Մտածելու ժամանակը
Ուկրաինական իրադարձությունները, որպես դրանց հետևանք՝ արևմտյան երկրների արձագանքները և Ռուսաստանի հետ հարաբերությունները, առաջին հերթին՝ դրանց դրդապատճառները, մտածելու, խորհելու լուրջ հիմք պետք է դառնան աշխարհի ցանկացած կետում ապրող և քաղաքականությամբ զբաղվող ցանկացած սուբյեկտի, այդ թվում ու նախ և առաջ՝ պետական իշխանությունների և քաղաքական կուսակցությունների համար:
Արևմտյան երկրների միանշանակ բացասական արձագանքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ռուսաստանի գործողությունների դատապարտումը, այն բոլոր զարգացումները, որոնք այսօր համաշխարհային լրահոսի առանցքում են, հասկանալիորեն տեղի ունեցող ավելի խորքային գործընթացների միայն մակերեսային դրսևորումներն են: Միանշանակ է միայն այն, որ հարաբերականորեն ասած՝ արևմտյան հանրությունը, ժողովրդավարական աշխարհը դատապարտում է ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը և փորձում է կանխել ավելի վտանգավոր զարգացումները:
Ինչո՞ւ է աշխարհը վախենում Պուտինի անզորությունից
Ասել, որ համաշխարհային քաղաքական հանրության այս դիրքորոշման հիմքում ընկած է անվերապահ ու անառարկելի հավատարմությունը մարդու հիմնարար ազատություններին, ազգերի ու պետությունների ինքնիշխանության հարգման, այլ երկրների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության և այլ նման սկզբունքներին, կլինի չափազանց նաիվ:
Իրականում այդ հանրությունը բազմաշերտ է, դրա անդամ երկրներից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական և տնտեսական շահերը, որոնք պետությունները չեն կարող հաշվի չառնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, առավել ևս՝ նրա դեմ իրականացվող գործողություններում: Ասվածի վկայությունն այն է, որ ուկրաինական արյունալի իրադարձություններից մոտ մեկ ամիս անց էլ այդ երկրները վերջնական համաձայնության չեն հանգում Ռուսաստանի դեմ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների սահմանման հարցում: Խոշոր խաղացողները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, և այլն, Ռուսաստանի հետ հարաբերություններում ունեն միանգամայն այլ, երբեմն՝ իրարամերժ շահեր, ինչը պետք է նորմալ համարել միջազգային հարաբերություններում:
Այս ամենով հանդերձ, չնայած պատժամիջոցների կիրառման գործիքների ու ծավալի հարցում դեռևս առկա տարաձայնություններին, միջազգային հանրությունը միակամ է եթե ոչ՝ Ռուսաստանին պատժելու, ապա՝ նրա կողմից հետագա, ավելի վտանգավոր գործողությունները կանխելու հարցում: Այն դեպքում, երբ, կրկնում ենք, մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման դեպքում իրենք են կրելու միլիարդավոր դոլարների տնտեսական վնասներ: Սակայն կա մի սահման, որը պետություններին ստիպում է վեր կանգնել նյութական վնասների վտանգից, և այդ սահմանը, ինչպես կրկին վերը նշվեց, ամենևին կամ միայն ժողովրդավարական արժեքները կամ պետությունների սուվերենության հարգման սկզբունքները չեն: Այդ սահմանն այն վախի ու սպառնալիքի զգացումն է, որը միջազգային հանրությունն ունի Ռուսաստանից: Վախ, որը պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի տարածքային, ռազմական կամ ատոմային հզորությամբ, այլ այդ հզորությանը տիրապետող Վլադիմիր Պուտինի անզորությամբ:
Ռուսաստանը միապետություն է՝ այդ հասկացության ամենավտանգավոր իմաստով: Դա կարելի է անվանել ժողովրդավարական կամ դեմոկրատական միապետություն, բայց խնդրի էությունն ու վտանգավորությունը դրանից չի փոխվի: Ռուսաստանում միապետական է որոշումների կայացման համակարգը, միապետական ու տոտալիտար է՝ բացարձակ իմաստով: 17 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ու ատոմային 1480 մարտագլխիկ ունեցող այդ երկրում, առանց բացառության, բոլոր որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից:
Ռուսաստանում չի գործում որոշումների կայացման հակակշիռների համակարգ, ինչն էլ վտանգավոր ու անկանխատեսելի է դարձնում բացառապես Պուտինի կամարտահայտությամբ պայմանավորված՝ այդ երկրի գործողությունները բոլոր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ու ռազմական հարցերում: Ասվածի լավագույն ապացույցը Պետական դումայի կողմից Ուկրաինայում ռուսական զորքեր մտցնելու՝ Պուտինի միջնորդության քվեարկությունն էր. այն ընդունվեց միաձայն: Դա նշանակում է, որ այդ երկրում միաձայն կարող է ընդունվել ցանկացած առաջարկ՝ աշխարհին պատերազմ հայտարարելու, ծովային ջրերը ցամաքեցնելու, երկրագնդի ազգությամբ ոչ ռուս բնակիչներին գնդակահարելու, անհեթեթության գերագույն աստիճանի հասնող որևէ այլ որոշում:
Հենց սա է Ռուսաստանն ավելի վտանգավոր դարձնում՝ աշխարհի որևէ այլ պետության համեմատ: Որևէ երկրի ղեկավար՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, և այլն, կարող է ընդունել ամենավատ ու ամենաանցանկալի որոշումները, բացառապես՝ իր երկրի շահերից բխող, բարոյական ու հումանիստական տեսանկյունից՝ կասկածելի որոշումներ, սակայն այդ որոշումների ընդունման գործընթացում նրանց դեպքում գործում են հակակշիռների մի քանի համակարգեր՝ խորհրդարաններ, ազգային անվտանգության գործակալություններ կամ ծառայություններ, և այլն:
Դա նշանակում է, որ ցանկացած որոշում կարող է լինել վատը, կարող է անցանկալի հետևանքներ ունենալ, և այլն, բայց չի կարող կասկածի տակ դրվել դրանց կայացման սուբյեկտների, կամ որ նույնն է՝ այդ որոշումների մեղսունակությունը: Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ բոլոր քաղաքական ու հանրային ինստիտուտները, ամենատարբեր գերատեսչություններն ու համակարգերը գործում են ոչ թե որոշումների կայացման գործընթացը հակակշռելու, այլ ճիշտ հակառակը՝ մեկ անձի որոշումները հիմնավորելու, արդարացնելու, այդ որոշումների կատարումն ապահովելու համար:
Այդ թվում՝ կասկածի տակ չդնելով անգամ այդ որոշումների մեղսունակությունը: Այո, հենց մեղսունակությունը, որը տեղին որակում չէ պետությունների, պետական կառավարման համակարգերի համար, սակայն բնութագրական է այն դեպքում, երբ այդ համակարգերը ծառայում են առանձին վերցրած մեկ անձի կամայականությանը: Իսկ անհատին, անգամ ամենամեծ պետություններ ղեկավարող անհատներին բնորոշ են մարդկային բոլոր հատկանիշները, թուլություններն ու արատները, որոնք նշված համատեքստում կարող են դառնալ ոչ միայն ազգային, այլև համամարդկային դժբախտությունների պատճառ:
Բնորոշումը, որ աշխարհը վախենում է ոչ թե Ռուսաստանի հզորությունից, այլ Պուտինի անզորությունից, վերաբերում է այն պարագային, որ ստեղծված իրադրությունը (երբ Ռուսաստանն ամեն օր, ըստ էության, նահանջ է արձանագրում իր աշխարհաքաղաքական դիրքերից) կարող է անդրադառնալ այդ իրադրությունը հրահրած անձի՝ Պուտինի հոգեվիճակի ու, դրանով պայմանավորված, նրա վարքագծի վրա: Իսկ երբ նման լիազորություններ, անսահմանափակ ու գերմարդկային լիազորություններ ունեցող անհատները հայտնվում են ցայտնոտային իրավիճակում կամ փակուղում, որպիսին կարելի է համարել Ռուսաստանի ներկայիս իրադրությունը, ապա նրանցից կարելի է սպասել ամեն ինչ՝ բառի բուն իմաստով:
Պուտինն՝ իր տեսակով, աշխարհայացքով, խառնվածքով ու հավակնություններով, անկանխատեսելի է վտանգավորության աստիճանի: Ամենականխատեսելին նրա դեպքում, թերևս, այն է, որ իրեն ու պետությունը անելանելիության հասցնելու դեպքում նա ոչ թե կփորձի իրավիճակից ելքեր գտնել, այլ կառաջնորդվի «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Մեծ հաշվով, համաշխարհային հանրությունն այսօր փորձում է կանխել հենց այդ «ջրհեղեղը», որը, Աստված մի արասցե, կարող է ընդհուպ երկրագնդի երեսից սրբել մարդկությանը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում վերջնական որոշման չկայացումը, ըստ ամենայնի, պայմանավորված է ոչ միայն գերտերությունների քաղաքական և տնտեսական շահերի տարբերությամբ, այլ Պուտինին վերջնականապես պատին չսեղմելու անթույլատրելիության գիտակցմամբ: Այսինքն՝ բացի շահերի հակադրումից, արևմտյան տերությունների գործողությունների հիմքում ընկած է նաև «не будить зверя» սկզբունքը, որը միանգամայն տեղին կարելի է համարել տարբեր կենդանիների հետ լուսանկարվելու սիրահար Վլադիմիր Պուտինի պարագայում:
Հայի վերջին խելքը
Համաշխարհային գործընթացներից գրեթե ամբողջությամբ մեկուսացված Հայաստանի համար այս վտանգն ու սպառնալիքն առավել, քան իրատեսական է, ու այն չնկատելու համար առնվազն պետք է բանականության հետ խնդիրներ ունենալ: Հայաստանի իշխանությունը, ընդդիմության զգալի հատվածն արդարացնում են Մաքսային միությանն անդամակցելու, կամ որ նույնն է՝ Ռուսաստանի անվերապահ ազդեցության տակ հայտնվելու որոշումը: Այդ տեսակետը կրողների հիմնավորումները բազմաթիվ են՝ անվտանգություն, Լեռնային Ղարաբաղի հարց, գազի գին, և այլն: Ընդունենք, որ բոլոր այս փաստարկներն արդարացի են, այն ներկայացնող քաղաքական ուժերն ու գործիչներն էլ միանգամայն ազնիվ են իրենց մղումներում, մոռանանք որևէ ստվերային գործարքի, այս կամ այն ազդեցության տակ լինելու մասին չարամիտ պնդումները և ընդունենք նաև, որ ռուսական կողմնորոշումը բացառապես ազգային շահերով մտահոգվածության արդյունք է:
Սակայն վերը նկարագրվածը՝ այս օրերին Ռուսաստանի հետ ու նրա մասնակցությամբ տեղի ունեցող գործընթացները, վկայում են, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհը գործ ունի ոչ թե Ռուսաստանի՝ որպես պետության հետ, այլ պետության անվան տակ հանդես եկող գերհզոր մի մեքենայի հետ, որն իրականում ծառայում է մեկ անձի կամքին: Կարո՞ղ է Հայաստանում «ռուսական գծի» ներկայացուցիչներից որևէ մեկը երաշխավորել, որ մեր երկրի նկատմամբ, մեր երկրի հետ կապված հարցերում Պուտինը չի առաջնորդվի ոչ թե հայ-ռուսական դարավոր բարեկամության պատմական հիշատակումներով, այլ այսրոպեական, կամայական տրամադրություններից բխող ինչ-որ մղումներով, ու չի նախաձեռնի որևէ քայլ, որը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար: Որևէ մեկը կարո՞ղ է բացառել, որ, դիցուք, որևէ «գինովցած գյումրեցի» չի հայհոյի Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանի աշխատակցին ու նրա «ազգը», և ռուս զինվորի արժանապատվությունն ու նրան սպառնացող «էթնիկ վտանգը» չեզոքացնելու համար Պուտինը չի դիմի Պետական դումա՝ Հայաստան զորք մտցնելու հարցով: Իհա՛րկե չի կարող:
Հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, ռազմավարականությունը կասկածի տակ դնելը, Հայաստանի աշխարհագրական ու քաղաքական պայմաններում, նույնպես անմեղսունակությանը հավասար դիրքորոշում է: Հայաստանի ռազմավարական դաշնակիցն իրականում պետք է լինի ռուս հասարակությունը, որը, ինչպես տեսնում ենք, ինքը լրջագույն խնդիր ունի սեփական ճակատագիրն անհատի կամայականությանը հանձնելու հարցում: Իսկ քանի դեռ ռուս հասարակությունը չի լուծել այդ խնդիրը, առնվազն կարելի է ձեռնպահ մնալ սեփական երկիրն ու ճակատագիրը գոնե այս պահին խորտակվող Ռուսաստանի հետ կապելու հարցում:
Հայաստանում՝ ինչպես Ռուսաստանում
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի հանրային-քաղաքական կյանքում առկա բազմաթիվ երևույթներ պրոյեկցվում են նաև Հայաստանում, և գուցե նաև դրա հետևանք կարելի է համարել այն, որ այստեղ ևս, ըստ էության, գործում է որոշումների կայացման գրեթե նույն մեխանիզմը: Տարբեր դրսևորումներով, բնականաբար: Սակայն երևույթը խորքում նույնն է: Հայաստանում նոմինալ առումով առկա են ժողովրդավարական բոլոր ինստիտուտներն ու ատրիբուտները. ընդդիմություն ունեցող խորհրդարան, ընդդիմադիր մամուլ, համարձակ քաղաքացիական հասարակություն, և այլն: Սակայն բոլոր այս համակարգերը գործնական իմաստով ցուցափեղկային նշանակություն ունեն, քանի որ դրանք, մեղմ ասած, չեն ազդում որոշումների կայացման վրա: Այսինքն՝ ժողովրդավարությունը ֆունկցիոնալ իմաստով զրոյական նշանակություն ունի:
Օրինակները բազմաթիվ են՝ սկսած նույն Մաքսային միությանն անդամակցության որոշումից, վերջացրած սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ: Բոլոր այդ և կենսական այլ նշանակություն ունեցող որոշումները կայացվում են մեկ վայրում՝ Բաղրամյան 26-ում, նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակում:
Ասվածը ժխտող որևէ օրինակ գտնել շատ դժվար է, եթե ոչ՝ անհնար:
Անցած տարիներին չի եղել Սերժ Սարգսյանի կողմից կայացված որևէ որոշում, որը չի իրականացվել: Կամ որոշում, որը կայացվել է՝ այլ ինստիտուտների կարծիքը հաշվի առնելով: Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ու Մաշտոցի պուրակը, այս դեպքում, «հաշիվ չեն»:
Կա՞ Հայաստանում որոշումների կայացման վրա տեսականորեն ազդեցություն ունեցող որևէ մեկը, ով համարձակվում է ընդդիմանալ Սերժ Սարգսյանին, նրա կարծիքից տարբերվող կարծիք հայտնել, հակառակվել ու հիմնավորել իր դիրքորոշումը: Այս հարցին պատասխանելու համար բավական է նայել Հայաստանի քաղաքական վերնախավի ու բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներին, և պարզ կդառնա, որ պատասխանը «ոչ» է:
Նրանց մեծ մասի դեպքում բացակայում է համարձակությունը, մյուսների պարագայում՝ բավարարում է հաշվենկատությունը: Այսպես շատ ավելի հարմար է ու շահավետ: Չես հակառակվում վերադասին, և կյանքը շարունակում է ուրախ ու զվարթ ընթացքը: Դրանից բխող բոլոր ֆինանսական հետևանքներով:
Հայաստանը չունի միջազգային հարաբերությունների վրա ազդելու հնարավորություններ, Հայաստանը զրկված է անգամ սեփական շահերին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, ինքնիշխանությունից: Այս ամենով հանդերձ՝ սեփական շահերի, այդ շահերն առանձին անհատների կամայականությանը հանձնելու կործանարար հետևանքների մասին գոնե մտածելու իրավունքը դեռևս որևէ մեկը Հայաստանից չի խլել: Ու չնայած անշրջելիությունն ու նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու սկզբունքը Հայաստանում դարձել են դոմինանտ ու ուղենիշային՝ ինչպես իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության շրջանում, այդուհանդերձ, մտածել արժե:
Հայաստանը բախտի քմահաճույքին հանձնելը հաստատ այն նպատակը չէ, որի համար կարելի է ընդունելի համարել ցանկացած միջոց: Եթե անգամ դա ապահովում է տեսանելի քաղաքական, ֆինանսական և այլ նյութական դիվիդենտներ:
Հարություն Ավետիսյան