սևանը կորցնելու վտանգի վերաբերյալ մասնագետները նախապատրաստել են բաց նամակ` ուղղված ՀՀ նախագահին և կառավարությանը, որը ստորագրել են Հայաստանի էկոլոգիական դաշինքը (շուրջ 50 կազմակերպություն), Օրհուս կենտրոնները, այլ հասարակական կազմակերպություններ, գիտնականներ և Հայկական լեռնաշխարհի մարգարտի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Երկու ծրագրերն էլ հակասում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին, որը կոչված է պահպանելու Սևանը` որպես Հայաստանի ազգային և ռազմավարական առաջնահերթություն գ Պարոն Նախագահ, մենք անհրաժեշտ ենք համարում կանգնեցնել այս երկու ծրագրերը` դրսևորելով քաղաքական կամք և խորը հիմնավորված գիտական մոտեցում, միայն այդ դեպքում մենք կպահպանենք ազգային գանձը և համայն մարդկության համար եզակի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները»: «ԷկոԼուր» մամուլի ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի 1999-2003թթ. 2-րդ գումարման Սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը հայտարարեց, որ այդ 2 ծրագրերն էլ «աղետ» են և հակասում են օրենքին, որով արգելվում է ցանկացած տնտեսական գործունեություն Սևանի ավազանում ոչ միայն լճի վրա անմիջական ազդեցության, այլև հեռահար գոտում: «Սևանա լիճը պետք է պահպանել` որպես բնական հուշարձան, Սևանը ոչ միայն մեր ազգային, այլև տարածաշրջանային և համամարդկային հարստություն է, մեր ազգային անվտանգության կարևորագույն երաշխիքն է»,- ասաց Գ. Թադևոսյանը` կոչ անելով բոլորին միավորվել ու ձայն բարձրացնել հանուն Սևանի պաշտպանության:
Ըստ նրա` 12 տարի է անցել օրենքի ընդունումից, սակայն մինչ օրս Արփա-Սևան թունելը չի գործում: Գ. Թադևոսյանի խոսքով` ջրատարի վերականգնման համար 11 մլրդ 800 մլն դրամից ավելի գումար է հատկացվել, արդեն 4 տարի է, աշխատանքները սկսվել են, բայց դեռ 5 տարի էլ ուզում են, մինչև ավարտեն, այսինքն` ստացվում է, որ շինարարությունից ավելի շատ ժամանակ է պահանջում վերակառուցումը.
«Պարզ է, որ չեն ուզում հավելյալ ջուր բերեն Սևան: Շարունակաբար, համառորեն չեն իրականացվում այն որոշումները, որոնցով պետք է բոլոր բնակավայրերը մաքրիչ-զտիչ կայաններ ունենային: Ո՞ր կայաններն են գործում: Հիմա էլ 74 ձկնաբուծական ֆերմա են ուզում ստեղծել լճում ու որպես կեր` 50 տոննա ազոտական ու ֆոսֆորական կեր կգնա ջրի մեջ, այն էլ` տարեկան: Ընդ որում` բազմացվող ձկի ընդամենը 1.5%-ն է բաց թողնվելու լիճ, մնացածը բիզնես պրոյեկտ է: Դա ի՞նչ ծրագիր է: Բայց Սևանի 10-րդ օրենքն արգելում է որևէ տնտեսական գործունեություն իրականացնել, ու պետք է պահպանել օրենքի տառը: Ինչքա՞ն կարելի է ոտնահարել»:
Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանի գնահատականով` ներկայումս լիճը գտնվում է խիստ անհավասարակշիռ վիճակում, եթե որոշ պարամետրերով ցուցանիշները լավանում են, ապա մի շարք պարամետրերով վատանում են. «Տեղի է ունեցել ֆոսֆորի կոնցենտրացիայի անդարձելի նվազում և ազոտի բարձրացում: Ինչով որ եզակի էր Սևանն աշխարհում, այժմ այդ եզակիությունը վերացել է»:
Ս.Մինասյանը հայտնեց, որ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կարպի նման դիմացկուն ձուկն անթրոպոգեն ձևափոխության է ենթարկվում, ԴՆԹ-ն է փոխվում: «Չի կարելի կասեցնել լճի մակարդակի բարձրացումը: Կենսազանգվածը՝ ձկի կերն, ավելացել է, բայց ձուկ չկա: Այնպիսի մեծ վնաս կարող ենք հասցնել այդ հավելյալ ջրառով, որ հետագայում չի վերականգնվի: Այժմ սկսվող էվտրոֆացումը կանգնեցնել և գործընթացը հետ բերելը շատ ժամանակ ու ծախսեր կպահանջի: 500 տարի հետո էլ ծնվող երեխան իրավունք ունի Սևանի վրա, և ոչ մեկը Ջրպետկոմին իրավունք չի տվել ցանկացած ժամանակ ցանկացած քանակի ջուր վերցնել»,- հայտարարեց Ս.Մինասյանըգ նշելով, որ սա ազգային անվտագության խնդիր է:
«168 Ժամի» հարցին՝ ձկնաբուծության ծրագրի արդյունքում ինչքա՞ն շահույթ են ակնկալում, և գումարային արտահայտությամբ ինչքա՞ն վնաս այն կհասցնի Սևանին, Գ. Թադևոսյանը պատասխանեց, որ տարեկան 50 հազար տոննա կերի դեպքում մոտ այդքան ձուկ կստանան, կիլոգրամը 6000 դրամով եթե հաշվարկենք, կստացվի 300 մլրդ դրամ, մինչդեռ այդ կերի պատճառով Սևանի հատակին ազոտական ու ֆոսֆորական կուտակումներ կառաջանան, որը ծրագրի ողջ տևողության՝ 5 տարվա ընթացքում ահռելի զանգված կկազմի, լիճը կճահճանա. «Որևէ գումարային կորստի մասին խոսելն անիմաստ է: Մենք կկորցնենք մեր խմելու ջուրը, մեր ռազմավարական հարստությունը: Չէ՞ որ Հայաստանի բոլոր աղբյուրների մեծ մասը սնվում են Սևանից, այսինքն՝ մենք չենք ունենա Գառնու անմահ քաղցրահամ ջուրը, չենք ունենա Բջնին, չենք ունենա Նուռնուսի, Արզնիի, Կաթնաղբյուրի և այլ աղբյուրները: Սա ահավոր վտանգ է»: