Բաժիններ՝

Աստղագիտության զարգացման մակարդակով Հայաստանը գտնվում է մոտավորապես 25-30-րդ տեղում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստղագետ Արեգ Միքայելյանը խոսեց գիտության և քաղաքականության կապի մասին: Նա հիշեցրեց իր բազմաթիվ անգամներ հնչեցրած դիտարկումը, որ երկրի քաղաքականությունը և, ընդհանրապես որևէ քաղաքականություն մշակելիս, նախ՝ պետք է անդրադառնալ առաջնահերթություններին՝ ի՞նչն է կարոր է, ի՞նչը՝ ոչ, և ինչի՞ վրա է պետք շեշտադրում անել.

«Եվ Հայաստանի մասին խոսելիս` առաջին հերթին՝ հենց պետք է խոսել մշակույթի մասին: Նույնիսկ առիթ է եղել, մի անգամ մեր նախագահին եմ ասել, որ նա միջազգային ասպարեզում առաջին հերթին կարող է իրեն հպարտ զգալ նրանով, որ ներկայացնում է մշակութային բարձր արժեքներ ունեցող պետություն»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ գիտությունը մշակույթ է. «Երբեմն մշակույթ ասելով, ճիշտ է, համարում են, որ արվեստն է միայն, բայց՝ ո՛չ, մշակույթը նաև գիտությունն է և առանձնացված է այն պատճառով, որ խնդիրներն են տարբեր: Գիտությունն ընդհանրապես մարդկության համար ամենակարևոր բանն է: Դա իմ համոզմունքն է, և դա ես հպարտորեն եմ նշում, ոչ թե նրա համար, որ ինքս գիտնական եմ, այլ որովհետև ինչ ունենք-չունենք՝ գիտության շնորհիվ է: Դա պետք է բոլորս հասկանանք»:

Ըստ Ա. Միքայելյանի՝ թեև գիտության մեջ մարզական ցուցանիշներ չկան, բայց այնուամենայնիվ ինքը կարող է գնահատել, քանի որ առնչվում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որտեղ տարբեր գնահատականներ և ցուցանիշներ կան. «Աստղագիտության զարգացման մակարդակով Հայաստանը գտնվում է մոտավորապես 25-30-րդ տեղում: Հայ ժողովուրդն իր մտավոր կարողություններով, այնուամենայնիվ, առավելություններ ունի: Ատղագիտությունը, թերևս, ամենալայն, ընդարձակ ոլորտներ ընդգրկող գիտությունն է»:

Կարդացեք նաև

Աստղագետը նշեց, որ վերջին տարիներին իրենք ավելի շատ շեշտը դրել են գիտության այլ ճյուղերի հետ համագործակցությունների վրա, քանի որ աստղագիտության զարգացման տենդենցն է այդպիսին:

Ըստ բանախոսի` այսօր հիմնականում զարգանում է բազմաալիքային աստղագիտությունը (երբ դիտումները և ուսումնասիրությունները կատարվում են տարբեր ոլորտներում, էլկտրամագնիսական ալիքների տարբեր տիրույթներում). «Դա թույլ է տալիս ավելի լայն նայել տիեզերքին, ավելի բազմակողմանի հասկանալ տիեզերքը: Բյուրականի աստղադիտարանում, մասնավորապես, վերջին 10-15 տարիներին զարգացվում է այդ թեման, և ստեղծվել են նոր ուղղություններ, կատարվել են նոր հայտնագործություններ: Մեր լավագույն արդյունքներից ես կնշեի տիեզերքի ամենառեկորդային ինֆրակարմիր ճառագայթում ունեցող գալակտիկաների հայտնագործությունը, որն, ի դեպ, կատարվեց ամերիկյան տիեզերական դիտակով: Զարմանալի է, բայց դա մեր ծրագիրն էր, մենք ինքներս ներկայացրինք, և նրանք այդ ծրագիրն ընդունեցին»:

Ա. Միքայելյանը նշեց, որ ամերիկացիները միլիարդավոր դոլարներ են ծախսում, կառուցում են խոշոր սարքեր, և, չնայած մենք չունենք այդ հնարավորությունը, բայց ընդամենը մի հատ լավ հնարամիտ ծրագրի շնորհիվ կարող ենք ներկայացնել իրենց դիտակով կատարելու համար. «Իրենք ընդունում են դա, որովհետև իրենք էլ են ուրախ, որ իրենց դիտակը լավ արդյունքներ տա: Եվ այդ համագործակցության արդյունքում հայտնաբերվեցին 32 նոր գալակտիկաները, որոնց ինֆրակարմիր ճառագայթումն ամենահզորն է ամբողջ տիեզերքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս