Մենք չենք վախենում մեր բիզնեսներից և դեմ ենք դուրս գալիս իշխանությանը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Ոչ իշխանական քառյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է քառյակի ուժերի հետ հանդիպումները: Ամեն հանդիպումից հետո հաղորդագրություններ են տրվում «հետագա համագործակցության», ոչ իշխանական ուժերի «միասնականության» մասին: Սակայն ոչ միայն քառյակի, այլեւ կոնկրետ ուժերի ներսում էլ միասնականություն չկա, ավելին՝ յուրաքանչյուր կուսակցությունում հինգ հոգով յոթ երգ են երգում: Ասենք, ԲՀԿ-ում մեկը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեն հետապնդում, մյուսները եւ հատկապես գործարարները խուսափում են այդ մասին խոսելուց, երրորդները պնդում են, որ երբ ժամանակը գա, կքննարկեն այդ հարցը, ինչպես, օրինակ, Ռուստամ Գասպարյանը, ով վստահ է, որ «գործը» նախագահի հրաժարականին էլ կհասնի:
Պարոն Գասպարյան, կարծես թե այնքան էլ հստակ չէ՝ Ձեր առաջնորդն ինչի՞ համար է «միասնականության» ձգտում, ի՞նչ եք պատրաստվում անել:
– Երկրի վիճակի համար, այսինքն՝ այս վիճակն ինչ-որ տեղ բարելավելու, այս վիճակից հանելու:
– Ինչպե՞ս եք դա պատկերացնում, քայլերի մասին կարծես ոչինչ չի ասվում:
– Դե, քայլերը դեռ քննարկման փուլում են, թե ինչպես կարելի է, եւ դեռ վաղ է դրա մասին խոսելը:
– Խոսվում է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, դա բավարա՞ր պայման է երկիրը, ձեր ասած՝ այս վիճակից հանելու համար:
– Դե գիտեք, երկրի տնտեսությունը ղեկավարում է կառավարությունը, չէ՞, ու էսօր եթե կառավարության կազմը նորմալ աշխատի, երկիրն էս վիճակի չի լինի: Նախագահն էսօր զբաղվում է արտաքին հարաբերություններով, երկրի արտաքին քաղաքականությամբ, տնտեսությունը վարչապետն է ղեկավարում, ու էսօր իրա թե թուլությունն ա, թե չգիտեմ ինչը, որ երկիրը բերել է էս վիճակին:
– Իսկ վարչապետին ո՞վ է ղեկավարում:
– Դե բնական է, որ նախագան է ղեկավարում: Դե, կա ղեկավար, կան կատարողներ, որոնք թերանում են իրանց աշխատանքում ու միանշանակ եթե թերանում են, պիտի հրաժարվեն այդ պարտականություններից:
– Հրաշալի քառյակի որոշ ներկայացուցիչներ այն կարծիքին են, որ պետք է «գլխից բռնել» եւ նախագահի հրաժարականի պահանջ դնել: Ի՞նչն է խանգարում ԲՀԿ-ին՝ «գլխից բռնել»-ուն:
– Ես չեմ իմանում իրանք ինչ են պահանջում:
– Հավատո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն կարող է նախագահի հրաժարական պահանջել, գործարարների կուսակցությունը դեմ դուրս կգա՞ իշխանությանը, թե՞ կառավարությանն անվստահություն հայտնելով հույսեր կան, որ պաշտոններ կտան ձեզ:
– Մինչեւ չգա այդ օրը, մենք չենք կարող ասել՝ կգա էդ օրը, թե չէ: Ամեն դեպքում, գործընթացներ են՝ արվում են: Ինչ վերաբերում է պաշտոններին, եթե մենք դրա կռիվը տայինք, ապա կանեինք ընտրություններից հետո, երբ առաջարկ եղավ կոալիցիա կազմելու: Եթե պաշտոնների ձգտեինք, անպայման կմտնեինք, կոալիցիա կկազմեինք ու ավելի շատ, քան նախկինում: Բայց ստեղ պաշտոնների խնդիր չի, այլ երկրի վիճակը կարգավորելու, ժողովրդին ինչ-որ ձեւ այս հոգսերը, կարիքները բարելավելու, այսինքն՝ տնտեսական վիճակը, նաեւ բարոյական վիճակն այսօրվա երկրի ինչ-որ տեղ փոխելու:
– Իսկ Սերժ Սարգսյանին դեմ դուրս գալու մասին չե՞ք ուզում պատասխանել:
– Դե, էսօր փաստ է, որ դուրս են եկել, չէ՞, արդեն մարդիկ իրանց աշխատանքից էլ չեն վախենում, մարդիկ իրանց բիզնեսից էլ չեն վախենում, որ ինչ-որ բան կկորցնեն, մարդիկ էսօր իրանց ամեն ինչը դրել են մի կողմ, ամենաշատ բան ունի կորցնելու պարոն Ծառուկյանը, բայց դե, դրել ա մի կողմ ամեն ինչը եւ էսօր երկրի վիճակով է մտահոգվում:
– Ի՞նչ է անում Ծառուկյանը, եթե խուսափում է նույնիսկ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի մասին խոսելուց:
– Դեռ նման հարց չի քննարկվել մեզ մոտ, միգուցե գա մի օր՝ էդ հարցն էլ առաջ տանենք:
– Այսինքն, Տեր-Պետրոսյանի համեմատությունը տեղի՞ն է, եւ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլի՞ չէ:
– Գիտեք, էսօր համեմատականով, որ վերցնում եք Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլի չէ, ու, որպես քաղաքական ուժ, մենք մեր գծի մասին հստակ հայտարարել ենք եւ եթե վերցնում ենք՝ էսօր Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը լուրջ քաղաքական ուժ ա, երկրում օրեցօր ձնագնդի նման մեծանում ա՝ եւ հարգանքը կուսակցության հանդեպ, եւ հավատը մեր հանդեպ, դա ա էսօր երեւի ապացույցը, որ էսօր մյուս կուսակցություններն ուզում են միավորվեն ԲՀԿ-ի շուրջ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։