Բաժիններ՝

Ում կարող է տնտեսական վնասներ պատճառել ուկրաինական ճգնաժամը

Ճգնաժամն էր մեղավոր։ Այս խոսքը մի ժամանակ շատ տարածված էր Հայաստանում։ Ավելի կոնկրետ` 2009-2010 թվականներին բոլորն իրենց տնտեսական ու անգամ անձնական անհաջողությունները վերագրում էին համաշխարհային տնտեսական ճգնաժամին։

Խոսքը միայն ՀՀ իշխանություններին չի վերաբերում, ովքեր տնտեսական անկումն ու մինչ օրս շարունակվող բացասական երևույթները դեռ պայմանավորում են ճգնաժամով։ Ճգնաժամի «օգնությանը» դիմում էին նաև մասնավոր ընկերություններն ու անհատ քաղաքացիները, երբ պետք էր մերժել ինչ-որ մեկին, արդարանալ կամ հիմնավորել անպատասխանատու պահվածքը։ Օրինակ` մեկը պարտք տված գումարն ուշացնում էր` ասելով, թե համաշխարհային ճգնաժամը ազդեց իր բռնած գործի վրա։

Մյուսը հրաժարվում էր նախապես պայմանավորված խմբաքանակը պատվիրելուց` կրկին մեջտեղ բերելով ճգնաժամը։ Որոշ դեպքերում այդ արդարացումն արդարացված էր, իսկ որոշ դեպքերում` պարզապես պատրվակ։

Այսօր տնտեսական ճգնաժամին մասնակիորեն փոխարինել են Ուկրաինայի դեպքերը։ Մասնավոր զրույցներում կրկին շատերն ասում են, որ ուկրաինական ճգնաժամն ազդել է իրենց գործերի վրա։ Շատ հաճախ կարելի է լսել, որ ապրանքն ուղարկել են Ուկրաինա, և չեն կարողանում գումարները ստանալ. երկրում փող չկա։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինան Հայաստանի թիվ մեկ գործընկերն է կամ էր։

Որքանո՞վ են արդարացված այդ արդարացումները` դժվար է ասել։ Այո, Ուկրաինան իսկապես բավական դժվարին կացության մեջ է։ Սակայն արդյո՞ք մեր առևտրային կապերն այդ երկրի հետ այնքան սերտ են, որ մենք դրա ազդեցությունը շատ խորը պետք է զգանք։

Ուկրաինան իրոք լուրջ առևտրային գործընկեր է Հայաստանի համար։ Նախորդ տարի երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 241.8 միլիոն դոլար։ Այսինքն` Ուկրաինային բաժին է ընկնում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 4.1%-ը։ Սա, ինչ խոսք, լուրջ ցուցանիշ է։ Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Բանն այն է, որ այդ 241.8 միլիոնից Հայաստանից Ուկրաինա արտահանմանը բաժին է ընկնում ընդամենը 15.2 միլիոն դոլար։ ՀՀ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալներով` Հայաստանից Ուկրաինա արտահանման տարեկան ծավալը կազմում է 14-15 միլիոն ԱՄՆ դոլար։ 2013 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 70 անուն ապրանք` 15.2 միլիոն դոլար ընդհանուր ծավալով։

Ընդ որում, արտահանման առյուծի բաժինը` ավելի քան 9 միլիոնը, կոնյակն է։ Արտահանում ենք նաև շուրջ մեկ միլիոն դոլարի խեցգետնակերպեր և մոտ 600 հազար դոլարի մրգեր։ Մնացած ապրանքատեսակների արտահանումը չնչին ծավալներ ունի։ Այսինքն` Ուկրաինան` որպես արտահանման ուղղություն, Հայաստանի համար առաջին տեղերում չէ, և գերագնահատել արտահանողների վնասները` չի կարելի։

Ավելին, նշենք, որ այս տարվա հունվարին Հայաստանից Ուկրաինա արտահանման ծավալը երկու անգամ աճել է։ Փետրվարի տվյալները, երբ տեղի ունեցան հիմնական իրադարձությունները, դեռ չեն հրապարակվել։

Հիմա անդրադառնանք ներմուծմանը։ 2013 թվականի ընթացքում Ուկրաինայից Հայաստան ներմուծումը կազմել է 226.4 միլիոն դոլար։ Դա մեր ներմուծման ընդհանուր ծավալի 5%-ն է։ Սա նշանակում է, որ ուկրաինական ապրանքները կարևոր դեր են խաղում մեր սպառման մեջ։

Ուկրաինայից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքներն են ծխախոտը (35.2 միլիոն դոլար), երկաթից ու պողպատից հարթ գլանվածքները (13.8 միլիոն դոլար), շոկոլադը և կակաոյից պատրաստված սնունդը (10.7 միլիոն դոլար), արևածաղկի ձեթը (10.1 միլիոն դոլար), եգիպտացորենը (8.4 միլիոն դոլար), տաք գլանված երկաթից կամ պողպատից ձողերը (5.7 միլիոն դոլար), խտացրած կաթը և կաթի փոշին (4.7 միլիոն դոլար) և այլն։ Ընդհանուր առմամբ` Ուկրաինայից Հայաստան ներմուծվում է շուրջ 500 անուն ապրանք։

Ի՞նչ կլինի ուկրաինական ներմուծման հետ։ Եթե ընդունենք, որ Ուկրաինայում փող չկա, սակայն ապրանք կա, ապա ներմուծման ծավալները կարող են ոչ միայն չնվազել, այլև ավելանալ` գների իջեցման հաշվին։ Իսկ եթե, Աստված մի արասցե, իրավիճակն այնպես թեժանա, որ բեռնափոխադրումներն անհնարին դառնան, ապա կորուստներ կունենան հիմնականում այդ երկիր ապրանք ներմուծողները։ Այսինքն` Ուկրաինական խնդիրները գլոբալ առումով կարող են ավելի շոշափելի բացասական հետևանքներ ունենալ ոչ թե հայաստանցի ներմուծողների, այլ արտահանողների համար։
Ցանկացած երկրի դեպքում տնտեսական ազդեցությունը գնահատվում է նաև ներդրումների և դրամական փոխանցումների տեսանկյունից։

Ներդրումների առումով դժվար թե որևէ փոփոխություն լինի, քանի որ ուկրաինական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ առանց այն էլ աննշան ծավալներ ունեն։
Ինչ վերաբերում է մասնավոր դրամական փոխանցումներին (տրանսֆերտներին), ապա այստեղ վիճակը բավականին ուշագրավ է։ Հայ համայնքն Ուկրաինայում բավականին մեծ է. պաշտոնական տվյալներով Ուկրաինայում բնակվում է շուրջ 130-140 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 350-400 հազար։

Կարծում եք` դրամական փոխանցումնե՞րն էլ պետք է մեծ լինեն։ Այդպես չէ։ 2013 թվականին, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Ուկրաինայից Հայաստան ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով փոխանցել են ընդամենը 18.2 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ Ռուսաստանից նույն ժամանակահատվածում փոխանցվել է 1.7 միլիարդ դոլար)։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Հակառակ ուղղությամբ` Հայաստանից Ուկրաինա, 2013 թվականին փոխանցվել է 3.5 միլիոնով ավելի շատ գումար` 21.7 միլիոն դոլար։ Այսինքն` տվյալ դեպքում ոչ թե Ուկրաինայում ապրող հայերն են ֆինանսական օգնություն ցուցաբերել ՀՀ-ում ապրող իրենց հարազատներին, այլ հակառակը` ՀՀ-ում ապրողները` նրանց։ Ու, ցավոք սրտի, թեպետ մեր վիճակն էլ մի բան չէ, առաջիկայում երևի կարիք լինի ավելի շատ փող ուղարկել Հայաստանից Ուկրաինա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս