Գազի սակագնի սպասում
Սպասում բառը, թերևս, ամենաբնորոշն է: Այս օրերին այն ամենաբնորոշն է մեր թե՛ հասարակական-քաղաքական, թե տնտեսական կյանքի համար: Առաջինի պարագային բոլորը սպասում են ռուս-ուկրաինական կոնֆլիկտի լուծմանը: Անմռունչ սպասում են` առանց կարծիք հայտնելու: Հատկապես իշխանությունները: Հավանաբար, մտածելով, որ միջազգային մասշտաբով համեստ դիրք ու կշիռ ունեցող Հայաստանին վայել չէ նման իրավիճակներում պաշտոնական կարծիք արտահայտել: Հատկապես, որ հարցը վերաբերում է մեր «ոխերիմ» բարեկամ Ռուսաստանին: Առավել ևս, որ մեր իշխանություններն ակտիվ բանակցում են ՌԴ իշխանությունների հետ: Բանակցում ու փորձում են որևէ կերպ կարգավորել արտագնա աշխատուժի հնարավոր մուտքը ռուսաստանյան շուկա:
Բայց միևնույն է, ընթացող միջազգային գործընթացներն էական ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա: Առաջին հերթին` այն, որ ռուսական ռուբլին արժեզրկվում է: Դա իր հերթին` մեծ ճնշում է մեր ազգային դրամի համար: Թեկուզ միայն այն պատճառով, որ մեր ներքին շուկայում հայտնվող տարադրամը ռուսական ծագում ունի: Խոսքը և արտահանումներից, և տրանսֆերների տեսքով ստացվող տարադրամի մասին է:
Ռուսական ֆինանսական համակարգը սահմանափակումներ է դրել ներքին շուկայում տարադրամի վաճառքի և արտերկիր կատարվող փոխանցումների վրա: Նաև այն պատճառով, որ քաղաքական բարդ իրավիճակի հետևանքով ռուսական ռուբլին արժեզրկվում է:
Հետևաբար` Հայաստան փոխանցվող տրանսֆերները կատարվում են օր օրի արժեզրկվող ռուսական ռուբլով, որն այս օրերին ռեկորդային անկում արձանագրեց: Հետևաբար, մեր ֆինանսական կյանքի ամենաբնորոշ արտահայտությունն է` «լարում և սպասում»:
Տնտեսական կյանքն էլ է եղանակային սպասման մեջ: Գարնան գալստի հետ մեծանում են գյուղատնտեսական ոլորտից ակնկալիքները: Բայց մյուս կողմից` նախորդ տարիների փորձը ստիպում է զգուշավոր լինել: Անցած տարվա կարկտային գարնան հետևանքները ոչ ոք չի մոռացել: Ոչ գյուղացիները, ոչ էլ իշխանությունները, որ փոխհատուցում խոստացան: Խոստացան ու չտրամադրեցին: Ինչպես միշտ: Հիմա մեր գյուղատնտեսության ոլորտում մի փոքր տարօրինակ իրավիճակ է ձևավորվել: Ջերմոցային տնտեսությունները ձմռանն ակտիվ աշխատեցին:
Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից աննախադեպ քանակությամբ թարմ միրգ ու բանջարեղեն արտահանվեց` 7 հազար 500 տոննա: Համեմատության համար ասենք, որ 2013թ. արտահանումը կազմել էր ընդամենը 64,5 հազար տոննա:
Այսինքն` առաջին երկու ամիսների ցուցանիշն առնվազն երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա առաջին երկու ամսվա թվերը: Վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունները Հայաստանում աճում են: Հիմա վիճակագրությունը պնդում է, որ մեր երկրում առնվազն 150-160 հա ջերմոցներ կան: Բայց նույնիսկ Գյուղնախարարության ներկայացուցիչներն են ընդունում, որ այս թիվն իրականությունից բավական հեռու է: Նրանց կարծիքով` «կայուն» և պոլիէթիլենային թաղանթով փակված ջերմոցները մոտ 500 հա տարածք ունեն:
Ձմռան ընթացքում ջերմոցային տնտեսությունների համար տհաճ անակնկալ էր գազի գնի թանկացումը: Տնտեսվարողները Գյուղնախարարությանը խնդրել էին միջնորդել, որ «Գազպրոպ Արմենիա» ընկերությունը հնարավորություն տա հունվար-փետրվար ամիսներին օգտագործած գազի դիմաց վճարումներն իրականացնել մաս-մաս` պարտքը լրիվ փակել մայիս ամսին:
Երեկ ՀՀ փոխգյուղնախարարը հայտարարեց, որ ռուսաստանյան այս կազմակերպությունը մերժել է իրենց խնդրանքը: Հետևաբար` մեր Գյուղնախարարությունը չգիտի, թե ինչ ազդեցություն ունեցավ գազի թանկացումը:
Մենք, հավանաբար, հաջորդ տարի նոր ստույգ տվյալներ կունենանք, թե գազի սակագնի աճը քանի ջերմոցային տնտեսություն սնանկացրեց: Սա էլ «սպասում» կոչվող իրավիճակի յուրօրինակ դրսևորումներից մեկը կլինի: Հատկապես, որ մեր խորհրդարանում հատուկ հանձնաժողով են ձևավորել` պարզելու, թե ինչպես գազի սակագնի սպասումը 300 մլն դոլարով մեծացրեց երկրի արտաքին պարտքը:
Ռուսական այս անհանդուրժողական «պարզամիտ» տնտեսական քաղաքականությունը բարդագույն իրավիճակ ձևավորեց Ուկրաինայում: Բայց պարզվեց, որ այդ երկրի շուրջ ձևավորված իրավիճակը համաշխարհային քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ: Ճգնաժամ, որի լուծման սպասումը մեր համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով ամենահետաքրքիրն է: Ա՛յ այսպես, համաշխարհային տնտեսությունից լիովին կտրված մեր տնտեսության համար կարևորվում են համաշխարհային գործընթացները: