Ներկայացվել են համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները

Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին   համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները:

Բացելով հանդիպումը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ  տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգը բավականին լուրջ բարեփոխումների նախաշեմին է: «Համայնքների խոշորացման  հարցը տարբեր ձեւաչափերով քննարկվել է, մշակվել ու հաստատվել են հայեցակարգերը, եւ արդեն ժամանակն է, որպեսզի քննարկումներից ու հայեցակարգերից անցում կատարվի  գործնական քայլերի»,-նշեց փոխվարչապետը:

Ակնկալվում է, որ խոշորացման բարեփոխումներով  համակարգի  զարգացման համար  նոր նախադրյալներ ու պայմաններ են ստեղծվելու:  Բարեփոխումների իրականացումը, ըստ կատարված վերլուծությունների,  մի  շարք  կարեւոր արդյունքներ կարձանագրի, այդ թվում`  համայնքների տնտեսական արդյունավետության,  ՏԻՄ-երի նկատմամբ քաղաքական դաշտի  հետաքրքրության բարձրացում, ապակենտրոնացման քաղաքականության լիարժեք իրականացման հնարավորության ստեղծում:

Փոխվարչապետը նախաձեռնված հանդիպումները կարեւոր համարեց ընտրված մոդելները  բազմակողմանի, բոլոր ուղղություններով քննարկելու տեսանկյունից: Նա տեղեկացրեց, որ տեղերում նույնպես  վերջին շրջանում ինչպես Տարածքային կառավարման նախարարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվում: «Սա այն խնդիրն է, որն, իրոք, պետք է քննարկվի, որի մասին պետք է խոսվի,  պետք է ասվի եւ դրականը, եւ բացասականը: Այդ քննարկումների, հանդիպումների արդյունքում է ծնվելու այն  արդյունավետ լուծումը, որով մենք պետք է առաջնորդվենք»,-ընդգծեց փոխվարչապետը:

Այնուհետեւ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը  ներկայացրեցին  խոշորացման  երկու` փնջային եւ շրջանային  մոդելների հիմնական մոտեցումները, այն նպատակները,  որոնց  ակնկալվում է  հասնել, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները:

Ա. Գեւորգյանն ու Վ.Տերտերյանը  պատասխանեցին  նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նույն ձեւաչափով հանդիպումները կշարունակվեն`  արդեն կոնկրետ  թեմաներ քննարկելու համար: Քննարկումների արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները  հաշվի կառնվեն բարեփոխումների իրականացումն ապահովող օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս