Ռուսաստանը «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային այսօր մատակարարել է 100-րդ միլիարդ խորանարդ մետրը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» 2013 թվականին «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային մատակարարել է 13.7 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է Թուրքիային մատակարարվող ռուսական գազի արտահանման ծավալի կեսից ավելին:
Այս մասին նշված է «Գազպրոմի» տարածած հայտարարության մեջ: Դրանում նշված է նաև, որ նախորդ տարի Թուրքիան Ռուսաստանից ընդհանուր առմամբ ստացել է 26.7 միլիարդ խորանարդ մետր գազ (Թուրքիան ռուսական գազ է ստանում նաև «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով): Թուրքիան այսօր «Երկնագույն հոսք» գազատարով Ռուսաստանից ստացել է 100-րդ միլիարդ խորանարդ մետրը:
«Գազպրոմի» հայտարարության մեջ նշված է նաև, որ Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարը գործում է արդեն ավելի քան 11 տարի և Ռուսաստանը հիմնականում այդ գազատարի շնորհիվ ոչ միայն ցամաքում, այլև՝ ծովում ժամանակակից գազատրանսպորտային համակարգեր ստեղծելու հարցում դարձել է աշխարհի անխոս առաջատար:
«Երկնագույն հոսք» գազատարի երկարությունը կազմում է 1213 կիլոմետր, իսկ տարեկան թողունակությունը՝ 16 միլիարդ խորանարդ մետր գազ: Ներկայումս այդ խողովակաշարով օրական մատակարարվում է 48.1 միլիոն խորանարդ մետր գազ: Այն գործարկվել է 2002 թվականի դեկտեմբերին: Թուրքիան Եվրոպայում ռուսական «Գազպրոմի» երկրորդ խոշոր գնորդն է՝ Գերմանիայից հետո:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրման 45 տոկոսի աղբյուրը գազն է (մյուս աղբյուրներից ավելի շատ): 2012 թվականին Թուրքիան ներկրել է 45.923.000 խորանարդ մետր գազ, որից 27.02 միլիարդ խորանարդ մետրը՝ Ռուսաստանից: Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գազամատակարար երկիրն է (մոտ 60 տոկոս), ապա գալիս են Իրանն ու Ադրբեջանը: Բացի այդ, Թուրքիան հեղուկացված գազ է ներկրում Ալժիրից ու Նիգերիայից:
Այս տարվա հունվարի վերջին թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիան իր երեք հիմնական գազամատակարարներից գազն ամենաէժան գնով ձեռք է բերում Ադրբեջանից, իսկ ամենաթանկ գնով՝ Իրանից: Թուրքիան հազար խորանարդ մետր գազի համար Ադրբեջանին վճարում է 335 դոլար, մինչդեռ նույն քանակի գազի համար նա Իրանին վճարում է 490 դոլար: Ռուսական գազի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 425 դոլար:
Ի դեպ, 2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել, որ կարող են ընդլայնվել «Երկնագույն հոսքի» հնարավորությունները («Երկնագույն հոսք 2» գազատարի կառուցումը), ինչը նախատեսված կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև` այլ երկրների համար: