
ՏՄՊՊՀ-ն՝ ընդդեմ համակենտրոնացումների

Այսուհետ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջնահերթություններից են լինելու համակետրոնացումները: Այս մասին այսօր ՏՄՊՊՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ իրենց նպատակն է թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:
Ա.Շաբոյանը հայտնեց, որ համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը, տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար: Սակայն, ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, իսկ ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը:
«Ի պատասխան մեր հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ` ո՞ւմ հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնել և խուսափել են բացահայտել իրական գնորդին: Արտասահմանյան անհայտ գնորդներին վաճառքի դեպքում հայկական ընկերությունները կարող են ի վերջո հյատնվել 1 անձի ձեռքում»,- ասաց Ա.Շաբոյանը՝ հավելելով, որ դրա հիման վրա ՏՄՊՊՀ-ն որոշել է արգելել համակենտրոնացումը: