Հայտնի է Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստի օրը
Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործի քննությունը տեղի կունենա Աբովյանի նստավայրում, այն կքննի դատավոր Վաղինակ Մկրտչյանը: Մեղադրանքը դատարանում կպաշտպանի Արթուր Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ մեղադրական եզրակացության՝ Վ. Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևանի ուղղությամբ։ Վ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Բախման հետևանքով «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ և էդգար Հայկի Հակոբյաններին անզգուշությամբ պատճառվել է մահ, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, Հայկ, էմմա Հակոբյանների, ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Նրան մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար, որն ազգուշությամբ առաջացրել երկու կամ ավելի մարդու մահ (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս):