Այլընտրանքային փսիխոզ

Հայաստանի քաղաքական համակարգի խորքային խնդիրներից մեկը, գուցե ամենակարևորը` ոչ ադեկվատությունն է: Ոչ իշխանական քաղաքական ուժերը համարժեք չեն արձագանքում հասարակության շահերին ու իրական պահանջներին, նրանք ավելի քան անհամարժեք են միջազգային կարևորագույն գործընթացների պարագայում: Ի տարբերություն ընդդիմության ու այլընտրանքային ուժերի, իշխանության գործողությունները շատ ավելի համարժեք են՝ այդ երևույթի բացասական, սակայն պրակտիկ իմաստով:

Այո, իշխանությունն ընդդիմությունից ավելի անհաղորդ է հասարակության խնդիրներին ու շահերին, իշխանությունն անհամեմատ պասիվ ու կրավորական է արտաքին քաղաքակնության մեջ, ինչի իրականացման մանդատը սեպտեմբերի 3-ից հանձնել է Ռուսաստանին: Սակայն իշխանության այս ոչ ադեկվատության հիմավորումը սեփական իշխանության պահպանումն է, և այդ խնդրի լուծման տեսանկյունից` նրա գործողությունները երբեմն առավել քան ադեկվատ են:

Մինչդեռ ընդդիմությունը, որի նպատակն իշխանության հասնելն է, ամեն անգամ զարմացնում է ոչ ադեկվատության հերթական, նախորդից ավելի ցայտուն գործողություններով: Հենց այդպիսի օրինակ էր Մարտի 1-ի արյունալի ոճրագործության բացահայտման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը, որը, ինչպես կանատեսելի էր բոլորի, բայց ոչ ընդդիմության համար, երեկ տապալվեց:

Այդ նախաձեռնության իմաստն այն էր, որ ոչ իշխանական ուժերն իշխանությունից պահանջում էին իրենց հետ համատեղ ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր, բացահայտեր այն իրադարձությունները, որոնք 2008 թվականին իշխանությունն իրականացրել է այն ժամանակ իշխանությունը չկորցնելու և այն պահպանելու համար, ինչը մինչև օրս հաջողվում է:

Եթե ավազակային հարձակման ենթարկված, բայց ողջ մնացած որևէ քաղաքացի փորձի այդ հանցագործությունը, մյուս քաղաքացիների սպանությունները բացահայտելու համար հանցագործների հետ ինչ-որ մարմին ստեղծել, համապատասխան մարմիններն առաջին հերթին` այդ քաղաքացուն կուղարկեն հոգեբուժարան՝ մեղսունակության փորձաքննություն անցնելու համար: Մինչդեռ ոչ իշխանական ուժերը զբաղվում են հենց դրանով և ոչ թե ներողություն են խնդրում հասարակությունից, այլ ամեն առիթով մուննաթ են գալիս հասարակության վրա` իրենց գործողությունների արդարացիության մեջ կասկածող ցանկացած մեկին որակելով` որպես իշխանության սպասարկու:

Իսկ ներողություն խնդրելու պատճառ նրանք ունեն, քանի որ առնվազն մեկ-երկու ամիս զբաղված էին հասարակության մեջ սպասում առաջացնելով առ այն, որ ուր որ է՝ իրենց հնարամտության ու ճկունության շնորհիվ Մարտի 1-ի հանձնաժողովը կստեղծվի, մարդասպաններն ու նրանց պատվիրատուներն էլ կբացահայտվեն (կարծես թե բացահայտված չեն), ճշմարտությունը կհաղթանակի, Հայաստանն էլ դուրս կգա անարդարության ճահճից:

Ընդդիմադիրները, բնականաբար, ներողություն չեն խնդրելու, քանի որ հիմա զբաղված են հանրային սպասում առաջացնող հերթական փուչիկը փչելով՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Թե կոնկրետ ի՞նչ դրսևորմամբ կպայթի այդ փուչիկը՝ դժվար է միանշանակ ասել, դա անգամ կարևոր էլ չէ: Կարևորն այն է, որ դա շարունակական գործողություն է և, ըստ ամենայնի, տևելու է մինչև հաջորդ ընտրություններ:

Հարցն այն է, հասարակությունն այդքան կհանդուրժի՞, թե՞, ի վերջո, հոգեբուժարանի ուղեգիր «կգրի» այդ ուժերի համար և համապատասխան մասնագետներից կստանա «իշխանության գալու մտասևեռմամբ ոչ իշխանական խմբակային փսիխոզ» ախտորոշումը: Իշխանությունից հասարակությունը վաղուց որևէ սպասելիք չունի, իշխանության գործողությունների ադեկվատությունն էլ մարդկանց գրեթե չի հուզում, քանի որ որքան ոչ ադեկվատ լինեն դրանք, այնքան Հայաստանն ու հասարակությունը կշահեն:

Տեսանյութեր

Լրահոս