«Համախմբվել ո՞ւմ շուրջ՝ Ծառուկյանը ոչ ժողովրդավարության ջատագով է, ոչ մտքի տիտան, ոչ էլ հայրենասեր». 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀՇ վարչության անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ

– Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում Հայաստանի ընդդիմադիր ուժերի արձագանքը և սեպտեմբերի 3-ից մինչ այսօր արված գործողությունները Մաքսային միությանն անդամակցելը խափանելու  իմաստով: Ի՞նչ  կարելի է  վերջնականապես եզրակացնել՝ որ ունենք պրոռուսական ընդդիմությո՞ւն , որը միանգամայն համակարծիք է ՄՄ-ին անդամագրվելու՝ Սերժ Սարգսյանի որոշման հետ:

– Ես չեմ ուզում բոլորին նույն արշինով չափել: Տարբեր վերաբերմունք է եղել, տարբեր հայտարարություններ: Գործող կուսակցություններն էլ, ի դեպ, տարբեր ուժ և հնարավորություններ ունեն, ուստի նաև՝ տարբեր պատասխանատվություն: Փաստն այն է, որ կուսակցություններից ոչ մեկը չնախաձեռնեց, չկազմակերպեց ու հետևողականորեն չտարավ արդյունավետ հակակայսերական պայքար: Իսկ պրոռուսական ընդդիմություն կամ, ավելի շուտ, հինգերորդ շարասյուն, իհարկե, կա Հայաստանում, բայց այլ հասցեում է: ՀԱԿԿ-ն, ըստ իս, պրոռուսական չէ, ուղղակի ցինիկության աստիճանի պրակտիկ է:

– Պարոն  Ռուբինյան, Հայաստանում ոչ իշխանական  ուժերի համախմբմանն ինչպե՞ս եք վերաբերվում, նման առաջարկ ԲՀԿ առաջնորդ  Գ. Ծառուկյանը հնչեցրեց կուսակցության համագումարում, այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ տարեկան ուղերձում, օրեր առաջ էլ առաջին նախագահը մարտիմեկյան հանրահավաքի ընթացքում: Արդյոք  ՀՀՇ-ն կընդունի՞ այդ կոչերից որևէ մեկը:

Կարդացեք նաև

– Համախմբումը լավ բան է, բայց երբ լսեցի, որ  համախմբվում են, որպեսզի ընդամենը վարչապետի հրաժարական պահանջեն, որից հետո կմտածեն… վարչապետի հրաժարականը, ռեժիմի պահպանման ֆոնին, ոչինչ է, հիմա ենթադրենք՝ Քաչալ Հասանին փոխարինի Հասան Քաչալը, դրանից ի՞նչ կփոխվի: Եթե  խոսքը Ծառուկյանին խորամանկորեն ինչ-որ գործընթացի մեջ ներքաշելու մասին է՝ հույսով, որ հետո՝ ուտելիս ախորժակը կբացվի, ապա  իմ կարծիքն այն է, որ դրանք սին հույսեր են: Եթե նույնիսկ այդ հույսերը սին չեն, և այդ սցենարն իսկապես իրատեսական է, և բուրժուա-դեմոկրատական հեղափոխության արդյունքում Գագիկ Ծառուկյանը գալիս է իշխանության, ինձ ամենևին չի հրապուրում նման հեռանկարը:

Գագիկ Ծառուկյանը ոչ  ժողովրդավարության ջատագով է, ոչ  մտքի տիտան, ոչ էլ, մեծ հաշվով, հայրենասեր, որովհետև ինչքան գիտեմ՝ երբեք չի վարանել պետական շահը սեփական շահին ստորադասելիս: Եվ ուրեմն՝ համախմբվելուն միանշանակ կողմ եմ, բայց հանուն երկրում հաստատված ապօրինի ու ստոր ռեժիմը վերացնելու ու ժողովրդավարական խորը բարեփոխումների: Իսկ այն հեռանկարը, որը տարբեր սոուսների տակ մեզ մատուցվում է՝ ինձ ամենևին չի հրապուրում,  եթե չասեմ ավելին՝ վախեցնում է:

– Փաստորեն վերջին հանրահավաքին հետևելիս  Դուք է՞լ եք ստացել այն տպավորությունը, որ արվում է ամեն ինչ Գ. Ծառուկյանի միջոցով ընդդիմադիր  դաշտի ֆոն ստեղծելու և  հենց նրա միջոցով փոփոխություններ իրականացնելու համար:

– Կա, ըստ իս, վաղուց տապալված քաղաքագիտական մի վերլուծություն, և հիմա մենք ականատեսն ենք այդ ծիրից համառորեն դուրս չգալու փորձին: Ի սկզբանե համոզված էի, որ իրական պայքարից հետ կանգնելու ձև էր ընտրված ուղին: Որքան էլ խոսեն խորհրդարանի ինչ-որ ձեռքբերումներից, արդյունքը չի երևում: Հիշում եք, որ այդ նույն խորհրդարան մտնողները ժամանակին ասում եին՝ գիտեք ինչ կա, մենք գնում ենք խորհրդարան, որ պայքարի երկրորդ ճակատ ստեղծենք՝ փողոցին կմիանա նաև խորհրդարանական պայքարը, բայց իրականում եղավ այն, ինչը սպասելի էր և կանխատեսելի՝ փողոցի պայքարը մի կողմ դրվեց ու փոխարինվեց խորհրդարանական անպտուղ պայքարով:

– Ժամանակին նաև ընդդիմադիր որոշ ուժերի փողոցային պայքարի շրջանակներում  մշտապես տրվում էր Ռ. Քոչարյանի անունը՝  որպես մարտիմեկյան ոճրագործությունների պատասխանատուի: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ դա էլ վերացավ:

– Եթե  նկատի ունեք, որ  վերջին հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանի անունը չի տրվել, ապա որքան ես հասկանում եմ՝ ընդամենը մեկ կուսակցության հանրահավաք է եղել, և այդ կուսակցությունը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով (ըստ էության բոլորն էլ հասկանում են՝ ինչ նկատառումներից ելնելով), որոշել է  Քոչարյանի  անունը հանել ցուցակից. դա իրենց գործն է, բայց թե որքան է դա բարոյական՝ դա էլ թող հասարակությունը գնահատի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Civilnet.am-ի

Տեսանյութեր

Լրահոս