Գրագետ գրելու ժամանակ չունենք. շտապում ենք
Սոցիալական ցանցերում շատ են հետաքրքիր գրառումները, վերլուծությունները, կարծիքները, որոնց հեղինակներն ինտելեկտուալ, կիրթ մարդիկ են: Սակայն նրանց տեքստերը հարուստ են ոչ միայն թարմ, հետաքրքիր մտքերով, այլև ուղղագրական սխալներով: Իսկ տառասխալներն, անգամ ամենակարևոր տեքստում, նվազեցնում են գրառման կարևորությունը:
Ֆեսբուքյան գրառումներում տառասխալներն արդարացնել՝ իբրև` տարածքը պաշտոնական չէ, ազատ է, չի պարտադրում լարվել՝ տեքստում սխալները բացառելու համար, այնքան էլ տեղին չեն:
Ընդունելի չեն նաև հավաստիացումները, թե տեքստը գրված է արագ, հետևաբար՝ տառասխալներն անխուսափելի են, որ գլխավորը ուղերձը տեղ հասցնելն է: Եվ որ, ի վերջո, այդ միտքը գրված է իրենց անձնական տարածքում, հետևաբար՝ կարող են գրել այնպես, ինչպես հարմար են գտնում: Եթե պատիդ տեքստ ես գրել, ակնկալում ես, որ այն տեսնեն առնվազն ընկերներդ:
Այսինքն՝ այսպես թե այնպես, սպասում ես արձագանքի: Ուրեմն՝ ճիշտ է հարգել հնարավոր ընթերցողներին, որոնք իրենց ժամանակը տրամադրում են գրառումներդ ընթերցելուն, դրանք քննարկելուն: Կարլ Մարքսն ընկերոջը երկար նամակ գրելուց հետո, վերջում ավելացնում է. «Ների՛ր, որ երկար գրեցի, կարճ գրելու ժամանակ չունեի»: Ֆեյսբուքում օգտատերերը ժամանակի խնդիր, կարծես, չունեն. գրում են իրենց հարմար ժամի, գրառումներն էլ կատարում են սեփական կամքով՝ առանց արտաքին պարտադրանքի:
Որպես օգտատեր՝ նկատել եմ սխալներ, որոնք, այսպես ասած, ունիվերսալ են՝ կրթական և տարիքային սահմանափակում չունեն: Ինձ թույլ եմ տալիս անդրադառնալ դրանցից մի քանիսին:
Ծննդյան օրվա շնորհավորանքներում, որպես կանոն, հանդիպում է նույն սխալը՝
«Շնորհավոր ծնունդտ»: Ճիշտը ՝«Շնորհավոր ծնունդդ»: Դ-ն դիմորոշ հոդ է: Ծնունդդ, այսինքն՝ քո ծնունդը, գիրքդ՝ քո գիրքը:
Ավիրել: Սա չափազանց տարածված սխալ է: Բառի արմատն է` ավեր, որը հնչյունափոխության չի ենթարկվում. ավեր, ավերակ, ավերածություն, ավերել:
Շատ է հանդիպում «Ցանկանում եմ կիսել ուրախությունս» արտահայտությունը: Եթե ուրախությունը կիսեք, այն «կպակասի», կկիսվի: Ուրախությունը կրկնապատկում են, իսկ կիսում են վիշտը:
Նախադասություններում երբեմն անհարկի օգտագործում ենք դա ցուցականը: Սա արդեն ռուսերենի ազդեցության հետևանք է` «искусство-это»: Մեր գրական հայերենում այդ արտահայտությունը խստագույնս մերժելի է, որովհետև ստացվում է կրկնակի ենթակա` մեկ նախադասության մեջ. «Երաժշտությունը` դա արվեստի այն ճյուղն է, որը…»: Ճիշտն այն է, որ դա-ն չլինի:
Բարձր հիմքերի վրա: «Կողմերն անում են հնարավորը՝ հարաբերություններն ավելի բարձր հիմքերի վրա դնելու համարգ»: Հայտնի է, որ հիմքն առարկայի ստորին մասն է:
Օրինակ՝ շենքի հիմքը բարձր ոչ մի կերպ չի կարող լինել, այն կարող է և պետք է լինի խոր: Իսկ ճիշտ ձևն է՝ «Կողմերն անում են հնարավորը՝ հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու համար»: «Հիմքի» փոխարեն ճիշտ է ասել «մակարդակ»:
Զերո: Հավանաբար, անգլերենի zero-ի ազդեցությունն է: Հայերենում ոչ թե զերո է, այլ զրո: Զրո, զրոյական, զրոյացնել…
Բանը նրանում է, որ… Այս կառուցվածքը, դարձյալ ռուսերենի ազդեցությամբ, սխալմամբ գործածվում է՝ «բանը նրանում է, որգ», «բանը կայանում է նրանում, որգ»: Նախ` այսպիսի արտահայտությունները շատ անորոշ են, ոչինչ չասող, ուստի և ավելորդ: Ի՞նչ է «բանը»: Իսկ «նրանումն է», «Կայանում է նրանում»-ը մի՞թե ցույց են տալիս առարկայի («բանի») տեղը: Իհարկե, ոչ: Ուրեմն` ոչ թե «բանը նրանումն է», «կայանում է նրանում», այլ խնդիրն այն է, հարցն այն է, ծայրահեղ դեպքում` բանն այն է:
Մեղանչել: Այս բայի արմատն է մեղ, որը գործածվում է մեղավոր, մեղք, անմեղ, մեղսագործ, մեղսունակ և այլ բառերում: Մեղանչել բայը, որ գալիս է գրաբարից, նշանակել է մեղք գործել: Այսուհանդերձ, շատ ենք լսում և կարդում/այսպիսի նախադասություններ` «Դու քո արածի համար կմեղանչես», «Այնպես արա, որ չմեղանչես կատարածիդ համար», «Չե՞ս մեղանչում թույլ տված սխալիդ համար», և այլն: Այս նախադասություններում մեղանչել բառը գործածվում է զղջալ իմաստով, որը սխալ է:
Կանացի երջանկություն: Արևելահայ գրական հայերենում կանացի և կանանց բառաձևերն ունեն տարբեր իմաստներ: Մարտի 8-ին շատերիս մաղթեցին «կանացի» երջանկություն: Կանացի բառն ածական է, որ նշանակում է նուրբ, քնքուշ և այլն: Մինչդեռ կանանց-ը կանայք գոյականի սեռական հոլովաձևն է, որ նշանակում է կնոջը վերաբերող կամ պատկանող: Այսուհանդերձ, ամենուր կարդում ենք, օրինակ, «կանացի կոշիկ», «կանացի հարդարանք», «կանացի գուլպա», «կանացի հագուստ»գ Սրանք, սխալ կիրառություններ լինելով, միանգամայն մերժելի են: «Կանացի» բառի սխալ կիրառություն է նաև «կանացի վարսավիրանոց» արտահայտությունը: Ճիշտը «կանանց վարսավիրանոցն» է:
Ինչո՞ւ համար: Ինչու-ն հարցական դերանուն է/նաև` հարաբերական, որ գործածվում է պատճառի պարագայի դերով` «Ինչո՞ւ/ի՞նչ պատճառով/դասի չես գալիս»/,«Որովհետև հիվանդ եմ»/… Ինչու-ն չի հոլովվում, հետևաբար չի կարող ընդունել համար կապը: Սակայն այնքան ընտելացել ենք «ինչո՞ւ»-ի փոխարեն «ինչո՞ւ համար» խիստ սխալ ձևին: Միանգամայն սխալ է: Ճիշտն է՝ «ինչո՞ւ»:
Սոցցանցում և, անգամ, եթերում, «թիմ» բառի սեռական հոլովը, որպես կանոն, դառնում է «թմի», այն դեպքում, երբ ճիշտն է՝ թիմի: Նույն սկզբունքով՝ ոչ թե «Ձմեռ պապու նվերը», այլ «Ձմեռ պապի նվերը»:
Ֆեյսբուքում Դոն Քիշոտը դառնում է «Դոնկի Հոտ», ճիճուն՝ ճճու: «Համբուրել»-ը ռաբիս երգերում չէ միայն, որ հնչում է «համփյուրել» (համբույր՝ համ+բույր): «Հեռախոսով կկապնվենք» արտահայտությունը ոչ մի կերպ չենք կարողանում փոխարինել ճիշտ ձևով՝ «կկապվենք»:
«Կողք կողքի», «օր օրի»՝ գրվում են՝ առանց գծիկի: Կա կանոն՝ եթե կրկնվող բաղադրիչներից մեկը հոլովվում է, գծիկ չի դրվում: Ուղղակի անտանելի է «որը որ» արտահայտությունը. որ-ն ուղղակի ավելորդաբանություն է:
Մեր սխալները չափազանց շատ են՝ դրանց մատների արանքով նայելու համար: Հասկանալի է, որ ֆեյսբուքն ազատ տարածություն է, և մաքրամոլությունը (պուրիտանիզմ) այս դեպքում ամենևին տեղին չէ: Խոսքը տարրական գրագիտության մասին է, որի պահպանումը որևէ մեկի ազատությունը, ենթադրում եմ, չի սահմանափակում: Եթե չասեմ՝ հակառակը: